‘Հայրիկյանի վրա կրակելու կասկածանքով ձերբակալվածները տվել են խոստովանական ցուցմունքներ (տեսանյութ)’

1895

Փետրվարի 7-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված Սամվել Ալբերտի Հարությունյանը:

Ա. Պողոսյանը և Ս. Հարությունյանը մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից, հանցագործության շարժառիթները ստուգվում են, քննության ընթացքի մասին հանրությանը պարբերաբար կտեղեկացվի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը facebook-յան իր էջում ուշագրավ գրառում է կատարել: «Հունվարի 31-ի հանցագործության` մահափորձի վերաբերյալ ազնիվ հայերի համար լավ լուր ունեմ եւ տխուր լուր` դատարկախոս թափթփուկների համար: Շատ բան ասել չեմ կարող` բացահայտումն սկսված է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` գրել է Պարույր Հայրիկյանը: Նա տեղեկացրել է, որ դրա մասին պաշտոնական տեղեկատվություն կլինի:

Ավելի վաղ Հայրիկյանը հայտարարել էր, որ տեսել է իր վրա հարձակվողի դեմքը, եւ «հարձակվողը հայի դիմագծեր չուներ»:

Ավելի վաղ news.shanttv.com-ը հայտնել էր, որ իրենց ունեցած նախնական տվյալներով՝ երեկ երեկոյան ձերբակալվել է այն անձը, ով կրակել էր ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանի վրա:

ԱԱԾ-ում մեր թղթակցին չեն կարողացել ոչ հերքել, ոչ էլ հաստատել տեղեկությունը՝ նշելով.

«Ավելի ուշ կտարածենք հայտարարություն»:

13:36

Այսօր՝ փետրվարի 8-ին, Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ քննչական վարչությունների խմբերը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության հետ օպերատիվ տվյալներն իրականացնելով, ԱԱԾ քննչական վարչություն են բերման ենթարկել Երևանում փաստացի բնակվող մի քաղաքացու։

Shamshyan.com-ի տեղեկություններով, նշված քաղաքացին կասկածվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ կատարելու մեջ։ Մեր տեղեկություններով, նշված անձը ԱԱԾ-ում տվել է խոստովանական ցուցմունք, և արդեն օպերատիվ քննչական խմբին պետք է ներկայացնի այն հրազենը, որով կրակոցներ է արձակել, իսկ հետո թաքցրել այն։

Մահափորձը բացահայտվել է նաև ոստիկանության և ԱԱԾ-ի համատեղ ուժերով, ինչպես նաև այն տեսախցիկների շնորհիվ, որոնք քննչական խումբը առգրավել էր։

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանն ուղեծիր է արձակել իր առաջին արբանյակը’
Հաջորդ հոդվածը‘Աբրամովիչի հայացքն ուղղվել է դեպի Պելեգրինին’