‘
Օրերս ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հաղորդագրություն էր տարածել, որում մանրամասներ էին ներկայացվում «Գազպրոմի» կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերի ու Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հանդիպումից: Քննարկվել են «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ռուսական «Գազպրոմի» մասնաբաժնի ավելացման, նաեւ Հայաստանի սպառողների համար ռուսական գազի գնագոյացման հարցերը:
iLur.am-ը Արմեն Մովսիսյանի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչու Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը այդ հանդիպման վերաբերյալ որևէ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել: Լ. Հարությունյանը պատճառաբանեց, թե հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանում, իսկ իրենք հետաքրքրվող լրատվամիջոցներին մանրամասներ ներկայացրել են հանդիպման վերաբերյալ:
Մեր հարցին, թե ինչ հեռանկարում է սպասվում «ՀայՌուսգազարդ»-ում «Գազպրոմի» մասնաբաժնի ավելացումը 20 տոկոսով, մամուլի քարտուղարը պատասխանեց, որ այդ հարցը քննարկման փուլում է, և երբ քննարկումն ավարտվի, իրենք տեղեկություն կտարածեն:
Նշենք, որ այսօր Արմեն Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ դեռևս որևէ գործարք չի կատարվել ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ, իսկ բանակցությունները կավարտվեն այս ամսվա վերջին:
‘