‘
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա, Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահու՝ ահա թե ովքեր են հավակնում, ամերիկյան Time ամսագրի վարկածով՝ «Տարվա մարդ» հեղինակավոր տիտղոսին: Ամսագրի կազմած ցուցակում ընդհանուր առմամբ 38 նոմինանտ է ընդգրկված, այդ թվում՝ նաև անշունչ առարկաներ, օրինակ՝ ամերիկյան «Քյուրիոսիթի» մարսագնացը: «Տարվա մարդ» տիտղոսի համար մրցում են նաև գործարարներ, երաժիշտներ,մարզիկներ, հեռուստահաղորդավարներ, իրավապաշտպաններ: Նոմինանտների թվում են նաև ռուսաստանյան Pussi-Riot փանք-խումբը, հարավկորեացի ռեփ երգիչ Սայը: Նախկինում «Տարվա մարդ» տիտղոսին են արժանացել, օրինակ, Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Բարաք Օբաման, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Անցյալ տարի այդ կոչմանն էր արժանացել ցուցարարի հավաքական կերպարը, 2006-ին՝ Ինտերնետի բոլոր օգտատերերը, 2003-ին՝ ԱՄՆ զինվորականի հավաքական կերպարը:
2012-ի «Տարվա մարդու» անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 14-ին, երբ վաճառքի դուրս գա Time ամսագրի այս տարվա վերջին համարը:
Լուսանկարում՝ Անցյալ տարի «Տարվա մարդ» կոչմանն արժանացած ցուցարարի հավաքական կերպարը
‘