‘Հայրիկյան. Գործով զբաղվող դատախազի դիրքորոշումը ահաբեկչության խրախուսման գործողություն է’

852

ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը, ում դեմ նախընտրական քարոզարշավի ժամանակ զինված հարձակում էր իրականացվել, գրություն է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին։ Ուղերձը ԱԻՄ առաջնորդը հրապարակել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Հարգելի պարոն Հովսեփյան, Ձեզ գրելուս դրդապատճառն այն է, որ դատախազության համակարգի պաշտոնական ներկայացուցչի դիրքորոշումը 2013 թ.-ի հունվարի 31-ի գործով դատավարության ժամանակ առանց վարանումի կարելի է ահաբեկչության խրախուսման գործողություն համարել։

Իմ նկատմամբ մահափորձի գործով դատարանում օրերս ելութ ունեցած դատախազ Ամիրզադյանը պահանջեց իր կողմից մահափորձի պատվիրատու ճանաչված անձին դատապարտել օրենքով նախատեսուած նվազագոյն ժամկետով։ Եվ սա այն դեպքում, երբ նշված անձը ոչ միայն չի խոստովանել իր մեղքը, որ նշանակում է՝ չի զղջացել և հետագայում էլ պատրաստ է կրկին ահաբեկչության մասնակից դառնալ, այլև ամեն կերպ խոչընդոտել է գործի ամբողջական բացահայտմանը՝ հրաժարվել է ցուցմունքներ տալ ու թաքցրել է իրեն ուղորդողներին։

Նուն կերպ դատախազ Ամիրզադյանը գրեթե նվազագուն պատժի ենթարկելու կոչ է արել հանցագործությունն իրականոցնողների նկատմամբ։ Երկուսն էլ որդեգրել են քննությանը խաբելու, ճշմարտությունը խեղաթյուրելու պահվածք, որն արտահայտում է նախաքննության ընթացքում նաև առերեսումների ժամանակ տված ցուցմունքները դատաքննության ընթացքում փոխելու գործելակերպով։

Եթե օրէնքով նախատեսվածի նվազագույնին են արժանանում դատական համակարգին մոլորեցնելու, իրական հանցագործներին թաքցնելու, անպատիժ թողնելու, որ նույնն է՝ նման հանցագործություն կրկնելու կողմնակիցները, ապա այդ դեպքում ի՞նչ է կիրառվելու իսկապես զղջում ապրած և քննությանն օգնած մարդկանց նկատմամբ։

Այդպես արագ մոռացա՞նք նախնական գնահատականները, որ «այս հանցագործությունն ուղղված էր մեր անկախության, մեր պետականության, մեր ընտրական գործընթացների, Հայաստանի կայունության և ընդհանրապես հայ ժողովրդի դեմ»։

Այստեղ տարօրինակն այն է, որ գլխավոր կազմակերպիչ-պատվիրատուն՝ կատարողներին գործի մեջ ներքաշողը, պակաս մեղավոր է նկատվել, քան կատարողները, որոնց համար դատախազը պահանջել է մեկ և երկու տարով ավելի ազատազրկում։ Տրամաբանական կհամարեի՞նք, եթե Նյուրենբերգյան դատավարության դատապարտյալները՝ հրամաններ տվողները, ավելի մեղմ պատժի արժանանային, քան ստորադաս կատարողները… Չէ՞ որ այս կերպ խրախուսվում է հանցագործության պատվեր տալը։

Ես կտրականապես բողոքում եմ Ձեր համակարգի ներկայացուցչի նման դիրքորոշման դեմ և կոչ եմ անում ծառայողական մանրակրկիտ քննության ենթարկել նրա՝ ինչ-որ տեղ նաև կասկածներ ներշնչող վարքագիծը»,- ասված է ուղերձում:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ժամը 23:30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր իրականացվել: ԱԱԾ քննչական վարչությունում գործ էր հարուցվել: Փետրվարի 7-ին Հայրիկյանի գործով ձերբակալվել էին Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակով գտնվող երկու կասկածյալ՝ 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը: Մարտի 5-ին Հայրկյանի գործով կալանավորվել էր նաև նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը: Նա մեղադրվում է մահափորձը պատվիրելու մեջ:

Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, առաջադրվելով 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու, քարոզարշավի ընթացքում, իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածուի` քաղաքական գործիչ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը` նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այդ նպատակով զենք ձեռք բերելու համար հանցակիցներին Վարդան Սեդրակյանը տվել 1000 ԱՄՆ դոլար, ինչը Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը հավասարապես կիսել են միմյանց միջև։

Նախորդ հոդվածը‘«Ժառանգության ժառանգները». Հայաստանում կմեկնարկեն Եվրոպական ժառանգության օրերը’
Հաջորդ հոդվածը‘Հալիձոր համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական միակ թեկնածուն’