Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ Փաշինյանի սանձազերծած խայտառակ արշավանքի առիթով ընթերցողին ենք ներկայացնում, թե Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք և հետագայում ինչպիսի ջերմ և հարգալից հարաբերություններ են գոյություն ունեցել Հայ Առաքելական, Կաթողիկե և Բողոքական եկեղեցիների ու Տեր-Պետրոսյանի միջև: Ստորև հրապարակում ենք այդ եկեղեցիների առաջնորդների և հեղինակավոր սպասավորների գնահատականները Տեր-Պետրոսյանի վերաբերյալ:
iLur
ՎԱԶԳԵՆ Ա
Ամենայն Հայոց Կաթողիկոս
Մեծահարգ Տիար Լեւոն Տեր-Պետրոսյանին, Նախագահ Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդի.— Հանուն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու եւ հայ հավատացյալ ժողովրդի որ ի Հայաստան եւ ի սփյուռս աշխարհի, ի սրտե ողջունում ենք Ձեր ընտրությունը մեր հայրենի պետության բարձրագույն պաշտոնին ժողովրդի ազատ կամքով։
Շնորհավորում ենք Ձեր քաղաքացիական քաջությունը նման պատասխանատվություն ստանձնելու մեր ազգի բազմադարյան պատմության բախտորոշ ու տագնապալի այս պահին։
Մաղթում ենք Ձեզ պայծառ, իմաստուն, գործարար անսպառ եռանդ եւ հայրենանվեր ներշնչանքներ՝ համրապնդումն մեր մայր երկրի քաղաքական անվտանգության, տնտեսական վերաշինության, ազգային մշակույթի նոր ծաղկման եւ ընկերային բարոյական բարեշրջման։
Սուրբ Էջմիածնից հղում ենք Մեր աղոթքը եւ մեր օրհնությունը վերածնվող մեր հայրենի հարազատ պետության, անձամբ Ձեզ հարգարժան Տիար նախագահ եւ Ձեր բոլոր ազնիվ գործակիցներին։
Ողջ լերուք զորացյալ սուրբ Հոգվով, զի Աստված ընդ մեզ է, ամեն. Վազգեն Ա, Կաթողիկոս Ամենայն Հայոց, 6 Օգոստոս 1990թ.։
__________________________
«Հայք» օրաթերթ, 09.08.1990թ.։
* * *
Մեծայարգ Տիար Լեւոն Տէր-Պետրոսեան Նախագահ Հայաստանի Հանրապետութեան, Երեւան.— Աստուծոյ ողորմութեամբ մեր մայր երկրի անկախութեան ամրապնդման ճանապարհին, ահա մի նոր ամրոց եւս կոթողուեց, ընտրութեամբը ինքնիշխան մեր հայրենիքի առաջին նախագահի, համայն մեր ժողովրդի ազատ կամքով։
Յանուն Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու եւ հաւատացեալ ժողովրդի, Սուրբ Էջմիածնից շնորհաւորանք եւ օրհնութիւն Ձեզ՝ արժանընտիր նախագահ մեր հարազատ Հանրապետութեան, եւ մշտանորոգ անսպառ եռանդ ու լաւատեսութիւն, որպէսզի Ձեր ազգանուէր գործակիցների հետ ձեռք ձեռքի տուած՝ շարունակէք անվարան յառաջ ընթանալ անկախութեան ճամբով, ապահովելով հայոց հայրենիքի քաղաքական անվտանգութիւնը եւ մշակութային ու տնտեսական զարգացումը, իմաստութեամբ ու արդար կորովով յաղթահարելով ամէն դժուարութիւն, ամէն փորձութիւն։
«Եւ արդ՝ մի մերժէք ի ձէնջ զհամարձակութիւնն ձեր, յորում կայ մեծաց վարձուց հատուցումն։ Պիտոյ է ձեզ համբերութիւն, զի զկամս Աստուծոյ արարեալ, հասջիք աւետեացն» (Եբր. Ժ 35—36), ամէն. Վազգեն Ա, Կաթողիկոս Ամենայն Հայոց։
__________________________
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 22.10.1991թ.։
* * *
Խօսք Հայաստանի նորընտիր նախագահին.— Մեծայարգ Տիար Նախագահ, գոհութիւն Աստուծոյ ամենակալին որ Մեզ պարգեւում է այս աննման պահը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնից բերելու Մեր յարգալիր ողջոյնը Ձերդ Գերազանցութեան, առաջին ազգընտիր նախագահիդ, Հայաստանի ինքնիշխան անկախ Հանրապետութեան։
Բազում դարերի մեր ազատատենչ նախնեաց երազանքն է որ ահա պայծառ իրականութիւն է դառնում։
Մեր հայրենի քաջարի ժողովրդի, մեր հանրապետութեան խորհրդարանի ու կառավարութեան որդեգրած անկախութեան գործընթացը, իր լրումին է հասնում այսօր, Ձեր հանդիսաւոր երդման արարողութեամբ։
Բոլոր հայերը, ի Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի հոգեւին այստեղ են գտնւում մեր կողքին եւ տօնախմբում են այս պատմական պահը։ Վկայ է նաեւ սուրբ-գրական երկնամերձ մեր Արարատը։
Յարգարժան Տիար Նախագահ, ճշմարիտ է որ մենք բոլորս ցնծութեամբ տօնախմբում ենք Ձերդ Գերազանցութեան գահակալումը, սակայն միաժամանակ գիտենք որ երդման այս արարողութիւնը հանդիսանում է նաեւ զոհաբերումի մի արարողութիւն։ Զի գիտակցում ենք թէ այս ժամից սկսեալ, ինչպիսի ծանրածանր պատասխանատուութիւն էք ստանձնում, բոլորիս ծանօթ եւ բոլորս մտահոգող, մերօրեայ տագնապալի պայմաններում։ Այո՛, մենք Ձեզ զոհաբերում ենք Հայրենիքի պատարագի սեղանի առաջ։
Մենք տարակոյս չունենք, որ Դուք աւելի ստուգութեամբ քան մենք, Ձեր հոգու աչքերով տեսնում եւ ապրում էք Գողգոթայի Ձեր ճանապարհը, պատրաստ դիմագրաւելու ամէն վտանգ, ամէն տառապանք, սրբազան մի պարտականութիւն կատարելու ազնիւ տեսիլքով։
Մենք քրիստոնեայ ենք եւ հաւատում ենք որ զոհաբերումով միայն կարելի է հասնել յաղթութեան։
Յանուն Հայաստանեայց Սուրբ Եկեղեցու աղօթում ենք որ Ձեր առաքելութեան ճանապարհը պսակուի յաղթութեամբ։
Ձեզ՝ Մեր յարգանքը, Մեր զօրակցումը, Մեր օրհնութիւնը։ «Գիշերն մերժեցաւ եւ տիւն մերձեցաւ. ի բաց արասցուք այսուհետեւ զգործսն խաւարի, եւ զգեցցուք զզէնն լուսոյ»։ (Հռոմ. ԺԳ. 12) Ամէն։ Վազգէն Ա, Կաթողիկոս Ամենայն Հայոց։ Ս. Էջմիածին, 11 Նոյեմբեր 1991թ.։
__________________________
ՀՀԱՆԱ, թղթ. 03/11.11.1991; «Էջմիածին» ամսագիր, ԺԱ–ԺԲ, 11.11.1991թ.։
* * *
Խօսք օրհնութեան.— Մեզ համար հոգեկան գոհունակութիւն է, սիրով ողջունել հրատարակումը սոյն հատորին, նուիրուած գիտնական եւ հասարակական գործիչ Լեւոն Տէր-Պետրոսեանի կեանքին ու գործին: Անձամբ ջերմ գնահատանքով ծանօթացել ենք նրան տարիներ առաջ, իբրեւ հմուտ գիտնականի Մատենադարանի եւ իբրեւ բարեխիղճ դասախօսի հայ միջնադարեան մատենագրութեան՝ մեր Հոգեւոր Ճեմարանի, որ նաեւ յոյժ օգտակար եղաւ Մայր Աթոռիս, իր գործակցութիւնը բերելով որպէս Սուրբ Գրքի թարգմանիչ, յատկապէս Սաղմոսաց Գրքի: Տիար Լեւոն Տէր-Պետրոսեանի գիտական եւ մանկավարժական գործունէութեան ընթացքին Մեզ տպաւորած են՝ նրա մտածումի յստակութիւնը, գիտական բազմակողմանի պաշարն ու վերլուծելու ճշգրտութիւնը, միշտ համոզիչ եւ տպաւորիչ: Այսպէս է որ նա, գուցէ անսպասելի կերպով, մուտք գործեց հայրենի հանրային քաղաքական կեանքից ներս երեք-չորս տարիներ առաջ, մեր ազգային զարթօնքի փոթորկալի բախտորոշ օրերին ու հասաւ մեր ողջ ժողովրդի վստահութեան բարձունքին, ընտրուելով առաջին նախագահը մեր օրերի անկախ Հայաստանի: Մեր վերածնած Մայր երկրի ազգընտիր նախագահի մէջ Մենք տեսնում ենք նոյն գիտնականի մտածումի պայծառութիւնը եւ ժողովրդին ծառայելու նոյն ինքնավստահ եռանդն ու նուիրումը: Մեր մաղթանքն է որ երկնաւոր «Բարեաց Պարգեւատուն» միշտ մնայ նրան պահապան ու մարտակից, մինչեւ յաղթական իրականացումը մեր ազատատենչ ազգի արդար իղձերի: Հայրապետական օրհնութեամբ՝ Վազգէն Ա, Կաթողիկոս Ամենայն Հայոց:
__________________________
ՀՀԱՆԱ, թղթ. 13/30.04.1992: Վեհափառի նկատի ունեցած հրապարակման նախաձեռնությունը, որի հեղինակներն էին Մատենադարանի գիտնական քարտուղար Արմեն Տեր-Ստեփանյանը եւ ֆրանսահայ հանրաճանաչ լրագրող Ժան Քեհիայանը, ինչ-ինչ պատճառներով չի իրականացել:
* * *
ԳԱՐԵԳԻՆ Ա
Ամենայն Հայոց Կաթողիկոս
Պարոն Հրայր Հովնանյանին, Ամերիկայի Հայկական համագումար, Վաշինգտոն.— Ես հրճված եմ՝ Ձեզանից տեղեկանալով, որ Ամերիկայի Հայկական համագումարը պատրաստվում է մեծարելու Հայաստանի Հանրապետության Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ Նյու-Յորք եւ Վաշինգտոն կատարելիք նրա այցելության ընթացքում: Մեծապես գնահատում եմ Ձեր ազնիվ քայլը՝ պատվի արժանացնելու մի անձնավորության, որն իր կյանքը նվիրել է Հայաստանի նորանկախ պետության շինության, ապահովության, բարօրության ու զարգացման գործին: Ես քաջ գիտակցում եմ, թե ինչպիսի դժվարին պարտականություն է դրված մեր Նախագահի վրա մեր պատմության մի այնպիսի վճռորոշ ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը բազում զրկանքներ ու զանազան անտանելի դժվարություններ է դիմագրավում: Սա մեր երկրի, մեր ազգի, մեր Եկեղեցու հանդեպ մեր սիրո քննության ժամն է: Հիրավի մի մարտահրավեր, որի դիմակայումը մեծագույն պատասխանատվություն եւ պարտքի զգացում է պահանջում: Մեր Նախագահն, ահա, քաջությամբ, ոգու տոկունությամբ եւ անսահման նվիրումով օժտված այդ մարդն է: Ես բարձր եմ գնահատում նաեւ այն սրտագին աջակցությունը, որն Ամերիկայի Հայկական համագումարն, այդքան մեծահոգաբար ու անմնացորդ կերպով, առաջին իսկ օրվանից ցուցաբերեց Հայաստանի նորանկախ պետության եւ նրա Նախագահի հանդեպ: Մեր հայրենիքը, նրա անկախ պետականությունը, նրա Նախագահը տարբեր համոզմունքների տեր բոլոր հայերի նվիրական ջանքերով գոտեպնդվելու կարիքն ունեն: Դարերի մեր երազանքը կյանքի է կոչվել: Եկե՛ք, այդ կյանքը դարձնենք մերը: Եկե՛ք, մեր կյանքերը՝ որպես անձինք կամ կազմակերպություններ, դարձնենք մեր ազգի կյանքը՝ որպես այդ ազգի որդիներ ու դուստրեր: Ես ջերմ շնորհակալություն եմ հայտնում նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը, որը Հայաստանի մեր անկախ պետության մեծագույն եւ մերձավոր բարեկամներից մեկն է: Մեր ամերիկացի եղբայրներն ու քույրերն, իրավամբ, արժանի են շնորհավորանքի եւ գովության՝ մեր երկրի դրության սրտացավ ընկալման եւ նրա ապահովության ու զարգացման գործում ներդրած շռայլ նպաստի համար: ԱՄՆ-ի համերաշխությունը Հայաստանի հանդեպ՝ պատմությունը կարձանագրի որպես նրա տարեգրության ոսկե էջերից մեկը: Այստեղ՝ Էջմիածնում, մեր Եկեղեցու Մայր աթոռում, մեր Սրբություն Սրբոցում, ես աղոթում եմ Աստծուն՝ զորացնելու մեր սիրելի Նախագահին եւ նրա բոլոր գործընկերներին ու օգնականներին: Թող Ամերիկայի Հայկական համագումարը զորանա ու բազմապատկի իր ծառայությունը մեր Հայաստան երկրին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին: Հայրական սիրով, օրհնությամբ եւ աղոթքներով՝ Գարեգին Ա, Կաթողիկոս Ամենայն Հայոց:
__________________________
Տպագրվել է Տեր-Պետրոսյանի մեծարման երեկոյի առթիվ Ամերիկայի Հայկական համագումարի հրապարակած ազդագիր-գրքույկում. «A Tribute to Honor Levon Ter-Petrossian, President of the Republic of Armenia», Washington, 1995.
* * *
Խօսք Հայաստանի Հանրապետութեան Նորընտիր Նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի Երդման Արարողութեան Առթիւ.— Փառք եւ գոհութիւն կ՚ընծայեմ առ Աստուած, առ Հայրն մեր Երկնաւոր, որ շնորհ ըրաւ իմ անձիս ձեզ հետ միասին ապրելու այս պատմաշէն պահը եւ մատուցելու Աստուծոյ օրհնութիւնը մեր ազգի քրիստոնէական ծննդավայր եւ մեր Եկեղեցւոյ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «անլռելի զանգակատուն»-ին ղօղանջներով, երբ այսպէս մեր ազատ ու անկախ Հանրապետութեան վերընտրեալ նախագահը՝ Նորին Վսեմութիւն Լեւոն Տէր-Պետրոսեան, կը կատարէ իր հանդիսաւոր երդումը հաւատարիմ մնալու քրիստոնէական կնիքով դիմագծուած եւ ինքնուրոյնացած մեր Հայրենիքին եւ անոր անկախ Հանրապետութեան ժողովրդահաստատ Սահմանադրութեան։
Այս երկրորդ անգամն է, սիրելի պրն. Նախագահ, որ Դուք կը ներկայանաք ձեր պաշտելի ժողովրդին եւ «յամենայն սրտէ քումմէ, եւ յամենայն անձնէ քումմէ, եւ յամենայն մտաց քոց եւ յամենայն զօրութենէ քումմէ» (ՄԱՐԿ. ԺԲ. 30) կը կատարէք Ձեր երդումը, որուն երջանիկ վկաներն ենք մենք բոլորս այստեղ եւ մեր հայրենիքի չորս ծագերուն։
Երբ առաջին անգամ այս երդումը կատարեցիք, այստեղ էր կանգնած մեր երջանկայիշատակ նախորդը՝ Վազգէն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որ իր օրհնութեան խօսքին մէջ Ձեր ճանապարհը բնորոշեց Գողգոթա բառով։ Պատուով շալկեցիք ազգին խաչը անցնող հինգ տարիներու ընթացքին։ Երբ Մենք ընտրուեցանք Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ ինքնազոհողութեան նոյն զգացումներով Դուք ըսիք. ակնարկելով նաեւ իմ ստանձնած Գողգոթագնաց խաչակրութեան՝ «պիտի մեր գլուխը մատաղ անենք այս ժողովրդին»:
Այո՛, առանց զոհողութեան չկայ մեծ իրագործում։ Սա Քրիստոսաւանդ ամենապարզ եւ միանգամայն ու մարդկայնօրէն ամենադժուար իրագործելի ճշմարտութիւն է։ Այդ կարելի է միայն այն ատեն, երբ զոհողութիւն ստանձնող անձին մէջ կան Աստուծոյ սէրը, որ ժողովուրդի սիրոյն մէջէն կ՚արտայայտուի, Հայրենիքին նախանձախնդրութիւնը եւ յարութեան տեսիլքը, որ ազգին վերակենդանութեան ու յաղթանակին կը հայի արեւածաղիկի նման։
Այս հանդիսաւոր պահուն երբ մեր աղօթքը կը մատուցենք Ձեր առողջութեան, Ձեր հոգեկան զօրացման եւ բարձրագոյն պաշտօնի յաջողութեան համար, կոչ կ՚ընենք ձեր բոլոր գործակիցներուն եւ մեր ամբողջ հայ ժողովուրդին ի Մայր Հայաստան, յԱրցախ եւ ի սփիւռս աշխարհի, զօրավիգ կանգնելու Ձեզ Ձեր ամենադժուարին առաքելութեան յառաջագնաց ճամբուն վրայ։
Պատմութիւնն է, որ մեզ կը դիտէ այս պահուն: Անցնող հինգ տարիները եղան կերպարանափոխութեան տարիներ։ Էինք գերի՝ դարձանք ազատ։ Էինք ենթակայ՝ դարձանք անկախ, տէր ու տիրական։ Էինք կաշկանդեալ՝ դարձանք ինքնիշխան եւ ահա հասանք Աւետեաց Երկրի գոյավիճակին։ Անշուշտ կաթ ու մեղր չէ մեր երկիրը եւ ոչ ալ վարդ ու բուրմունք։ Մեր ժողովուրդը կարիքն ունի իր կեանքի պայմաններուն բարելաւման, իր մարդկային կարիքներուն արժանի գոհացման։ Դուք ձեր հինգ տարիներու փորձառութեան զօրութեամբը գօտեպնդուած՝ յառաջդիմութեան ճանապարհով պիտի առաջնորդէք մեր հայրենիքն ու ժողովուրդը։ Ինչպէս բանաստեղծը ըսեր է՝ «Մենք ենք մեր սարերը», այսօր ես ալ կ՚ըսեմ ձեզի՝ «Մե՛նք ենք մեր հայրենիքը, մե՛նք ենք մեր պետութիւնը, մե՛նք ենք մեր Եկեղեցին»։ Այդ «ՄԵՆՔ»-ը կը նշանակէ՝ միասնութիւն, համայնութիւն, ամբողջականութիւն։ Կը յիշեցնեմ ձեզի մեր պայծառամիտ պատրիարքներէն մէկուն խորիմաստ խօսքը. «Միաբանութեամբ փոքրերը կը մեծնան. անմիաբանութեամբ մեծերը կը փոքրանան» (Յ. Նալեան): Այդ նշանաբանի յարացոյց հրամայականին տակ եւ անոր գաղափարին ու զգացումին կշռոյթովը քալենք գալիք տարիներու ընթացքին, միասնական կեցուածքով, ընդհանրական շահերու հետապնդման իմաստուն եւ քաջարի վճռակամութեամբ եւ համախումբ ու համակարգեալ աշխատանքով։
Եւ ահա ա՛յս զգացումներով եւ մտածումներով այժմ պիտի արտասանեմ օրհնութեան աղօթքը մեր հայրերու ոսկեղենիկ բարբառով, որ այնքան մօտ է մեր Նախագահի սրտին.
«Պահպանիչ եւ յոյս հաւատացելոց, Քրիստոս Աստուած մեր. պահեա, պահպանեա՛ եւ օրհնեա՛ զվերընտրեալ Նախագահն մեր, եւ զհայրենի աշխարհն զՀայաստան, եւ զՀանրապետութիւնն սորա եւ առաջնորդեա զսա «ի վայրի դալարւոջ եւ առ ջուրս հանգստեան» ի խաղաղութեան, յապահովութեան եւ յընթացս բարգաւաճութեան, ի վայելումն համայն ժողովրդեանս մեր հայկազնեան ընդ հովանեաւ սուրբ եւ պատուական խաչիդ քո ի խաղաղութեան։ Փրկեա՛, Տէր, յերեւելի եւ յաներեւոյթ թշնամւոյն. արժանաւորեա գոհութեամբ փառաւորել զՔեզ ընդ Հօր եւ ընդ Սուրբ Հոգւոյդ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն»։ Գարեգին Ա, Կաթողիկոս Ամենայն Հայոց։
__________________________
«Էջմիածին» ամսագիր, Ժ–ԺԱ, 11.11.1996թ.։
* * *
ԳԱՐԵԳԻՆ Բ
Ամենայն Հայոց Կաթողիկոս
Հայաստանի Հանրապետության Նախագահ Պրն. Լեւոն Տեր-Պետրոսյանին.— Ձերդ Գերազանցություն, առանձնակի բերկրանք է մեզ համար Ամանորյա եւ Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Ծննդյան սրբազան օրերի ուրախությունը եզրափակել Ձեր՝ Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահի ծննդյան 50-ամյա հոբելյանի շնորհավորանքով։
Երջանիկ այս առիթով մենք մեր օրհնությունն ու աղոթքն ենք միահյուսում բազմահազար հայորդյաց հոգեբուխ մաղթանքներին, որ այս օրերին վերառաքվում են առ Աստված՝ վասն Ձեր կենաց արեւշատության եւ հայրենաշեն գործոց հաջողության։ Թող Ամենազոր Տերը օգնական եւ մարտակից լինի Ձեզ՝ Կամոքն Աստուծո եւ Ազգի, Ձեր ուսերին ծանրացած դժվարին առաքելության մեջ։
Մենք, սիրելի Նախագահ Հայաստանի Հանրապետության, ի գլուխ Արարատյան Հայրապետական Թեմի հոգեւոր սպասավորների, հավատում ենք, որ Դուք երկնապարգեւ եք՝ Հայոց Մովսես, հավատում ենք, որ Ձեր արիությունը պիտի պսակվի փառքի դափնիով, Ձեր տառապանքը՝ օրհնությամբ, իսկ հանապազօր ողջակիզվող նվիրումը՝ հայոց սիրո լուսեպսակով։
«Զբարձրեալն արարեր քեզ ապաւէն, զի ոչ հասցեն առ քեզ չարք, եւ տանջանք մի մերձեսցին ի յարկս քո»։ Խորին հարգանոք եւ օրհնությամբ՝ Գարեգին Արքեպիսկոպոս Ներսիսյան, Առաջնորդական Փոխանորդ Արարատյան Հայրապետական Թեմի, 8 հունվարի 1995թ.։
__________________________
ՀՀԱՆԱ, թղթ. 03/08.01.1995։
* * *
ԱՐԱՄ Ա
Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ
Նորին Վսեմութիւն Պրն. Լեւոն Տէր-Պետրոսեան՝ Նախագահ Հայաստանի Հանրապետութեան, Երեւան.— Մեծարգո՛յ Պրն. Նախագահ, Մեր այս առաջին նամակով որպէս Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կ՚ողջունենք Ձեզ ջերմ սիրով ու Ձեզի կը մաղթենք ամբողջական յաջողութիւն հայրենաշինութեան Ձեր այնքան դժուար սակայն նուիրական առաքելութեան մէջ։
Մեր Կաթողիկոս ընտրուելէն անմիջապէս յետոյ, Լիբանանի մօտ Հայաստանի Հաւատարմատարը՝ Պրն. Երուանդ Մելքոնեան եկաւ Մեր մօտ եւ պաշտօնապէս ու հրապարակային ելոյթով Մեզի փոխանցեց Ձեր սրտալից շնորհաւորութիւնն ու բարեմաղթութիւնները: Մե՛ծապէս շնորհակալ ենք Ձեր ազնիւ զգացումներուն ու մաղթանքներուն համար։
Սիրելի՛ Պրն. Նախագահ,
Ի՛նչ հանգամանքի ու պատասխանատուութեան տէր ըլլանք, բոլո՛րս ալ, մէ՛կ ճամբայ ու մէ՛կ նպատակ ունինք՝ ծառայե՛լ մեր սիրելի եկեղեցւոյ, ազգին ու հայրենիքին։ Այս երեք սրբութիւնները անցնող քսանեօթ տարիներու Մեր եկեղեցական կեանքին ու ծառայութեան առանցքը կազմած են ու պիտի շարունակեն այդպէս մնալ։
Մեր ընտրութենէն յետոյ, ապա օծման արարողութեան եւ յաջորդող հանդիսութեանց ընթացքին, Մենք յատուկ շեշտով վերահաստատեցինք մէ՛կ եկեղեցւոյ, մէ՛կ ազգին ու մէ՛կ հայրենիքին ծառայելու Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան յանձնառութիւնը։
Արդարեւ, խո՛րապէս կը հաւատանք, որ Կաթողիկոսական երկու Աթոռներու միջեւ անվերապահ ու ամբողջական գործակցութիւնը այլեւս հրամայական ու կենսական պահանջ է։ Հայաստանեայց եկեղեցին կը դառնայ աւելի՛ կենսունակ, զօրեղ ու միակամ, երբ երկու Աթոռները միա՛սնաբար գործեն նո՛յն առաքելութեան ճամբուն վրայ։ Այս ուղղութեամբ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին հետ, հոս Անթիլիասի մէջ, ունեցանք սրտբաց խորհրդակցութիւն։ Երկուքս ալ նո՛յն մօտեցումը եւ յանձնառութիւնը ունինք։ Անհրաժեշտ է սակայն, որ գործակցութիւնը չմնայ սոսկ բաղձանք, այլ իր գործնական արտայայտութիւնը գտնէ մեր եկեղեցւոյ ու ժողովուրդի կեանքի զանազան բնագաւառներէն ներս։
Մեր սիրելի հայրենիքին պետութեան հետ մեր Աթոռին յարաբերութիւնը պիտի ըլլայ անմիջական, անկեղծ ու սիրալիր՝ փոխադարձ յարգանքի վրայ հիմնուած։ Հայաստանի անկախ պետականութեան կառոյցներու ամրացումը եւ հայրենիքի վերաշինութիւնը ու հզօրացումը Մեծի Տանն Կիլիկիոյ Աթոռին առաքելութեան համար հիմնական առաջնահերթութիւններ են եւ պիտի շարունակեն այդպէ՛ս մնալ։
Իսկ Արցախի մեր քաջարի ժողովուրդին ինքնորոշման արդար պայքարին Մեր զօրակցութիւնը, դարձեա՛լ, իւրայատուկ տեղ պիտի գրաւէ մեր Աթոռին համազգային ծառայութեան մէջ։
Մեր ժողովուրդի պատմութեան այս վճռական հանգրուանին, պէ՛տք է հայրենիք ու Սփիւռք, Ս. Էջմիածին ու Անթիլիաս դառնան ու գործեն որպէս մէ՛կ ամբողջութիւն։ Միասնականութիւնը աղբիւր է զօրութեան։ Մենք վստահ ենք, որ հայրենի մեր ներկայ իշխանութիւնը Ձեր իմաստուն ղեկավարութեամբ, փոխադարձ հասկացողութեան ու հանդուրժողութեան ոգիով իր շուրջ պիտի համախմբէ մեր ժողովուրդին բոլո՛ր զաւակները ու մեր հայրենիքը պիտի առաջնորդէ դէպի առաւե՛լ հզօրացում ու բարգաւաճում։ Թող Աստուած միշտ հզօր ու անսասան պահէ մեր հայրենիքը։ Սիրոյ ջերմ ողջունիւ, աղօթարար՝ Արամ Ա, Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ։
__________________________
ՀՀԱՆԱ, թղթ. 03/24.07.1995։
* * *
Մեծայարգ Տիար Լեւոն Տէր-Պետրոսեան, Երեւան.— Սիրելի՛ պրն. Տէր-Պետրոսեան, Ուրախութեամբ ու շնորհակալութեամբ ստացայ Մաշտոցեան Մատենադարանի փոխտնօրէն պրն. Արշակ Բանուչեանի ձեռամբ Ձեր վերջին հատորը՝ «Խաչակիրները եւ հայերը»: Կ՚ուզեմ իմ յատուկ գնահատանքս յայտնել այս աշխատասիրութեան համար: Ինչպէս գիտէք, Կիլիկեան շրջանը հայոց պատմութեան լուրջ ուսումնասիրութեան առարկայ չէ եղած Հայաստանի բանասէրներուն կողմէ: Վստահ եմ, որ այս ծիրէն ներս կարեւոր նպաստ մը պիտի բերէ Ձեր այս գործը: Ինծի համար ծանօթ շրջան մըն է խաչակիրներու շրջանը, որովհետեւ համալսարանի մագիստրոսի իմ թէզս 1972-ին, անգլերէն լեզուով, եղած է Ներսէս Շնորհալիի յարաբերութիւնները Բիւզանդիոնի կայսրին ու պատրիարքին հետ: Անգլերէնի թարգմանած եմ նաեւ յիշեալ յարաբերութեան առընչուած բոլոր թղթակցութիւնները: Հետեւաբար, Ձեր գրքին մէջ օգտագործուած գրեթէ բոլոր աղբիւրները ծանօթ են ինծի: Ահա թէ ինչու յատուկ հետաքրքրութեամբ թերթատեցի զայն: Այս շարքին շարունակումը կը նկատեմ մեծապէս անհրաժեշտ: Հետեւաբար, ամբողջական յաջողութիւն կը մաղթեմ Ձեզի այս յոյժ կարեւոր աշխատանքին մէջ: Նոր Տարուան եւ Աստուածայայտնութեան խորհուրդով լեցուն այս օրերուն Ձեզի եւ Ձեր ընտանիքին կը մաղթեմ առողջութեամբ ու երջանկութեամբ լեցուն երկար տարիներ: Սիրոյ ջերմ ողջունիւ, Աղօթարար՝ Արամ Ա, Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ. թիւ 1/06, Անթիլիաս, 3 Յունուար, 2006թ.:
____________________________
ՀՀԱՆԱ, թղթ. 03/03.01.2006:
* * *
ԹՈՐԳՈՄ ՊԱՏՐԻԱՐՔ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Երուսաղեմի Հայոց պատրիարք, Կաթողիկոսական տեղապահ
Մեծահարգ Տիար Լեւոն Տեր Պետրոսյան Նախագահ Հայաստանի Հանրապետության, Երեւան.— Վսեմաշուք Նախագահ, հանուն Հայ Առաքելական Եկեղեցու Հոգեւոր իշխանության, Գերագույն Հոգեւոր խորհրդի անդամների եւ սպասավորների, Հայոց Հոգեւոր Կենտրոն Սուրբ Էջմիածնից առաքում ենք Ձեզ Մեր շնորհավորանքը եւ օրհնությունը Ձեր բարեբաստիկ ծննդյան հիսունամյակի առթիվ։
Մաղթում ենք Ձեզ աննկուն կամք եւ իմաստություն՝ շարունակելու առաջնորդել մեր պետությունն ու ժողովուրդը դեպի ապահովություն, մշակութային ու տնտեսական զարգացում։
Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված որ Ձեզ պարգեւի բազում տարիներ՝ քաջառողջությամբ եւ ընտանեկան երջանկությամբ. Թորգոմ Պատրիարք Մանուկյան Կաթողիկոսական տեղապահ, 9 հունվարի 1995թ.։
__________________________
ՀՀԱՆԱ, թղթ. 03/09.01.1995։
* * *
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԵՏՐՈՍ ԺԸ
Կաթողիկոս-Պատրիարք կաթողիկե Հայոց
Առ վսեմաշուք Տիար Լեւոն Տէր-Պետրոսեան, վերընտրեալ Նախագահ Հայաստանի Հանրապետութեան, Երեւան.— Զմմառու Տիրամօր պատմական Վանքէն, ուր համախմբուած ենք տարեկան Սիւնհոդոսի առիթով, մեր շուրջն ունենալով Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Արքեպիսկոպոս, Եպիսկոպոս, Վարդապետ բազում Հայրեր, կու գանք միասնաբար ջերմօրէն շնորհաւորել Ձեր բարեբաստիկ վերընտրութիւնը Հայաստանի Հանրապետութեան նախագահի բարձր ու պատասխանատու պաշտօնին։
Կը հայցենք Ամենակալէն Ձեզի համար առողջութիւն, արեւշատ տարիներ եւ բիւր բարիքներ, որպէսզի խաղաղութեամբ եւ իմաստութեամբ առաջնորդէք մեր ազատ անկախ Հայրենիքը՝ դէպի նոր բարձունքներ, միասնութեան, բարօրութեան եւ շինարար ձեռնարկներու նուաճումներով, Հայաստանի Քրիստոնէացման 1700-ամեակի մօտալուտ տօնախմբութիւններու լուսաշող ծիածանին ներքեւ։ Խորին մեծարանքով՝ Յովհաննէս Պետրոս ԺԸ, Կաթողիկոս-Պատրիարք կաթողիկէ Հայոց, Զմմառ, 1 հոկտեմբեր 1996թ.։
__________________________
ՀԱԱ, ֆոնդ 1800, ցուցակ 1, գործ 63/01.10.1996։ Պատճենը՝ ՀՀԱՆԱ, թղթ. 03/01.10.1996։
* * *
ՄՈՎՍԵՍ Պ. ՃԱՆՊԱԶՅԱՆ
Հայ Աւետարանական Համաշխարհային Խորհրդի Նախագահ
Մարտ 2, 1998թ., Նորին Վսեմութիւն Տիար Լեւոն Տէր-Պետրոսեան, Նախագահ Հայաստանի Հանրապետութեան, Երեւան, Հայաստան.— Սիրելի Պարոն Նախագահ, անխառն սիրով կը գրեմ այս տողերը ջերմօրէն ողջունելու ձեզ եւ սրտանց մաղթելու ձեզի առողջութիւն, արեւշատութիւն ու Աստուածատուր ամէն օրհնութիւններ։
Որպէս ձեզի հանդէպ խոր սէր եւ մեծ հիացում ունեցող մէկը, իսկապէս ցաւեցայ ձեր իսկ հիմնած հանրապետութեան անդրանիկ նախագահի պաշտօնէն ձեր հրաժարելուն առիթով։ Այսուհանդերձ, գիտեմ թէ ձեր հրաժարականը ներկայացուցիք հայրենիքն ու ազգը ձեր անձէն վեր գերադասելով։ Ձեր հրաժարականով նաեւ հաստատեցիք թէ՛ ձեր գլխաւորութեամբ հիմնուած մեր Հայրենի պետականութիւնը արդէն իսկ ժողովրդավարական ամուր դրութեան մը վրայ յենած է։ Արդարեւ, ձեր հրաժարականն իսկ սքանչելի վկայութիւն մըն է ձեր իմաստուն առաջնորդութեան, որու շնորհիւ եօթը տարիներու մեր նորանկախ Հանրապետութիւնը վայելեց քաղաքական կայունութեան ամէն բարիքները։
Անձնապէս եւ յանուն աշխարհացրիւ բոլոր Հայ Աւետարանական եկեղեցիներուն, կ՚ուզեմ այս առիթով նաեւ շնորհակալութիւն յայտնել ձեզի այն յարգալիր եւ ջերմ վերաբերմունքին համար որ միշտ ցոյց տուիք ինծի ու իմ ներկայացուցած եկեղեցիին։ Պիտի չմոռնանք ձեզ ու ձեր անկեղծ բարեկամութիւնը եւ միշտ փառք պիտի տանք Աստուծոյ որ մեր ժողովուրդին տուաւ ձեզի պէս առաջնորդ մը։
Տէրը օրհնէ ձեզ, Տիկին Տէր-Պետրոսեանը ու ձեր բոլոր սիրելիները, մինչ կը շարունակէք ձեր թանկագին ծառայութիւնը մեր հայրենիքին ու բովանդակ հայութեան։ Աղօթարար՝ (Վեր.) Մովսէս Պ. Ճանպազեան, Նախագահ, Հայ Աւետարանական Համաշխարհային Խորհուրդ։
__________________________
ՀՀԱՆԱ, թղթ. 03/02.03.1998։
* * *
ԳԵՈՐԳ ՎԱՐԴԱՊԵՏ ՊԱԼՅԱՆ
Ընդհ. Աբբահայր Մխիթարյան Միաբանության
Վեհապատիւ Նախագահ Հայաստանի Հանրապետութեան, Տիար Լեւոն Տէր Պետրոսեան.— Վեհաշուք Տէր, մինչ բոլոր Հայութիւնը կը ցնծայ նոր Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընտրութեան համար, յանձին Նորին Սրբութեան Տ.Տ. Գարեգին Բ-ի, Մխիթարեան Միաբանութիւնն ալ կը փութայ իր խնդակցութիւնը ներկայացնելու Ձեզի, որ յատուկ նախախնամութեամբ կոչուած էք ղեկավարելու մեր Հայրենիքին ու ժողովուրդին քաղաքական ճակատագիրը, ինչպէս Ս. Էջմիածնի Հայրապետը՝ հոգեւոր ու քրիստոնէական ապրումներու գնացքը՝ ուղղուած դէպի յաւիտենականութիւն։
Կը շնորհաւորենք Ձեր հեռատես ու լուսաւոր տեսութիւնները՝ ոչ միայն դիւանագիտական մարզին մէջ, այլ նաեւ նշմարելու ժամանակներու յարմարգոյն թեկնածուն Ս. Գրիգոր Լուսաւորչի գահին վրայ բարձրանալու։ Մանաւանդ թէ, շնորհապարտ կը զգանք Ձեզի, քանի որ մեր ալ նախընտրութիւնները ինք Նորին Օծութիւնը կը վայելէր, ըլլալով մեծապէս արժանի ու նաեւ մօտիկ անձ մը Մխիթար Աբբահօր հաստատութեան, միշտ ցուցաբերելով՝ գնահատանքով լի բարեացակամ ու հայրական վերաբերում մը։
Մեր ջերմ մաղթանքները կը մատուցանենք Ձեզի, որ նորօծ Հայրապետին հետ, կարենաք վայելել աստուածային հզօր պաշտպանութիւնը երկար տարիներ շարունակելու վարել՝ Ձեր դժուարին բայց նուիրական վեհ պաշտօնը եւ հասցնել մեր ալ Ազգն ու Հայրենիքը՝ յառաջադէմ ազգերու մտաւորական ու նիւթական բարձրութեան։
Այս դիտաւորութեամբ, պիտի շարունակենք մեր աղօթքները բարձրացնել Ամենակալին ու մենք ալ մեր կարելին պիտի ընենք՝ նպաստելու Հայրենիքի վերելքին՝ մեր կրթական ու մշակութային գործունէութեամբ, նաեւ Հայաստանի մէջ, ինչպէս երազն եղած է ինքնին լուսանորոգ Մխիթարի։
Հաճեցե՛ք, սիրելի Տիար Նախագահ, ընդունիլ մեր այս անվերապահ վստահութեան եւ ջերմ յարգանքի ու սիրոյ զգացումները, մինչ յոյսով կը մնանք, որ կը շարունակէք Ձեր բարեկամական վերաբերումը եւ հովանաւորումը Մեծն Սեբաստացիին ձեռնարկին եւ, պատեհ առիթին, կրկին կ՚այցելէք Ս. Ղազարի մենաստանը, ուր դեռ կ՚ապրի բաբախուն՝ Ձեր կենդանի յիշատակը. Հ. Գէորգ Վրդ. Պալեան, Ընդհ. Աբբահայր, Ս. Ղազար, 5 Ապրիլ 1995թ.։
__________________________
ՀԱԱ, ֆոնդ 1800, ցուցակ 1, գործ 147/05.04.1995։ Պատճենը՝ ՀՀԱՆԱ, թղթ. 03/05.04.1995։
* * *
Հ. ՎԱՐԴԱՆ Ծ. ՎՐԴ. ՔԵՇԻՇՅԱՆ
Ընդհ. Աբբահայր Մխիթարյան Միաբանության
Սուրբ Ղազար 17 Հոկտեմբեր 1997թ.— Յարգարժան Տիար Պր. Լեւոն Տէր-Պետրոսեան, Նախագահ Հայաստանի Հանրապետութեան, Երեւան. Մեծայարգ Տիար, նախ եւ առաջ կու գամ յայտնել իմ եւ միաբանակից բոլոր Հայրերուն ամենաանկեղծ եւ ջերմ ողջոյնները Ձեզի, Ձեր ազնիւ Տիկնոջ եւ Ձեր ընտանիքի բոլոր անդամներուն…։
Կը խնդրեմ, ներողամիտ գտնուիլ, եթէ այսքան անկեղծութեամբ, բարեկամական եւ մտերմական զգացումներով կու գամ գրել Ձեզի այս քանի մը տողերը։
Անծանօթներ չէնք իրարու. մեր բարեկամութիւնը սկսած է բաւական հին տարիներէ ի վեր, շնորհիւ մեր սիրելի Զուլալին, երբ առաջին անգամ հանդիպեցանք իրարու ի Փարիզ, կամ Սեւրի մեր Վարժարանը, համեստ ճաշասեղանի մը շուրջ, երբ եկած էիք Փարիզ բժշկական խնամքներու ենթարկուելու համար։
Բախտը ունեցայ նաեւ ընկերանալու Ձեզի Վենետիկէն Հռոմ, Վատիկան եւ Միլան, 1990-ի տարեշրջանին, Ձեր երեքօրեայ շրջապտոյտին կամ զանազան հանդիպումների ընթացքին, որոնցմէ գեղեցիկ եւ անմոռանալի յիշատակներ կը պահեմ սրտիս եւ յիշողութեանս մէջ։
Ձեզմով մենք ինքզինքնիս դեռ աւելի մօտիկ կը զգանք մեր Հայրենիքին եւ օրէ օր կը հետեւինք անոր քաղաքական, ընկերային եւ կրթամշակութային վերելքին, իրագործուած Ձեր աննկուն կամքով, անխոնջ ջանքերով եւ միջազգային քաղաքական իմաստուն ու խոհեմ հանդիպումներով ու գործելակերպով։
Մենք համոզուած ենք որ տարիէ տարի աւելի պիտի բարձրանայ վարկը մեր Հայրենիքին՝ միջազգային քաղաքական շրջանակներէ ներս, ինչպէս նաեւ ընկերային մակարդակը մեր ժողովուրդին՝ առանց նկատի առնելու այս կամ այն հոսանքի խօսքերն ու քննադատութիւնները։
Ձայն կը շրջի որ Դուք այս աշնանամուտին, գէթ երեք օրով, պիտի գաք Իտալիա, քաղաքական պաշտօնական հանդիպումներու, ինչպէս նաեւ գէթ մէկ օրով անցնիք Ս. Ղազար «Հայոց Կղզին»։ Վստահ կրնաք ըլլալ որ մենք բոլորս գրկաբաց կը սպասենք Ձեզի, համոզուած որ այս փոքր կղզին ալ մաս կը կազմէ Մայր Հայրենիքին եւ Ձեր այցելութեամբ պիտի ստանայ նոր շունչ եւ նոր խանդավառութիւն, շարունակելու համար իր նուիրական առաքելութիւնը, դե՛ռ աւելի գիտակից եւ արդիւնաւէտ ձեւով։
Իմ ծրագիրներուս մէջ ալ կայ այցելել Հայաստան եւ եթէ հնարաւոր ըլլայ եւ Ձեր ժամանակը ներէ, հանդիպիլ նաեւ Ձեզի։ Նայինք ո՞վ աւելի շուտ պիտի կարենայ ճամբորդել։
Սպասելով Ձեր բարի գալուստին, մնամ երախտապարտ եւ աղօթարար՝ Հ. Վարդան Ծ. Վրդ. Քէշիշեան, Ընդհ. Աբբահայր Մխիթարեան Միաբանութեան։
__________________________
ՀՀԱՆԱ, թղթ. 03/17.10.1997։
* * *
ՆԵՐՍԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԵԹՅԱՆ
ԱՄՆ եւ Կանադայի Հայ կաթողիկյանների առաջնորդ
Յարգելի Պր. Լեւոն Տէր-Պետրոսեան, Նախագահ Հայաստանի Հանրապետութեան.— Այսու՝ նախ բոլոր սրտանց կը շնորհաւորեմ Ձեր ընտրութիւնը։ Աստուած օրհնէ Ձեր ազգանուէր առաքելութիւնը:
Կը ցաւիմ որ Նիւ-Եորքի մէջ չկրցայ Ձեզ անձամբ ողջունել՝ հակառակ ինծի ղրկուած յատուկ հրաւէրին, որովհետեւ այդ օրերուն Լոս Անճելըս կը գըտնուէի:
Սոյն քաղաքի հսկայ սրահին մէջ, բազմահազար Հայորդիներուն տուած Ձեր ճառը՝ ամբոխին խառնուած մտիկ ըրի։ Ձեր խօսքին հաւասարակշիռ, տրամաբանեալ եւ իրապաշտ բովանդակութիւնը, գոյացուց իմ մէջս այն համոզումը, որ Դուք Հայ ժողովուրդին համար, ներկայ օրհասական պայմաններու մէջ, նախախնամութեան մարդն էք՝ օժտուած իմաստուն ղեկավարի ձիրքերով։
Եօթանասուն տարուայ բռնապետութիւնը եւ մարդկային տարրական իրաւանց ոտնակոխումը, ժողովրդավարական ընտրութեամբ – որուն ոգին Դուք եղաք – անցան պատմութեան՝ անշուշտ իրենց ետին ձգելով տխուր հետքեր եւ վէրքեր, զորս պիտի ջանաք բուժել հարազատ Հայերու օգնութեամբ։
Մենք եւս, Հայ հոգեւորականներս եւ հաւատացեալներ, որ անցեալին գրական եւ ազգային մեր զարթօնքին մէջ այնքան կարեւոր դեր կատարած ենք, ներկայիս ալ, Ձեր իշխանութեան օրերուն, կ՚ուզենք շարունակել մեր այդ դերը՝ Սփիւռքի եւ մանաւանդ Մայր Հայրենիքի մէջ, ունենալով մեզի որպէս զօրավիգ՝ ամէնէն հզօր եւ զարգացած ազգերէ բաղկացած տիեզերատարած Կաթողիկէ Եկեղեցին։
Յարգելի Պր. Նախագահ, 1988-ի սարսափելի երկրաշարժէն անմիջապէս ետք, Միացեալ Նահանգներու եւ Գանատայի 450 Առաջնորդ եպիսկոպոսներուն եւ 65 միլիոն կաթողիկէ հաւատացեալներուն շրջաբերական նամակներ ղրկեցի, որպէսզի՝ իր քրիստոնէական հաւատքին համար դարերով տառապած Հայ ժողովուրդին օգնութեան հասնին եւ վերակառուցման գործին օժանդակեն։
Հռոմի Սրբազան Քահանայապետը, նոյն օրերուն կոչ ուղղեց ամբողջ քրիստոնեայ աշխարհին։ Արտակարգ համակրանք եւ սէր մը արթնցաւ կաթողիկէ ժողովուրդներու մէջ հանդէպ Հայ ազգին։ Այդ սէրն ու համակրանքը, ինչպէս գիտէք, իրենց շօշափելի արդիւնքը տուին եւ պիտի շարունակեն տալ, եթէ վերածնեալ Հայաստանի մէջ քաղաքական եւ կրօնական խտրականութիւնը եւ մոլեռանդութիւնը ջնջուին եւ ամէն Հայ – որպէս Հայ – վայելէ այն ազատութիւնները որոնցմէ զրկուած էր համայնավարական վարչակարգի թաթին տակ։
Պր. Նախագահ, ինչպէս գիտէք եւ ամբողջ Կաթողիկէ եկեղեցին գիտէ, Հայաստանի զանազան քաղաքներու եւ աւաններու մէջ, մասնաւորապէս Լենինականի եւ Ղուկասեանի շուրջ, 60.000-է աւելի Հայ Կաթողիկէներ կը գտնուին, որոնց հոգեւորականները մեռան Սիպերիոյ մէջ եւ անողոք հալածանքի ենթարկուեցան. արդեօ՞ք ժամանակը չէ հասած որ ասոնց հոգեւոր կարիքը, ոչ թէ դուրսէն եկած օտարներու, այլ հայ կաթողիկէ հոգեւորականներու յանձնուի: Վստահ ենք թէ Ձեզի յոյժ ծանօթ են Վենետիկի եւ Վիեննայի Մխիթարեան զոյգ միաբանութիւնները, Զմմառու (Լիբանան) եւ Լեւոնեան (Հռոմ) Դպրեվանքերու դարաւոր գործունէութիւնը, ինչպէս նաեւ Հայ Կուսանները՝ որոնց Արեւելք եւ Արեւմուտք գոյութիւն ունեցող դպրոցներու մէջ, 150 տարիներէ ի վեր, տասնեակ հազարներով Հայու զաւակներ ստացած են հայեցի եւ մաքուր դաստիարակութիւն, ու տուած են բազմաթիւ նահատակներ Մեծ Եղեռնի օրերուն իրենց Հայութեան եւ քրիստոնէութեան համար։
Հայ կաթողիկէ հոգեւորականներս, անխտիր, կը հաւատանք որ Հայուն ապահով եւ կայուն ապագան Մայր Հայրենիքն է։ Դուք այն բացառիկ, ինչպէս ըսի նախախնամական անձն էք, որ կրնաք ներդաշնակօրէն մէկտեղել Հայութեան բոլոր արժէքները, առանց այլամերժութեան եւ կողմնակցութեան, ի նպաստ մեր ժողովուրդի վերելքին։
Իբրեւ հայրենադարձի զաւակ, կրնաք սերտօրէն ամրապնդել սփիւռքի Հայութիւնը Մայր Հայրենիքին, որպէսզի ձուլումի վտանգը, որ կը սպառնայ բոլորիս, իր մահացու աւերը չգործէ։
Բոլոր սրտանց կ՚աղօթենք որ այս բոլոր կենսական հարցերը իրենց լուծումը գտնեն Ձեր իշխանութեան օրերուն՝ Աստուծոյ օրհնութեամբ։
Ձեզ անձամբ՝ մօտ ապագային՝ տեսնելու յոյսով, աղօթարար, Ներսէս Մ. Եպսկ. Սեթեան, Առաջնորդ Ա.Մ. Նահանգներու եւ Գանատայի Հայ կաթողիկէներու։ Նյու Յորք, 20 Հոկտ. 1990թ.։
__________________________
ՀՀԱՆԱ, թղթ. 03/20.10.1990։
* * *
ՆԵՐՍԵՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՏԵՐ-ՆԵՐՍԵՍՅԱՆ
Հայ Կաթողիկե եկեղեցու՝ Արեւելյան Եւրոպայի, Հայաստանի եւ Վրաստանի թեմերի առաջնորդ
Առ Մեծայարգ Տիար Լեւոն Տէր-Պետրոսեան, Առաջին Նախագահ ազատ-անկախ Հայաստանի Հանրապետութեան, Երեւան.— Օգտուելով թղթաբերիս՝ Յասմիկ Մելքոնեանի ազնւութենէն, կը փութամ Ձեզի հասցնել սրտաբուղխ երկտողս։
Ցաւօք ունկնդրեցի, Փետրուարի 3-ի երեկոյեան, Ձեր «Յայտարարութիւնը», այնքան վեհաշունչ ու զուսպ, «փոքրագոյնն ի չարեաց» ոսկեղէն սկզբունքէն ներշնչուած։ Հայրենասիրութեան պայծառ օրինակ։ «Կենդանի» նահատակ մը եւս աւելցաւ՝ մեր քաջամարտիկ հերոսներու լուսաշող շարքերուն մէջ, այդ յայտարարութեամբ։
Կ՚աղօթեմ որ Տէրը անսասան պահպանէ մեր սիրելի Հայրենիքը, խաղաղութեան ու բարօրութեան մէջ, ու պարգեւէ մեզի՝ արժանաւոր ու ազգանուէր ղեկավարներ։
Ու կ՚երգեմ.
«Փա՜ռք քեզ, մի՜շտ փառք, «Մեր Հայրենիք» սիրաւառ,
Պայծառափայլ Հայոց օրրան շինարար,
Քո քաջ որդւոց սուրբ արիւնով հերոսական,
Կեցցե՛ս յաւերժ, ազատ-անկախ Հայաստան»։
Խորին ակնածանքով, Ձեզ միշտ յարգող, աղօթարար՝ Ներսէս Արքեպիսկոպոս Տէր-Ներսէսեան։ Գիւմրի 9 փետրուարի, 1998թ.։
__________________________
ՀՀԱՆԱ, թղթ. 03/09.02.1998։
* * *
ՇԱՀԵ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՃԵՄՅԱՆ
Երուսաղեմի Ս. Հակոբյանց միաբան
Նորին Վսեմութիւն Տ. Լեւոն Տէր-Պետրոսեան, պատուարժան նախագահ Հայաստանի Հանրապետութեան.— Տիար նախագահ, Ձեր նախագահ ընտրութեան լուրը օրհներգեցի Զաքարիայի օրհնութեան երգով։
Դուք՝ նախակարապետը Հայ ազգային վերականգնումին եւ մենք՝ Հայոց եկեղեցի, որ եօթանասուն տարի ի խաւարի եւ ի ստուերս մահու նստեցանք, պիտի տեսնե՞նք, որ ուղղուին այլեւս մեր ոտքերը ի ճանապարհս խաղաղութեան։
Յիշողութեանս մէջ խորունկ տպաւորութիւնը կը պահեմ նայուածքի մը, որուն հանդիպեցաւ նայուածքս քարոզի մը պահուն, երբ կը խօսէի Հռիփսիմեանց տաճարին մէջ։ Առիթը՝ Հռիփսիմեանց կոյսերու մասունքներուն յայտնութիւնն էր։ Կ՚ըսէի թէ անգամ մը եւս Աստուծոյ ներկայութիւնը կը յայտնուի իր Սուրբերուն միջոցաւ մեր հողին վրայ։ Դուք, խորունկ կերպով յափշտակուած, կը նայէիք շրթունքներուս, երբ հայուացքս հանդիպեցավ ձերինին։ Ղարաբաղեան շարժումին սկզբնաւորութեան, երբ տեսայ ձեր նկարները միքրոյին դիմաց, տիրական, համոզուած եւ վճռական, յիշեցի նոյն նայուածքը, որ կուգար ազգային խորունկ ապրումէ մը։
Ի սրտէ կ՚աղօթենք, որ նորէն այց առնէ մեզ նոր արեգակն ի բարձանց, ձեր նախագահութեամբ սկզբնաւորուող այս օրերուն։ Կը յուսանք եւ կը մաղթենք, որ բացուին ձեր առջեւ յաջողութեան նոր ճանապարհներ, որոնք տանին մեր ժողովուրդը ազգային իր մեծ երազներուն իրագործումին։ Յարգալիր ողջոյններով՝ Շահէ Արքեպիսկոպոս Աճէմեան. Երուսաղէմ, 20 օգոստոս, 1990թ.։
__________________________
Համառոտված։ Ամբողջական բնագիրը տե՛ս ՀՀԱՆԱ, թղթ. 03/20.08.1990։
* * *
ԱՂԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՊԱԼԻՈԶՅԱՆ
Ավստրալիայի եւ Նոր-Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ
Մեծայարգ Նախագահ, հեռաւոր, սակայն հայրենակերտ եւ հայրենասէր Աւստրալահայ գաղութի անունով, կու գամ շնորհաւորել Ձեզ, Նախագահ ընտրուելու առիթով։ Շնորհաւորութիւնս նաեւ Խորհրդարանի անդամներուն, Վարչապետին ու Նախարարներուն, ինչպէս նաեւ Հայրենաբնակ մեր հերոս ժողովուրդին։
Դուք եւ Ձեր գործակիցները ճակատագրական ու ծանր պարտաւորութեան առաջ կը գտնուիք այսօր։ Անկիւնադարձային պահի առաջ կանգնած է Հայ ժողովուրդն ու Հայոց Հայրենիքը։ Ինքնուրոյնութեան եւ ինքնիշխանութեան ճանապարհին սկզբնաւորութեան մէջն էք։ Ուստի, կ՚աղօթեմ առ Բարձրեալն Աստուած, որ Ձեր բոլոր ծրագիրները՝ մեր ժողովուրդի ու Հայրենիքի փառքին համար, պսակուին ամենայն յաջողութեամբ։
Հայ Եկեղեցին իր 1700 ամեայ հարուստ ժառանգութեամբ ու փորձառութեամբ Ձեր կողքին կանգնած է, Ձեր ծրագիրներու իրականացման ու յաջողութեան քաջալերանքով։ Նոյնն է պարագան Աւստրալահայ եկեղեցւոյ, որ անբաժան մէկ մասնիկն է Հայց. Առաքելական Եկեղեցւոյ։
Աւստրալահայ եկեղեցին ու ժողովուրդը իր ամէն ջանքը ի գործ պիտի դնէ, իրմէ սպասուածը իրականացնելու համար։
Ձեր պատասխանատու պաշտօնին հետ կու գայ միաձուլուիլ մեր անցեալի անձնական ծանօթութիւնն ու մտերմութիւնը, ու այդ հասկացողութեամբ եւս կը շնորհաւորեմ Ձեզ։ Սիրով եւ օրհնութեամբ, աղօթարար Աղան եպս. Պալիօզեան, առաջնորդ Հայոց թեմին Աւստրալիոյ եւ Ն.Զ.-ի, Սիտնի, 1 նոյեմբեր 1990թ.։
__________________________
ՀՀԱՆԱ, թղթ. 03/01.11.1990։
* * *
ԽԱԺԱԿ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՊԱՐՍԱՄՅԱՆ
Հայոց եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ
Յարգամեծար Տիար Լեւոն Տէր Պետրոսեան, Նախագահ Հայաստանի Հանրապետութեան, Երեւան.— Մեծայարգ Տիար Նախագահ, մայր Հայրենիքի հպարտ իրականութեամբ խանդավառուած՝ սրտանց կը շնորհաւորենք Նոր Տարին եւ Աստուածորդւոյն հրաշափառ Ծնունդը։
Մեր մաղթանքն է, որ բազմաթիւ դժբախտութիւններ, ողբերգութիւններ ու տագնապներ տեսած՝ սակայն երբեք չընկճուած եւ միշտ վերապրած մեր հայրենի երկիրն ու ժողովուրդը տակաւ առ տակաւ մոռնան իրենց անցեալի դժուարութիւնները, սպիացնեն իրենց վէրքերը եւ հայու վայել հաստատակամութեամբ ընթանան դէպի յաղթական ապագան։
Մենք վստահ ենք, որ ձեր ողջմիտ ու շրջահայեաց ղեկավարութեամբ՝ շատ մօտիկ ապագային ամբողջութեամբ պիտի իրականանան մեր ժողովուրդի ազնիւ ու արդար երազները։
Թող Նոր Տարին եւ Սուրբ Ծնունդը նոր լաւատեսութիւն եւ նոր յոյս ներշնչեն մեր տառապած ժողովուրդին, եւ խաղաղ ու անդորր կեանքը վերահաստատուի մեր պապերու սրբազան հողին վրայ։ Սիրոյ ողջունիւ՝ Խաժակ Արք. Պարսամեան, Առաջնորդ, դեկտեմբեր 15, 1993թ.։
__________________________
ՀԱԱ, ֆոնդ 1800, ցուցակ 1, գործ 76/15.12.1993։ Պատճենը՝ ՀՀԱՆԱ, թղթ. 03/15.12.1993։
* * *
ԱՆԱՆԻԱ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՐԱԲԱՋՅԱՆ
ԱՄՆ, Նյու-Յորք
Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին.— Սրտի տրոփյունով կարդացի Ձեր որոշման մասին՝ վերադառնալու քաղաքական ասպարեզ, որի մասին, որպես մի հայ, վաղուց էի երազում։ Միշտ էլ բարձր կարծիքի եմ եղել Ձեր շնորհատուր անձի նկատմամբ, եւ Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու լինելու Ձեր հայտարարությունը փրկություն եմ համարում տառապած ազգիս համար։ Չեմ կասկածում եւ վստահ եմ, որ Դուք պիտի հաջողեք։
Դուք պետք եք Աստծուն, Հայաստան աշխարհին եւ պատմությանը, որոնց առջեւ դեռ շատ անելիքներ ունեք։ Հարգանոք՝ նախկին արքեպիսկոպոս Անանիա Արաբաջյան, 29 հոկտեմբեր, 2007թ., ԱՄՆ, Նյու-Յորք։
__________________________
ՀՀԱՆԱ, թղթ. 03/29.10.2007։ Անանիա սրբազանն այն հոգեւորականն է, ով 2001թ. սեպտեմբերի 11-ի նյույորքյան հրեշավոր ահաբեկչությունից հետո տեղի ունեցած հրապարակային սգո հանդեսի ժամանակ քաղաքի հայ համայնքի անունից աղոթք կարդաց հազարավոր զոհերի հիշատակին։
* * *
ՆԵՐՍԵՍ (ՎՐԵԺ) ՔԱՀԱՆԱ ՆԵՐՍԵՍՅԱՆ
Հայագետ, բանասեր, Բրիտանական գրադարանի արեւելյան ձեռագրերի բաժանմունքի վարիչ
Հարգելի նախագահ Լ. Տեր-Պետրոսյան, Հայաստանի անկախության եւ ձերդ ընտրության ուրախ առիթով ցանկանում եմ ձեզ եւ հայրենի նորաստեղծ կառավարության փոխանցել իմ համեստ, բարի մաղթանքները։ Անցնող կիրակի Սրբազան պատարագս մատուցեցի «ի յիշատակ մեր նվաճումին»։ Քարոզիս բնաբան ընտրեցի «զի թէպէտ եւ եմք ածու փոքր… սակայն բազում գործք արութեան գտանին գործեալ եւ ի մերում աշխարհիս եւ արժանի գրոյ յիշատակի»։ Այսօրվա ձեր հաղթանակը այդ «արի» գործերի շարքն է մտնում։
Թող Բարին Աստված քեզ եւ քո համախոհներին բարի աչքով նայի եւ առաջնորդի քեզ «յընթացս ճշմարտութեան եւ ի հետս սրբոց հարցն».– Տեր Ներսես (Վրեժ) Ներսեսյան, 27 օգ. 1990թ.։
__________________________
ՀՀԱՆԱ, թղթ. 03/27.08.1990։
