‘Հայտարարություն. ԴԱՀԿ գործողությունները հաճախ հակասում են Հայաստանի սահմանադրությանը’

1278

Դատական ակտերի հարկադիր  կատարման ծառայության` տուգանքներին առնչվող գործողությունները հաճախ հակասում են ՀՀ սահմանադրության դրույթներին: Այդ են վկայում քաղաքացիներից  «Հայ-ամերիկյան բարեկամություն» ՈԿԿ-ին տրամադրված դիմում-բողոքները:

Այդ կառույցն զբաղվում է քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությամբ, իրավագիտակցության մակարդակի բարձրացմամբ և օրենսդրության համապատասխանեցմամբ միջազգային իրավունքների նորմերին:  Անվճար խորհրդատվությունների ընթացքում հասարակական կազմակերպությունը քաղաքացիներից մեծ թվով դիմում-բողոքներ է ստացել, որոնք առնչվում են ԴԱՀԿԾ կողմից տուգանքների գանձմանը առանց դատական ակտերի և պատշաճ ծանուցումների առկայության: Արձանագրված տուգանքները վերաբերում են, հիմնականում, «կարմիր գծերի» և «արագաչափերի» խախտումներին: «Չվճարված տուգանքների վերաբերյալ գործերն առանց վարչական վարույթի և ծանուցման անմիջապես ուղարկվում են ԴԱՀԿԾ, որը կալանք է դնում քաղաքացիների բանկային հաշիվների վրա: Այդ գործելաոճը հակասում է ՀՀ սահմանադրությանը և մի շարք խնդիրներ հարուցում քաղաքացիների համար: «Հայ-ամերիկյան բարեկամություն» ՈԿԿ պայքարելու է այդ հակասահմանադրական գործընթացի դեմ և հետամուտ է լինելու խնդրի իրավական լուծմանը` պաշտպանելով քաղաքացիների սահմանադրական իրավունքները: Կազմակերպությունն ստեղծել է «Կողմ ենք 31 հոդվածին» աշխատանքային խումբ` խնդրի համակողմանի իրավական ուսումնասիրության և Սահմանադրական դատարան դիմելու գործընթաց սկսելու նպատակով», — ասվում է կազմակերպության հաղորդագրությունում:

«Հայ-ամերիկյան բարեկամություն» ՈԿԿ առաջիկայում  հանդիպելու է ԱԺ պատգամավորների և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ` համապատասխան հետազոտությունը ներկայացնելու և ՍԴ դիմելու հարցը քննարկելու նպատակով:

Նախորդ հոդվածը‘Պայթյուն «Ռոսնեֆտի» գործարանում. Կա առնվազն հինգ զոհ’
Հաջորդ հոդվածը‘Ռոսստանդարտ. Ժանյակե ներքնազգեստները Ռուսաստանում ոչ ոք չի արգելել, Հայաստանում նույնպես չեն արգելի’