‘Հայտարարություն. Հայաստանի իրավապահ համակարգն է օգնել Վլադ Մանգասարյանին թալանել սփյուռքահայ գործարարին’

679

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որում ներկայացվում են սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանի գործի վերջին մանրամասները: Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Օրերս ոստիկանության կողմից ձերբակալված Վլադիսլավ Մանգասարյանի խարդախությունների միջոցով կառուցած ֆինանսական բուրգը, որին զոհ են գնացել բազմաթիվ քաղաքացիներ, թեև բացահայտվեց ու փլուզվեց սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ջանքերով, այնուհանդերձ ՀՀ օրինապահ մարմինները չգիտես ինչու չեն էլ մտածում Վլադ Մանգասրյանի խարդախություններից առավելագույնս տուժած ամերիկահայ գործարարի իրավունքների պաշտպանության մասին:

Օրեր առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները խարդախության մեղադրանքով բերման ենթարկեցին Վլադիսլավ Մանգասարյանին: Նույն անձին, ում ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը տարիներ շարունակ մեղադրում է իր հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ընկերությունը սնանկացնելու և գումարները յուրացնելու մեջ:

Ոստիկանությունից հայտնեցին, որ Մանգասարյանի դեմ քրեական գործը հարուցվել է մի քաղաքացու դիմումի հիման վրա, որի վստահությունը չարաշահելով, Վլադ Մանգասարյանը խաբեությամբ տիրացել է Երևանի Դավիթաշեն թաղամասում գտնվող նրա երկու բնակարաններին:

Իհարկե սփյուռքահայ գործարարի ընկերությունը թալանած Մանգասարյանը հիմա ձերբակալվել է ոչ հենց սփյուռքահայ գործարարի միջոցները թալանելու համար, սակայն հենց միայն այն հանգամանքը, որ Մանգասարյանն արդեն «անձեռնմխելի» չէ, թույլ է տալիս ենթադրել, որ նա արդեն ավարտին է հասցրել հենց Էդմոնդ Խուդյանի ընկերության թալանը և այլևս այնքան էլ կարևոր անձ չէ իր հովանավորների համար: Վլադ Մանգասարյանի ձերբակալումն իհարկե առաջընթաց է այն առումով, որ նրա գործողություններից տուժած գոնե մի քաղաքացի օրենքի դաշտում հաջողության գուցե հասնի… բայց զարմանալի է մնում այն, որ միևնույն ժամանակ արդեն 2 տարի է ինչ ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը հայտարարում է ու փաստեր ներկայացնում այն մասին, թե ինչպես է նույն Վլադ Մանգասարյանը միլիոնավոր դոլարներ յուրացրել իր ընկերությունից և ի վերջո սնանկացրել այն, սակայն մինչ օրս ոչ մի համարժեք քայլ չի կատարվում:

Արդեն ավելի քան երկու տարի է, ինչ սփյուռքահայ գործարարը դիմում է ամենատարբեր պետական ատյաններին և բազմաթիվ փաստերով հիմնավորում, որ Վլադիսլավ Մանգասարյանը մասնակից է կազմակերպված հանցավոր մի խմբի, ում հաջողվել է իր հիմնադրած ընկերությունից $8,500,000 թալանել: Նա բազմիցս հայտարարել է, որ գործ ունենք սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններում մասնագիտացած, հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հարազատների հովանավորչությունը վայելող և անպատժելիության պայմաններում գործող մի արհեստավարժ խմբի հետ, որն առ այսօր շարունակում է իր գործունեությունը: Էդմոնդ Խուդյանը բազմիցս ներկայացրել է, որ տվյալ խումբը հանցավոր համաձայնության գալով թալանել է իր ընկերությունը` Վլադ Մանգասարյանին պատկանող «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ի միջոցով միլիոնավոր դոլարների կեղծ փոխառություններով ծանրաբեռնել  ընկերությունը, ապա կեղծ սնանկության տանելով զավթել ընկերության տարածքները, պետությանն էլ չի վճարել 1,5 մլն դոլար: Դեռևս 2011 թվականի մարտ ամսից սփյուռքահայ գործարարը պաշտոնական նամակներով դիմումներ է ներկայացրել ՀՀ Նախագահին, Գլխավոր դատախազին, Ոստիկանապետին, ՀՀ ԱԺ նախագահին, պատգամավորներին, Արդարադատության նախարարությանը, Մարդու իրավունքների պաշտպանին և մի շարք այլ կառույցներին այն մասին, որ իր ընկերությունը թալանվում է, պատմել է, թե ինչպես են յուրացվել իր ներդումները, ովքեր են ներգրավված դրանում: Տվել է կոնկրետ անուններ, բայց…

Հայաստանում գործադիր իշխանության և դրան ածանցյալ դատական համակարգում օրենքի կիրառման հարցում գործարարի բոլոր փորձերը մինչ օրս փակուղի են տանում:

Այն հիմնավորումները, որոնք մինչ օրս ներկայացրել են սփյուռքահայ գործարարը և նրա փաստաբանները պետք է որ բավական լինեին, որ Մանգասարյանը ոչ թե երկու օր առաջ, այլ երկու տարի առաջ ձեռբակալվեր իր հանցավոր խմբի հետ միասին: Սակայն երբ օրինապահ մարմիններին հայտնում են միլիոնավոր դոլարների թալանի մասին ու ոչ մի բան… դեռ ավելին` իրավապահ համակարգը դեռ նպաստում է հանցագործության պարտակմանը և ընկերությունում թալանը մինչև վերջին գրոշ շարունակմանը, այս պահին զարմանալի է, թե այդ ինչպես է նույն ոստիկանությունը նույն անձի դեմ ուղղված երկու բնակարանի հաղորդմամբ քրեական գործ հարուցել:

Սփյուռքահայ գործարարը բազմիցս հայտարարել է, որ ՊԵԿ-ին և դատախազությանը քաջ հայտնի են և՛ գործող անձանց շրջանակը, և՛ չվճարված հարկերը, և՛ խարդախության փաստերը, սակայն վերևների ազդեցությամբ 2 տարի շարունակ այս գործը ձգձգվում է: Հանցավոր գործունեությամբ պետությանը պատճառված $1.5 միլիոն դոլարի վնասը վերականգնելու ուղղությամբ բացառապես ոչինչ մինչ օրս չի արվում: Ավելին, քրեական գործի ընթացքում հանցագործ խմբին հնարավորություն տրվեց ընկերությունից յուրացնել մի խումբ սփյուռքահայերի պատկանող $2,000,000 ԱՄՆ դոլար արժողության վերջին տարածքները:

«Ես հայտարարում եմ, որ Հայաստանի իրավապահ համակարգն է օգնել Վլադիսլավ Մանգասարյանին այս ամենն անել, դատախազությանը, ոստիկանությունը, ՊԵԿ-ը: Օրինապահ մարմինների թողտվությամբ է տեղի ունեցել իմ ընկերության թալանը: Ես չեմ զարմանա եթե վաղը Վլադ Մանգասարյանին ազատ արձակեն: Նրա հովանավորներն այսօր էլ ամեն բան անելու են նրան ազատելու համար: Վաղուց եկել է հանցագործներին մեղադրանք առաջադրելու ժամանակը, սակայն նույն վերևներում գտնվող բարձրաստիճան պաշտոնյաները թույլ չեն տալիս հանցագործներին պատասխանատվության ենթարկել` հասկանալի պատճառներով»,- ասում է սփյուռքահայ գործարարը: 

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ»

Նախորդ հոդվածը‘Սպառազինության արտահանման ծավալներով Ռուսաստանը գերակատարել է պլանը’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը (ֆոտոշարք)’