‘Հայտարարություն ԼՂՀ-ից. Ոչ Եվրոպական եւ ոչ էլ, առավել եւս՝ գոյություն չունեցող Եվրասիական միությունները չեն կարող ներքաշել հայությանը իրենց վերաբաժանումների մեջ’

1462

ԼՂՀ մի շարք գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

Ռուսաստանի եւ Արեւմուտքի աշխարհաքաղաքական դիմակայության կոշտացումը կրկին հայ ժողովրդին դնում է հակամարտ կողմերի ճնշման տակ, որն արտահայտվում է ռազմական բնույթի սպառնալիքների եւ տնտեսական ճնշման լծակների կիրառման տեսքով՝ Ռուսաստանի կողմից, եւ քաղաքա-իրավական եւ տնտեսական շահերի ոլորտը ներքաշելու ձգտումով՝ մյուս կողմից։ Ինչպես ցույց է տվել ներկայիս իրավիճակի նախապատմությունը, Հայաստանը Ռուսաստանի համար ոչ թե ռազմավարական գործընկեր է, այլ ռազմավարական շահերի օբյեկտ ու նպատակներին հասնելու գործիք։

Արցախը այս հարցերում միշտ եղել է եւ շարունակում է կատարել հայ-ադրբեջանական ազգամիջյան հարաբերություններում եղած հիմնական ցավոտ կետի դերը՝ Ռուսաստանի կայսերական շահերի կոնտեքստում։ Արեւմուտքի շահերը նույնական են ռուսականին։ Հիշենք 1988-ը, երբ Եվրախորհրդարանը ողջունեց ղարաբաղյան շարժումը եւ պաշտպան կանգնեց հայ ժողովրդին, իսկ խորհրդային կայսրության անկումից հետո կանգնեց Ադրբեջանի ինքնիշխանության պաշտպանության դիրքում, եւ լոկ հակամարտ շահերը հանգեցրին եռակողմ բանակցային գործընթացին եւ ստատուս-քվոյին։ Պատմությունը ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը Ռուսաստանի համար ընդամենը աշխարհաքաղաքական ռեսուրս է իր հեռուն գնացող մեծապետական խնդիրների եւ ամբիցիաների իրականացման համար, ինչն արտահայտվում է նրա՝ իբրեւ ուժային բեւեռի կողմից համաշխարհային քաղաքականության մեջ նախկինում ունեցած եւ կորսված դիրքերի վերականգնման մեջ։

Հայ ժողովուրդը հստակ պատկերացում ունի ցեղասպանության եւ հայկական հողերի հետագա բաժանման մեջ Թուրքիայի, Ռուսաստանի եւ Եվրոպայի դերի մասին, որն ավարտվեց հայկական հողերի վրա Ադրբեջանի կազմավորումով եւ նրան Նախիջեւանի ու Լեռնային Ղարաբաղի բռնակցումով։ Հայ ժողովուրդը զգացել է ղարաբաղյան շարժման վրա խորհրդային կայսրության հսկայական քաղաքական եւ ուժային ճնշումը։ Արցախցիները երբեք չեն մոռանա Գորբաչովի, Պոլյանիչկոյի, սաֆոնովների եւ կայսրության այլ պահապանների դերը տարբեր ռազմական, այդ թվում՝ «Սումգայիթ», «Բաքու», «Կոլցո» եւ այլ գործողությունների միջոցով ժողովրդի մեջ եղեռնական վախ ձեւավորելու եւ լարված մթնոլորտ ստեղծելու մեջ։ Մենք, ավագ սերնդի արցախցիներս, որպես մեր պատմական հայրենիքի ազատագրողներ, եւ կրտսեր սերնդի արցախցիներս, իբրեւ հայ ժողովրդի ազատագրական ոգու կրողներ, թույլ չենք տա, որ մեր հայրերի ու եղբայրների արյունով շաղախված սուրբ հողի վրա ոտք դնի օտարը, իր շահադիտական նկրտումներով։

Մենք հաստատում ենք, որ դեմ չենք Ռուսաստանի հետ իրավահավասար դաշնակցային հարաբերություններին, որը հնարավոր է վերջինիս մոտ կայսերական ամբիցիաների բացակայության դեպքում: Այսուհետ Արցախը ազատ է ռուսական տերերի առաջ հաճոյացող զորիբալայանների քաղաքական ամբիցիաներից։ Պատմությունը վկայում է ինքնակոչերի ունայնությունը եւ կոչ է անում հայերիս գիտակցել, որ այն կրկնվելու սովորություն ունի, եթե մենք ամուր չենք կանգնած մեր հողի վրա, թշնամիների ցանկացած հարձակումներից այն պաշտպանելու մեր կամքով եւ պատրաստակամությամբ։

Ոչ Եվրոպական եւ ոչ էլ առավել եւս գոյություն չունեցող Եվրասիական միությունները չեն կարող ներքաշել հայությանը իրենց վերաբաժանումների մեջ։ Հայ ժողովուրդը կազատագրվի օտար լծից, մետրոպոլիաների տիրապետությունից, որոնց շահերի իրականացնողները Հայաստանում հանդիսանում է այսօրվա իշխանությունը։ Ազգային-ազատագրական պայքարը իր զարգացման նոր փուլն է թեւակոխում։ Արցախը ներկայանալու է որպես այդ պայքարի դրոշակակիր:

Հայտարարությունը բաց է միանալու համար
Վահան Բադասյան, ԼՂՀ ԱԺ պատգամավոր
Ներսես Օհանջանյան, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր
Մխիթար Ավետիսյան, ազատամարտիկ
Արթուր Խաչատրյան, ազատամարտիկ
Վաչագան Զաքարյան, ազատամարտիկ
Մարգարիտա Քարամյան, Ղարաբաղյան շարժման ակտիվիստ
Արմինե Հայրապետյան
Տիգրան Գրիգորյան
Վլադիմիր Դոլուխանյան
Անուշ Գրիգորյան
Ժորա Մարգարյան 
Նարինե Ներսիսյան 
Հայկ Խանումյան

Նյութը հրապարակվել է Karabakh-open.info կայքում

Նախորդ հոդվածը‘Transparency International–ի կոռուպցիոն վարկանիշում Հայաստանը 94-րդ տեղում է’
Հաջորդ հոդվածը‘ AL JAZEERA-ն իր եթերում շոշափել է Հայոց ցեղասպանության թեման’