‘
Այսօր՝ օգոստոսի 30-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 48-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ-տրանզիտ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ֆորդ-տրանզիտ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «Օպել»-ի վարորդ, 1972 թ. ծնված Արամ Հովհաննիսյանը և ուղևորներ, 1973 թ. ծնված Վաչագան Ասատրյանը, 1947 թ. ծնված Լավրենտ Հովհաննիսյանը և 1971 թ. ծնված Պարթև Հովհաննիսյանը տեղում մահացել են: Կատարվում է քննություն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օգոստոսի 30-ին, ժամը 05.40-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան զոհեր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 33 UV 324 և «Ֆորդ» մակնիշի 22 SO 746 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 3 ուղևորները տեղում մահացել են:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1987 թ. ծնված Թ. Թ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր: Ավտոմեքենայի վարորդը` 1986 թ. ծնված Ս. Հ.-ը, հոսպիատալացվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն, այստեղ վերջինիս վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել զոհերին ավտոմեքենայից և կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:
‘