‘
Պաղեստինի նախկին առաջնորդ Յասիր Արաֆաթի մահվան հանգամանքները քննող միջազգային փորձագետներն ավարտել են աշխատանքը: Ինչպես տեղեկացնում է «Коммерсантъ» թերթը՝ վկայակոչելով անանուն աղբյուրները, մասնագետները հաստատել են, որ նա մահացել է պոլոնիումով թունավորման արդյունքում: Ըստ պարբերականի՝ փորձաքննության արդյունքները փոխանցվել են Պաղեստինի առաջնորդի այրուն՝ Սուհա Արաֆաթին, և նա պետք է որոշի՝ հրապարակե՞լ դրանք, թե՞ ոչ:
Արաֆաթի մահվան հանագամանքների վերջին փորձաքննությունն անցկացրել են ֆրանսիացի, շվեյցարացի և ռուսաստանցի մասնագետներ: Հետազոտվել են 2012 թ. նոյեմբերին պաղեստինյան առաջնորդի դիակի արտաշիրման արդյունքում ձեռք բերված կենսաբանական նյութերը: Ի դեպ, արտաշիրմումը կատարվել էր շվեյցարացի ճառագայթաբանների առաջ քաշած վարկածից հետո, երբ նրանք կասկած էին հայտնել, որ Արաֆաթը թունավորվել է պոլոնիում-210-ով:
Պաղեստինյան ինքնավարության նախկին ղեկավար Արաֆաթը վախճանվել է 2004 թ. Փարիզում, 75 տարեկան հասակում: Նրա մահվանը նախորդել էր կարճատև մի հիվանդություն, որի պատճառները միանշանակ պարզել հնարավոր չէր եղել, հաղորդում է lenta.ru-ն:
‘