‘
Այսօր կառավարության շենքում լրագրողները գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից հետաքրքրվել են, թե ինչո՞ւ են դիզվառելիք եւ ազոտական պարարտանյութ ներկրելու իրավունքը տվել «Ֆլեշ» ու «Մասիս բերրիություն» ընկերություններին և սահմանված կարգով գնումներով մրցույթ չեն անցկացրել: Այս հարցը հունից հանել էր նախարարին և նա լքել էր մամուլի կենտրոնը: Այժմ արդեն պարզ է դառնում նախարարի զայրույթի պատճառը, քանի որ նա պարզապես չի կարողացել պատասխանել, թե ինչու են «Ֆլեշի» Բարսեղն ու ՊԵԿ նախագահի զարմիկը արտոնյալ պայմաններով ներկրելու իրավունք ստացել: Մեր տեղեկություններով՝ «Մասիս բերրիություն» ընկերության տնօրենը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի քեռու տղան է:
Ավելի վաղ «Հայկական ժամանակ» օրաթերթը բացահայտել էր, որ կառավարությունը 32 միլիարդ դրամ բյուջետային վարկ է տրամադրելու այդ ընկերությանը տարեկան ընդամենը 0.001 տոկոսով, ընդ որում՝ առանց գրավի, գումարած 171 միլիոն դրամ, որպեսզի կազմակերպի գնված պարարտանյութի տեղափոխումը և բաշխումը։
Տեղին է հիշել կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանի խոսքերը. «Գոնե տեխնիկական խնդիրները կարո՞ղ ենք լուծել, կանոնակարգերը կարո՞ղ ենք գրել: Հետո գնալ էն մարդկանց հետևից, ովքեր մատակարարներից պարտքեր են վերցնում, գնալ էն մարդկանց հետևից, ովքեր իրանց քեռու տղային են բերում, տենդերում հաղթեցնում կրկնակի ավել գներով»:
‘