‘
Հոկտեմբերի 2-ին Երևանի տիկնիկային թատրոնում Հայֆեստ միջազգային թատերական փառատոնի շրջանակում տեղի կունենա 2012թ. Պուլիցերյան մրցանակի արժանացած «Ջուրը՝ գդալ-գդալ» պիեսի պրեմիերան:
Պիեսը ներկայացնում է Իրաքի պատերազմում վիրավորված վետերանի վերապրած տրավման ու նրա պայքարը վերաինտեգրման ու կյանքի բնականոն հուն վերադառնալու ճանապարհին: Պրեմիերայի հատուկ հյուրերի շարքում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը, Արմանդո Ռիեսկոն, ով պիեսի առաջին ամերիկյան բեմադրության մեջ մարմնավորել է գլխավոր հերոսի կերպարը, և Էլիոթ Ռուիզը՝ ԱՄՆ ծովահետևակի նախկին զինծառայող, ում կյանքի պատմությունը հիմք է հանդիսացել պիեսի համար:
Այս պիեսն ընտրվել է ԱՄՆ դեսպանության կողմից այն ակնկալիքով, որ հայ հանդիսատեսի շրջանում քննարկում ծավալվի այն մասին, թե հասարակությունն ինչպես է ընդունում պատերազմից ու զինվորական ծառայությունից վերադարձած երիտասարդներին, ովքեր խորը վերքեր ունեն՝ ֆիզիկապես և հոգեպես: «Ջուրը՝ գդալ-գդալ» պիեսում առաջ են քաշվում հարցեր, որոնք Հայաստանում, ընդհանուր առմամբ, չեն արծարծվում, և շեշտադրվում են հետպատերազմյան տրավմաների ու հաշմանդամության հետ կապված խնդիրները:
Ռիեսկոն աշխատել է Հայաստանի ստեղծագործական թիմի հետ բեմադրության հարցերի շուրջ. եղել են մի շարք տեսազանգեր, իսկ այս շաբաթ նա ժամանել է Հայաստան բեմադրության վերջնական աշխատանքներին մասնակցելու ու պրեմիերային ներկա գտնվելու համար: Հայաստանում Ռիեսկոն անցկացնում է վարպետության դասեր երիտասարդ սցենարիստների հետ, տարբեր հանդիպումներում ներկայացնում է պիեսում արծարծվող հարցերը և մշակութային ոլորտի գործընկերների հետ քննության է առնում ժամանակակից ամերիկյան դրաման: Բեմադրության նախապատրաստական աշխատանքների սկզբում հայկական ստեղծագործական խմբի հետ աշխատել է նաև ամերիկացի ռեժիսոր Սանչեզը: Իսկ Ռուիզը օգնում է պիեսի ադապտացման հարցում, ինչպես նաև հանդիպումներ է ունենում հայ վետերանների ու զինծառայողների հետ՝ ներկայացնելով ԱՄՆ ծովահետևակի զինծառայողի իր փորձը: Պիեսը հայաստանյան բեմում կներկայացվի 10 անգամ, ընդ որում՝ երկուսը Հայֆեստի շրջանակում: Վերջին ներկայացումը կլինի նոյեմբերի 24-ին: Բոլոր ներկայացումների մուտքն ազատ է:
‘