‘«Հայֆիլմի» ապագան կորոշի պետությունը’

721

«Հայֆիլմ» կինոստուդիայի ապագան կորոշի պետությունը:  Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում հիշեցրել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավար Գևորգ Գևորգյանը, դեռ տարեսկզբին ինքը բարձրացրել է «CS Films-Studios» ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների չկատարման հարցը: «Ես բացահայտ խոսում եմ այդ մասին, քանի որ վստահ եմ, որ մինչև պայմանագրի ժամկետի լրանալը մնացած ժամանակահատվածում իրենք ոչինչ չեն հասցնի անել»,- նշել է Գևորգյանը:

Հիշեցնենք, որ 9 տարի առաջ կինոստուդիան 350 մլն դրամով վաճառվել է «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամին պատկանող «CS Films-Studios»-ին: Ընկերությունը պարտավորվել էր թվայնացնել ֆիլմերը և կինոստուդիայի հիմնանորոգում ու տեխնիկական վերազինում իրականացնել: Թվայնացման ենթակա էր մոտ 500 ֆիլմ, սակայն այսօրվա դրությամբ թվայնացվել է շուրջ 380-ը, ըստ որում`շուրջ 50-ն ունեցել է այս կամ այն տեխնիկական խնդիրներ: Ինչ վերաբերում է «Հայֆիլմի» նյութատեխնիկական բազայի ներդրումներին (հիշեցնենք, որ այդ նպատակով «CS Films-Studios»-ը պարտավորվել էր 10 մլրդ դրամ հատկացնել 10 տարվա ընթացքում), այդ հարցն այդպես էլ չլուծված է մնացել:

«Մեզ մնում է միայն սպասել մինչև 2015 թվականը, երբ կլրանա «CS Films-Studios»-ի հետ պայմանագրի ժամկետը: Այդ ժամանակ արդեն կառավարությունը կկարողանա ընկերությունից պահանջել կետ առ կետ ցույց տալ կատարված աշխատանքը: Ցավոք, պայմանագիրն այնպես է կազմված, որ մինչև վերջինիս ժամկետի լրանալն այդ քայլն անելու հնարավորություն չկա»,- հայտնել է Գևորգյանը: 

 

Նախորդ հոդվածը‘Բելառուսի ՊԱԿ-ը տեղեկացրել է ինքնաթիռ առևանգելու փորձի մասին’
Հաջորդ հոդվածը‘«Առավոտ»-ը հրապարակել է Լիսկայի դատվածությունների փաստաթղթեր’