‘Հայտնի փաստաբանը պահանջում է արգելել Սաակաշվիլիի կուսակցությունը ‘

666

Վրաց նշանավոր փաստաբան Շալվա Խաչապուրիձեն այսօր հայտարարել է, որ մտադիր է առաջիկայում հայցադիմում ներկայացնել Սահմանադրական դատարան՝ Վրաստանում նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն արգելելու պահանջով, հաղորդում է ВЗГЛЯД-ի թբիլիսյան թղթակիցը:

Խաչապուրիձեն հայտարարել է, որ Վրաստանի սահմանադրությունը և այլ օրենքներ իրավունք են տալիս նման հայց ներկայացնելու, քանի որ նախագահի կուսակցությունը «բռնություն է քարոզում և իրականացնում, և այդպիսի կուսակցության գործունեությունը պետք է կասեցվի»:

Հունլիսին Խաչապուրիձեն հայտնել էր, որ Հաագայի միջազգային քրեական դատարանը հետաքննություն է սկսել 2010 թ. աշնանը ներկայացրած իր մեկ այլ հայցադիմումով՝ «Վրաստանն ընդդեմ Սաակաշվիլիի», որտեղ նշել է վրացական իշխանությունների «հանցավոր քաղաքականությունը», ինչը «վտանգ է սպառնում ոչ միայն իր երկրի քաղաքացիներին, այլև ողջ մարդկությանը, նրա խաղաղ զարգացմանը»: Հոկտեմբերին, նշում է թերթը, խորհրդարանի նախկին խոսնակ, ««Միացյալ Վրաստան» ժողովրդավարական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն նույնպես հայտարարել է Սաակաշվիլիի կուսակցությունն արգելելու անհրաժեշտության մասին՝ պնդելով, որ «պետք է ուսումնասիրվի «Միացյալ ազգային շարժման» գոյության օրինականությունը»: Բուրջանաձեի կարծիքով՝ թե՛ Սաակաշվիլին և թե՛ երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ պետք է կանգնեն դատարանի առջև: «Խորհրդարանական ընտրություններում դրական տեղաշարժ արձանագրվեց, սակայն երկրի նախագահը շարունակում է լինել Սաակաշվիլին, որը չի ուզում հանձնել իշխանությունը»,- հայտարարել է Բուրջանաձեն:

Նախորդ հոդվածը‘Մեսին Պելեի ռեկորդն էլ գերազանցեց’
Հաջորդ հոդվածը‘Զարուհի Փոստանջյանը պահանջում է օրակարգից հանել հայ-թուրքական արձանագրությունները’