‘Հայուհու ծածկագիրը. պայքարը գենի մեջ. News.am ‘

1138

Մռավ լեռան անտառապատ լանջի սաղարթի մեջ թաքնված եկեղեցու ուժը բազմապատկվում է կանացի նուրբ սոպրանոյից։ Դադիվանքի խորանում կանգնած հյուրերը շունչը պահած լսում են փոքրամարմին Խանդութի շարականը՝ նրա մեծ, խելացի աչքերի ու ձայնի մեջ փորձելով  կարդալ եկեղեցու պատերի անառիկության, նրա հողի ու ժողովրդի աներեւակայելի դիմադրողականության գաղտնիքը։

Խանդութն ինքը պատմությունն է. նրա կենսագրությունը միայն բավարար է հասկանալու համար, թե ինչու ամենակարող նավթադոլարներն ու զենքերն անգամ անկարող են կոտրել արցախցու կամքը…

Խանդութը  22 տարեկան էր, երբ նրա հայրը կնոջ ու հինգ զավակների հետ թողեց հարազատ Լոռին ու բնակություն հաստատեց Արցախի ազատագրված Քարվաճառի շրջանում: Հինգ տարի անց հայրը մահացավ, բայց հասցրեց ընտանիքին հայտնել վերջին ցանկությունը՝ ինձ Արցախի հողին կհանձնեք։ Ալավերդիում բնակվող հարազատներն այդպես էլ չհաշտվեցին Ալբերտի ընտրության հետ։

13 տարի անց Ալբերտի ամբողջ ընտանիքը շարունակում է բնակվել Քարվաճառում։ 13 տարվա ընթացքում Քարվաճառը շատ է փոխվել։ Շատ ընտանիքներ, չդիմանալով ծանրությանը, հեռացել են։ Խանդութը, նրա քույրերն ու եղբայրները շարունակում են ապրեցնել իրենց հոր երազանքը։ Քարվաճառում նրանք ամուսնական երդում են տվել, երեխաներ ունեցել։ Եթե չհեռացան այն ժամանակ, երբ չկար էլեկտրականություն, հեռախոսակապ, ջուր, հիմա, երբ այդ խնդիրների մեծ մասը լուծված է, հաստատ չեն հեռանա։

Խանդութին, որը տան ավագ դուստրն է, բանաստեղծ, լրագրող հայրը ժառանգել է մարտիկի ոգին, եւ նա իր ամբողջ ժամանակը նվիրում է քարվաճառցիների խնդիրներին։ Ապօրինության կամ կենցաղային ցանկացած խնդրի հանդիպած քարվաճառցին առաջին հերթին Խանդութենց տան դուռն է թակում։ Խանդութը շրջանի մշակույթի միակ կենտրոնի գեղարվեստական ղեկավարն է, դպրոցում երաժշտություն եւ հայ եկեղեցու պատմություն է դասավանդում, ազատ ժամերին էլ անվճար քանոն սովորեցնում ցանկացողներին, երբեմն էլ, երբ բառերը փոքր են թվում հարազատ Քարվաճառի այցելուներին ցույց տալու պատմության խորքը, Խանդութը պարզապես շարական է երգում։

Բայց այդ ուժեղ, կամային կինը հիվանդ է: Խանդութի հիվանդությունը Հայաստանում հնարավոր չէ բուժել։ Նրա առողջական վիճակը շատ արագ վատթարանում է։ Արտասահմանում Խանդութի բուժումը կազմակերպելու համար անհրաժեշտ է մոտ 25,000 դոլար։ Նրան օգնելու համար բացվել է հաշվեհամար

Դրամային փոխանցումների համար՝ Khandut Avetyan, Ameriabank, 15700 20587980100

Արտարժութային փոխանցումների համար՝ 15700 20587980201

Նյութը՝ NEWS.am-ից 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Հովիկ Աբրահամյանը նյութված դավի առանցքային դերակատարն է’
Հաջորդ հոդվածը‘Իրադրությունն առաջնագծում. ԼՂՀ ՊՆ’