‘Հայտարարություն. Սումգայիթյան կոտորածը Ադրբեջանի հայության բռնագաղթի առաջին արարն էր’

860

«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Սումգայիթյան վայրագ կոտորածը Ադրբեջանի հայության բռնագաղթի առաջին արարն էր: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

1988 թվականի փետրվարի վերջին օրերին Ադրբեջանում ոչ միայն որոշում ընդունվեց տեղի հայությանը ոչնչացնելու կամ արտաքսելու միջոցով առհավետ փակել նրա օրինական իրավունքները ճանաչելու հարցը, այլև կանխորոշվեց ապագա ադրբեջանական անկախ պետության վայրի՝ ազգայնական դիմագիծը: Մերօրյա Ադրբեջանը զարմանալի երկիր է, ուր բանականության, մարդասիրության, հանդուրժողականության, ճշմարտախոսության, իրական հայրենասիրության ցանկացած դրսևորում քրեորեն պատժելի և հանրորեն պախարակելի արարք է հռչակվում: Իրավիճակն այնտեղ կարող է փոխվել միայն այսօրվա կառավարիչների հեռացման դեպքում, սակայն անգամ նրանց հեռացումը չի կարող երաշխիքներ ապահովել ազգամիջյան հարաբերություններում հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման համար: Դա նշանակում է, որ ներկայումս հիմքեր չկան լավատեսական կանխատեսումներ անելու համար՝ փաստ է միայն, որ իրենց հայ համաքաղաքացիների հանդեպ վայրագ բռնություն գործադրողները սեփական պահվածքով վավերացրեցին իրենց իսկ նկատմամբ ալիևյան իշխանության կողմից բռնություն և զանազան այլ ապօրինություններ գործադրելու «իրավունքը»:

Միաժամանակ, չենք կարող չարձանագրել, որ Հայաստանի իշխանություններն էլ իրենց հերթին են զլանում պատշաճ քաղաքական աջակցությունը ցուցաբերել ավելի քան կես միլիոն ադրբեջանահայ փախստականների արմատական շահերի և իրավունքների պաշտպանության գործում և, փաստորեն, համաձայնել են Ադրբեջանի և ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այն մոտեցմանը, ըստ որի ադրբեջանահայ վտարանդիների հիմնախնդիրը պետք է դիտարկման առարկա դառնա արցախյան հիմնախնդրի ընդհանուր համատեքստից դուրս և դրանից առանձին: Այս մոտեցումը կատարվածի կամայական, օտար քաղաքական շահերի ծիրում գտնվող մեկնություն է, որի հետ չի կարելի համաձայնել:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի իրական օլիգարխները’
Հաջորդ հոդվածը‘Ա.Մանուկյան. Մենք որեւէ խնդիր չունենք ճշմարտության հետ’