‘
Ապրիլի 28-ին Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Փարիզի քաղաքապետարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Փարիզը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը» խորագրով ցուցահանդեսի բացմանը, «Politique Internationale» հանդեսի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բացառիկ համարի շնորհանդեսին և Մեծ Եղեռնի առթիվ կազմակերպված ավանդական ընդունելությանը:
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի նախաձեռնությամբ շուրջ 2000 հրավիրյալների մասնակցությամբ կայացած միջոցառումներին ներկա էին տարբեր կրոնական համայնքների ներկայացուցիչներ, Շառլ Ազնավուրը, Փարիզում հավատարմագրված տասնյակ դեսպաններ, Ֆրանսիայի խորհրդարանի և տեղական խորհուրդների պատգամավորներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ։
Ֆրանսիայի մայրաքաղաքի ընդունելությունների մեծ սրահում բացելով շուրջ երկու հազար հրավիրյալների ներկայությամբ միջոցառումը՝ քաղաքապետ Անն Իդալգոն նշեց, որ այն հարգանքի տուրք է հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված հայերի հիշատակին, ինչպես նաև՝ երախտիքի արտահայտություն Ցեղասպանությունը վերապրած այն հայերին և նրանց ժառանգներին, ովքեր, հաստատվելով Ֆրանսիայում, իրենց կարևոր ներդրումն են բերել Ֆրանսիայի զարգացմանը։ Անն Իդալգոյի խոսքերով՝ մեծ պատիվ է հյուրընկալել Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցադրությունը քաղաքապետարանի սրահներում և դրա միջոցով Փարիզի բնակիչներին և հյուրերին հաղորդակից դարձնելու Հայոց ցեղասպանության պատմությանը։ Նա ընդգծեց, որ Փարիզի արդեն 60-ից ավելի դպրոցներ ցուցակագրվել են՝ ցուցահանդեսն այցելելու համար։
‘