‘Հայտնի իրավաբան Վահե Գրիգորյանը ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածուների շարքում է’

2122

Հայտնի իրավաբան և փաստաբան Վահե Գրիգորյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած թեկնածուներից մեկն է: Այս մասին iLur.am-ին հայտնեց ինքը՝ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից երեկ iLur.am-ին տեղեկացրել էին, որ առաջադրված 11 թեկնածուներից ոչ մեկը չի ցանկանում, որ իր անունը հրապարակվի:

Վահե Գրիգորյանը նշեց, որ ինքը նման ցանկություն չի հայտնել և դեմ չէ, որ իր անունը հրապարակվի:

Նշենք, որ թեկնածություն առաջադրելու վերջնաժամկետն ավարտվել է երեկ ժամը 18.00-ին:

Երկուշաբթի կկայանա մրցութային հանձնաժողովի նիստը, որից հետո կհրապարակվեն հաջորդ փուլ անցած երեք թեկնածուների անունները:

Ստրասբուրգում սեպտեմբերի 29-ին մեկնարկող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանում Վեհաժողովի պատգամավորները փակ, գաղտնի քվեարկությամբ պետք է ընտրեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության դատավորին: Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովն ունի հետևյալ կազմը. Սահմանադրական դատարանի նախագահ  (համաձայնությամբ), Վճռաբեկ դատարանի նախագահ  (համաձայնությամբ) , ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր  (համաձայնությամբ), Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ), ՀՀ արդարադատության նախարար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ  (համաձայնությամբ), Արդարադատության ակադեմիայի ռեկտոր  (համաձայնությամբ), «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության նախագահ:

Ըստ ԵԽԽՎ ընթացակարգերի՝ Հայաստանը Վեհաժողովին պետք է ներկայացնի ՀՀ դատավորի 3 թեկնածուի անուն՝ ձևաթղթի վրա, որոնցից էլ փակ գաղտնի քվեարկությամբ Վեհաժողովի պատգամավորները պետք է ընտրեն. անցնում է ձայների պարզ մեծամասնությունը ստացած թեկնածուն:

Նախորդ հոդվածը‘Իրավապաշտպանները ահազանգում են ցմահ հացադուլավորների նկատմամբ աննախադեպ ճնշումների մասին’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Իշխանափոխության խնդիրը լուծված կարելի է համարել’