‘«ՀայՓոստի» բաժանմունքներում ՊԵԿ-ի սպասարկման կետեր կստեղծվեն’

904

Պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է առաջիկայում զգալի ընդլայնել սպասարկման կետերի ցանցը` ընդգրկելով նոր ոլորտներ:

ՀՀ կառավարության` դեկտեմբերի 6-ի նիստում հավանության է արժանացել «ՀայՓոստ» ՓԲԸ-ի հետ միջև համագործակցության պայմանագիր կնքելու` պետական եկամուտների կոմիտեի առաջարկը: Դա նշանակում է, որ համատեղ նախաձեռնությամբ «ՀայՓոստի» վերանորոգված և արդիականացված բոլոր բաժանմունքներում կստեղծվեն սպասարկման կետեր, որտեղ աշխատելու են ՊԵԿ ներկայացուցիչներ:

Լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն ընդգծել է, որ կոմիտեն կարևորում է հարկ վճարողներին մատուցվող ծառայութունների որակը. «Համոզված ենք, որ այս նախաձեռնությունը շրջադարձային մոտեցում է և որակապես նոր հարթություն է տեղափոխելու մեր կողմից իրականացվող սպասարկման գործառույթը»: Դեռևս 2008-ից ներդրված էլեկտրոնային կառավարման համակարգի և ծառայությունների կատարելագործման, բարեփոխումների շարունակականության ապահովման արդյունքում, ըստ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի, այսօր հնարավորություն է ստեղծվում Հայաստանի ամբողջ տարածքով մեկ, անտեսելով աշխարհագրական դիրքն, ավելի քան 200 կետերում առցանց ռեժիմով ունենալ հարկային և մաքսային ոլորտները սպասարկող միանման ծառայություններ.

ՊԵԿ ներկայացուցիչների հիմնական գործառույթներն են լինելու էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման, հարկերի, տուրքերի և այլ վճարումների հետ կապված հարցերին օժանդակումը, ինչպես նաև հարկային և մաքսային վարչարարության, օրենսդրության հետ կապված հարցերի պարզաբանումը: Իսկ «ՀայՓոստի» բաժանմունքներում տեղադրվող տերմինալների միջոցով ՊԵԿ ներկայացուցիչների աջակցությամբ հարկ վճարողները կկարողանան նաև հարկային հաշվարկներ ու հաշվետվություններ ներկայացնել: Նախատեսվում է նաև, տեխնիկական հնարավորությունների դեպքում, առանձին փոստային բաժանմունքներում իրականացնել փոստային առաքանիների արտահանման և ներմուծման հետ կապված մաքսային ձևակերպումներ և մաքսազերծում: Այս նախաձեռնության առանձնահատկություններից մեկն այն է, որ հարկ վճարողները հնարավորություն կունենան նույն վայրում միաժամանակ օգտվել ինչպես «ՀայՓոստի», այնպես էլ ՊԵԿ-ի ծառայություններից, հաղորդում է PanArmenian.net-ը:

Նախորդ հոդվածը‘Կուբայում մարդու իրավունքների պաշտպանության օրը յուրահատուկ է անցել՝ զանգվածային ձերբակալություններով’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. Ի սկզբանե արտագաղթն էր’