‘
Հունիսի 15-ին Ռուսաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ Ռուսաստանի Պետական Հումանիտար Համալսարանի Պատմա-արխիվագիտական ինստիտուտում անցկացվել է կլոր սեղան «Հայոց ցեղասպանություն. պատմության դասեր և ժամանակակից աշխարհը» թեմայով:
Միջոցառումը կազմակերպվել էր ՌՊՀՀ Հոլոքոսթի և ցեղասպանությունների ուսումնաիրության միջազգային գիտա-կրթական կենտրոնի և «Արարատ» մշակութային միության կողմից:
Կլոր սեղանին մասնակցում էին առաջատար ցեղասպանագետներ, Հայկական հարցով զբաղվող վերլուծաբաններ, հասարակական և կրոնական կառույցների, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչներ, մոսկովյան բուհերի ուսանողներ:
Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն իր ելույթում, մասնավորապես, շեշտել է Հայոց ցեղասպանության իրավական գնահատականի անհրաժեշտությունն ու կարևորությունը, ինչպես նաև ընդգծել գիտական միջոցառումների դերն ու նշանակությունը մարդկայնության դեմ հանցագործությունների կանխարգելման հարցում:
Իր հերթին, ՌՊՀՀ Հոլոքոսթի և ցեղասպանությունների ուսումնաիրության ՄԳԿԿ տնօրեն Իլյա Ալտմանը անդադաձել է ցեղասպանությունների դասավանդման անհրաժեշտությանը: Քննարկման թեման 1915թ. մայիսի 24-ի Մեծ տերությունների համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի զանգվածային կոտորածները որակվում էին որպես «մարդկության և քաղաքակրթության» դեմ ուղղված հանցագործություններ:
Զեկուցողները շեշտել են Անտանտի երկրների հայտարարության դերակատարությունը «Ցեղասպանություն» տերմինի մշակման հարցում, ինչպես նաև վերլուծել մարդկայնության դեմ հանցագործությունների իրավական պատասխանատվության անրաժեշտությունը ժամանակակից իրադարձությունների դիտանկյունից:
Փաստագրական հարուստ նյութի վրա հիմնված զեկույցներով հանդես եկան նաև երիտասարդ գիտնականները: «Ցեղասպանություններ և արխիվներ» որակավորման բարձրացման դասընթացի ունկնդիր Վարդան Պողոսյանը իր ելույթում խոսեց համատեղ Հռչակագրի նախապարաստման նախադրյալների մասին: ԵՊՀ միջազգայնագետ, Ժողովուրդների Բարեկամության Ռուսական Համալսարանի ասպիրանտ Աննա Գևորգյանը ներկայացրեց ժամանակի հայ գործիչների ահռելի ջանքերը՝ ուղղված հայտարարության նախապատրաստմանն ու հրապարակմանը: ԵՊՀ ասպիրանտ, ՌՊՀՀ Հոլոքոսթի և ցեղասպանությունների ուսումնասիրության ՄԳԿԿ վերլուծաբան Արմինե Անտոնյանը կարևորեց փաստաթղթի իրավական նշանակությունը հայ ժողովրդի նկատմամբ իրականացված հանցագործությունները ցեղասպանություն որակելու հարցում: Իր հերթին, ԵՊՀ արևելագետ, ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի ասպիրանտ Լարիսա Ալեքսանյանը անդրադարձավ Օսմանյան կայսրությունում Տեղահանության օրենքի ընդունման իրական դրդապատճառներին:
Միջոցառման ավարտին ծավալված քննարկման ընթացքում շոշափվեցին Հայոց ցեղասպանության դասավանդման մեթոդաբանության, արխիվային նյութերի ուսումնասիրության կարևորության և հրապարակման անհրաժեշտության, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին առնչվող խնդիրներ:
‘