‘
Ապրիլի 13-ին Մադրիդի թագավորական «Ալմուդենա» տաճարում տեղի է ունեցել պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այն մատուցել է Մադրիդի արքեպիսկոպոս Կառլոս Օսորո Սիերան՝ Իսպանիայի Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների մասնակցությամբ:
Պատարագին ներկա էին Իսպանիայի Կոնգրեսի և Սենատի անդամներ, արտաքին գործերի և համագործակցության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Իսպանիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, իսպանացի մտավորականներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, իր խոսքում արքեպիսկոպոս Օսորոն նշել է, որ պատարագը նվիրված է հայերի վերապրած ողբերգությանն ու դժոխային տառապանքներին: Արքեպիսկոպոսն ընդգծել է, որ ներկաներին միավորում է մի ժողովրդի անցյալի մասին հիշատակը: Նա ավելացրել է նաեւ, որ ներկայումս տիրող իրավիճակը Մերձավոր Արևելքում և աշխարհի թեժ կետերում ժամանակին ցուցաբերված անտարբերության արդյունքն է և հանցակից լռություն պահպանելու հետևանք:
Պատարագն ուղեկցվել է հայկական հոգևոր երգչախմբի կատարումներով: Հայերենով ընթերցվել են հատվածներ Աստվածաշնչից:
‘