‘«ՀայՌուսգազարդ». Եթե բողոք ունեք գազի որակից, ապա մենք գալիս ենք ձեզ մոտ’

807

Դեկտեմբերի 13-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում «Բնական գազի ջերմատվությունը և որակական հատկանիշները» թեմայով, որին մասնակցեցին ընկերության փորձագետները, գազի խոշոր սպառողները, Հայաստանի ջերմոցային տնտեսությունների ասոցիացիաների նախագահը, սպառողների իրավունքները պաշտպանող ՀԿՆ-ների ղեկավարները, ինչպես նաև ՀԾԿՀ և Հայաստանի չափագիտության ազգային ինստիտուտի ներկայցուցիչները:

Քննարկումը նախաձեռնել էր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն, հաշվի առնելով բնակիչների բողոքները սպառվող գազի որակի վերաբերյալ, մասնավորապես, ընկերության հասցեին մեղադրանքներ են հնչում, թե «գազին օդ է խառնվում, ճնշումը նվազեցվում է»:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ինժեներ Հրանտ Թադևոսյանը նշել է պահանջները, որոնք ներկայացվում են գազին, ինչպես ցանկացած ապրանքին: Մասնավորապես, ըստ նրա, ՀՀ ներկրվող բնական գազի որակական հատկանիշները համապատասխանում են գործող միջպետական ստանդարտին՝ ԳՕՍՏ 5542-87: «Ըստ այդ ստանդարտի, 1 խմ գազի ջերմատվությունը չի կարող 7600 կիլոկալորիայից պակաս լինել: Ընկերությունում իմ ողջ աշխատանքային պրակտիկայի ընթացքում, գազի ջերմատվությունը 8000 Կկալ չի իջել, այժմ այն կազմում է 8 600 Կկալ, այն դեպքում, երբ իրանական գազի ջերմատվությունը կազմում է 8000 ± 50»,-ասել է նա:

Ավելին, այդ ցուցանիշները ստուգում է նախ ռուսական կողմը, հետո այն ստուգման է ենթարկվում Վրաստանի տարածքում գտնվող «Կարմիր կամուրջ» գազաչափիչ կայանում և հայ-վրացական սահմանին, հետո արդեն ստուգում է անցնում գազի խոշոր սպառողների՝ Հրազդանի ՋԷԿ-ի, Երևանի ՋԷԿ-ի և «Արարատցեմենտ» գործարանի անկախ լաբորատորիաներում:

Հրանտ Թադևոսյանը նշել է, որ ընկերության աշխատակիցները ցանկացած օր և ցանկացած պահի կարող են այցելել գազի սպառողներին ժամանակակից շարժական լաբորատորիայի միջոցով պարամետրերը չափելու համար, կամ էլ հիմնական գազամուղի ցանկացած հատվածում փորձաքննություն անցկացնելու համար, եթե բողոքներ ստացվեն քաղաքացիներից օգտագործվող գազի որակի մասին:

Ավելին, մասնագետը ներկայացրել է տեխնիկական փաստարկները, որոնց համաձայն, այսպես կոչված օդի օգտագործումը գազի մատակարարման համար պայթյունավտանգ է, նմանատիպ վիճակ է նաև ճնշման նվազեցման հետ կապված:

Գլխավոր տնօրենի տեղակալը պարզաբանեց, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն վնասներ է կրում այն դեպքում, երբ գազի ջերմատվությունը 8 600 Կկալ է, ոչ թե 8000 Կկալ, քանի որ սպառողը միշտ վճարում է 8000 Կկալ ցուցանիշի դիմաց: « Մենք մտադիր ենք դիմել ՀԾԿՀ՝ քաղաքացիների և խոշոր սպառողների հանդեպ տարբեր սակագներ սահմանելու հարցով, քանի որ նրանց համար սովորական է դառնում բարձր կալորիականությամբ գազի օգտագործումը, և եթե այն նվազում է, արդեն դժգոհություն է առաջանում»,-ասել է նա:

Նախորդ հոդվածը‘«Չելսին» դուրս եկավ աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ’
Հաջորդ հոդվածը‘Սերգեյ Լավրովը կընդունի Սիրիայի ընդդիմության պատվիրակությանը’