Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը Բաբկեն Արարքցյանի 80-ամյակի առիթով

2360

Լրացավ պետական-քաղաքական գործիչ, Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի անդամ, ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի առաջին նախագահ Բաբկեն Արարքցյանի 80-ամյակը։

Մոտ մեկ տարի առաջ նա հրաժեշտ տվեց կյանքին։

Ղարաբաղյան շարժման ճանաչված առաջնորդներից էր Բաբկեն Արարքցյանը՝ գործառնական կարեւոր դերակատարմամբ։ Հայաստանի Հանրապետության հիմնադիր հայրերից է նա՝ ոչ միայն իր ստանձնած կարեւոր պաշտոնի բերումով, այլեւ գործին անսահման նվիրվածությամբ՝ Հայաստանի անկախության ձեռքբերման, պետականության կառուցման գործում ունեցած իր մեծագույն վաստակով։

Անգնահատելի է նրա ավանդը որպես Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության մարմնի կայացնող ու այդ մարմնի ղեկավար։ Նրա ղեկավարած Գերագույն խորհուրդն ու Ազգային ժողովը, «ամենադժվար» կազմերն ունենալով հանդերձ,  իրենց գործունեության արդյունավետությամբ ու քաղաքական որակով կտրուկ տարբերվում են հետագա խորհրդարաններից՝ պայմանավորված առաջին հերթին Բաբկեն Արարքցյանի` որպես այդ մարմինների ղեկավարի, գիտնականի եւ քաղաքական գործչի անձնական ունակություններով ու դերակատարմամբ։

Գերագույն խորհրդի, ապա Ազգային ժողովի առջեւ դժվարագույն խնդիր էր դրված՝ ապահովել խորհրդային քաղաքական ու տնտեսական համակարգից, ըստ էության, տրամագծորեն հակառակ՝ ազատ շուկայական հարաբերությունների եւ ժողովրդավարական համակարգի անցման օրենսդրական մեխանիզմների ստեղծումը։ Ընդ որում՝ դա անել այնպես, որ հասարակական կյանքի ու հարաբերությունների կարգավորման ասպարեզում վտանգավոր  օրենսդրական «վակուում»՝  չառաջանա։ Բաբկեն Արարքցյանի ղեկավարած օրենսդիր մարմինն է իրականացրել քաղաքական համակարգը ժողովրդավարական համակարգին համապատասխանեցնելու՝ իշխանությունների տարանջատման ու հակակշիռների ապահովման օրենսդրական նուրբ ու բարդ աշխատանքը։ Ինչպես Գերագույն խորհուրդը, այնպես էլ Ազգային ժողովը նրա ղեկավարությամբ ապահովում էին գործադիր մարմնի լիակատար հաշվետվողականությունն օրենսդիր մարմնին` այդ պահին գործող օրենսդրությանը համապատասխան։

Բաբկեն Արարքցյանի անվան հետ է անխզելիորեն կապված Հայաստանի անկախության հանրաքվեն։ Նա է ղեկավարել հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը՝ ամենաբարդ ու ամենադրամատիկ պայմաններում ապահովել  դրա արդյունավետ ու հետեւողական աշխատանքն ու փայլուն արդյունքը։ Պատկերավոր ասած՝ եթե քառամյա իր անմնացորդ հերոսական պայքարով հայ ժողովուրդն էր Հայաստանի անկախության ծնողը, ապա Բաբկեն Արարքցյանն էր սրբազան այդ ծնունդն ընդունելու պատասխանատուն։

Բարձր գնահատելով Բաբկեն Գուրգենի Արարքցյանի քաղաքական վաստակը՝ նրա 80-ամյակի առիթով առաջիկայում կկազմակերպվի նաեւ նրա գործի ու ավանդի գնահատման եւ մեծարանքի հրապարակային միջոցառում։

Բաբկեն Արարքցյանի կենսագրությունը

Բաբկեն Արարքցյանը ծնվել է 1944 թվականի սեպտեմբերի 16-ին, Երեւանում։ Նրա նախնիները Վան քաղաքից են։ Մաթեմատիկական գիտությունների թեկնածու էր, դոցենտ։ Մասնագիտությամբ աշխատել է տարբեր հիմնարկներում, նաեւ դասավանդել Երեւանի պետական համալսարանում։ Հեղինակել է մի քանի տասնյակ գիտական աշխատություններ, դասագրքեր։ 1988 թ. փետրվարից ծայր առած Ղարաբաղյան շարժման առաջին օրերից Ազատության հրապարակում էր, ակտիվ մասնակիցը կազմակերպչական եւ այլ աշխատանքների։ Նույն թվականի մայիսի վերջերից ընդգրկվել է համաժողովրդական շարժումը ղեկավարող «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի» («Ղարաբաղ» կոմիտե) կազմում։

Ինչպես Կոմիտեի մյուս անդամների, այնպես էլ Բաբկեն Արարքցյանի համար դա անմնացորդ ու անվերապահ նվիրում էր՝ պատրաստ ստանձնելու ու կատարելու ցանկացած գործ, անկախ դրա բարդությունից ու վտանգավորության աստիճանից։ 1988 թ. հուլիսի 5-ին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում վտանգավոր զարգացումները կանխելու համար` Կոմիտեի այլ անդամների հետ, այստեղ էր նաեւ Բաբկեն Արարքցյանը։

Դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժից առաջացած իրավիճակն օգտագործելով` ԽՍՀՄ ղեկավար Գորբաչովի հրահանգով դեկտեմբերի 10-ին ձերբակալվեցին Շարժման ղեկավար մարմնի անդամները։ Ձերբակալվածների առաջին խմբի մեջ էր Բաբկեն Արարքցյանը։ Շուրջ վեց ամիս մոսկովյան ամենախիստ ռեժիմի բանտերում անցկացնելուց հետո, Շարժման եւ միջազգային հանրության վճռական ճնշումների տակ խորհրդային իշխանությունը 1989 թ. մայիսի վերջին ստիպված էր ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Նոր թափով ծավալված Շարժումը ձեռնարկում էր նաեւ կատարման հաջողության տեսակետից անհավատալի թվացող քայլեր։ Նման մի նախաձեռնություն էր նույն՝ 1989 թ. թվականի աշնանը դեպի Արցախ շինարարական նյութերի ու տեխնիկայի տեղափոխումը։ Երկու շարասյուներից մեկը՝ 300 բեռնատար մեքենաներով, տեղական իշխանության եւ խորհրդային զինվորականների հարուցած խոչընդոտները հաղթահարելով, Ստեփանակերտ հասավ Բաբկեն Արարքցյանի գլխավորությամբ։ Այդ պահին դա, նյութական աջակցությունից զատ, նաեւ հսկայական մի լիցք էր, բարոյական ու հոգեբանական աջակցություն Արցախի ժողովրդին, որ համեմատական ընկճված վիճակում էր հայտնվել՝ ի տես Բաքվի կողմից ադրբեջանական բնակավայրերում իրականացվող լայնածավալ շինարարության։

1990 թ. հունվարին Երասխում տեղի ունեցավ առաջին լուրջ զինված ոտնձգությունը Հայաստանի նկատմամբ։ Հակառակորդի դեմ մոտ մեկ շաբաթ կռվի բռնված երկրապահ ջոկատների գործողությունները «Ղարաբաղ» կոմիտեի կողմից համակարգում էր Բաբկեն Արարքցյանը։ Իսկ ճակատամարտի ավարտից հետո նա էր երեք բանագնացներից մեկը՝ հետագա նմանօրինակ դեպքերը կանխելու նպատակով ադրբեջանական կողմի հետ բանակցություններում։ Բազմաթիվ են նմանօրինակ վտանգավոր ու պատասխանատու իրավիճակներում Բաբկեն Արարքցյանի մասնակցությունը, եւ բոլոր դեպքերում նա կարողացել է հաջողությամբ իրականացնել իր վրա դրված կամ ինքնակամ ստանձնած պարտավորությունները։ Շարժման տարիներին, տեղեկատվական խուլ շրջափակման պայմաններում, նա շատ կարեւոր գործ էր անում կատարվող իրադարձությունների մասին միջազգային հանրությանը տեղյակ պահելու հարցում։

1990 թ. մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Համաժողովրդական շարժման քաղաքական կառույցը՝ Հայոց համազգային շարժումը, կարողացավ հաջողության հասնել։ Հայաստանում կոմունիստական 70-ամյա դարաշրջանն ավարտվեց։ Լեւոն Տեր-Պետրոսյանի ԳԽ նախագահ ընտրվելուց հետո` օգոստոսի 6-ին Բաբկեն Արարքցյանն ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ, իսկ 1991 թ. դեկտեմբերին (նախագահական համակարգի հաստատումից հետո)՝ Գերագույն խորհրդի նախագահ։

1991 թ. ապրիլից ԽՍՀՄ իշխանությունը` Ադրբեջանի հետ միասին, Լեռնային Ղարաբաղում ու հարակից հայաբնակ շրջաններում սկսեց, այսպես կոչված, «Կոլցո» ռազմական գործողությունը՝ հայ բնակչությանը բռնագաղթի ենթարկելու նպատակով։ Միայն երկրապահ ջոկատներով դրան դիմակայելն անհնար պիտի լիներ, եթե չլիներ նաեւ, այդ դեպքում շատ ավելի կարեւոր, դիվանագիտական աշխատանքը՝ ստանալու համար միջազգային հանրության, աշխարհի խոշոր երկրների աջակցությունը: Այս գործում եւս Բաբկեն Արարքցյանն ունեցավ իր նպաստը. արդյունավետ էին նրա այցը Ֆրանսիա մայիսի 7-ին, նրա հանդիպումները քաղաքական ուժերի ղեկավարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նույն թվականի օգոստոսի 19-ին Մոսկվայում կատարվեց պետական հեղաշրջում (ԳԿՉՊ), իշխանությունը զավթած հետադիմական ուժերը շատ վճռական էին տրամադրված հատկապես անկախության եւ ժողովրդավարական ուղին բռնած հանրապետությունների ու շարժումների դեմ։ Հայաստանը կարող էր լինել առաջին թիրախներից մեկը։ Արցախի Հաթերք գյուղում տեղի բնակիչների կողմից պատանդ էին վերցվել ռուս զինվորներ, եւ դա շատ հարմար առիթ կարող էր լինել հարվածի տակ ընկնելու համար։ ԽՍՀՄ ԳԽ-ի պատգամավորների, ինչպես նաեւ Հայաստանից Վազգեն Սարգսյանի եւ Սերժիկ Սարգսյանի ջանքերն ապարդյուն էին անցել պատանդներին ազատ արձակելու հարցում։ Միջադեպը հարթվեց հենց օգոստոսի 19-ին՝ այդ նպատակով այստեղ ժամանած ՀՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալ Բաբկեն Արարքցյանի ջանքերով:

1991-ին ամենապատասխանատու խնդիրը Անկախության հանրաքվեի անցկացումն էր։ Դա ժողովրդավարական նոր իշխանության առաջին նմանօրինակ զանգվածային ընտրական միջոցառումն էր: Կազմակերպչական եւ նախապատրաստական ամբողջ աշխատանքը ղեկավարել էր Հանրաքվեի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը ղեկավարում էր Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ Բաբկեն Արարքցյանը: Անկախության հանրաքվեն անցավ բացառիկ կազմակերպված եւ համաժողովրդական մեծագույն ոգեւորության պայմաններում՝ արժանանալով նաեւ միջազգային հանրության բարձր գնահատականին:

Բաբկեն Արարքցյանի անվան հետ է կապված Հայաստանի արտաքին քաղաքական ամենանշանակալից նվաճումներից մեկը՝ Ղարաբաղյան պատերազմում հաստատված զինադադարը՝ հայկական կողմի համար ամենաշահեկան իրավիճակում։ 1994 թ. մայիսին նա էր ղեկավարում հայաստանյան պատվիրակությունը Բիշքեկում, որտեղ Ռուսաստանի, Ղրղզստանի եւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջնորդությամբ պետք է լուծվեր Ղարաբաղյան պատերազմում կրակի դադարեցման, զինադադարի հաստատման հարցը։ Պետական-քաղաքական գործչի հենց այս որակները, անձնական ունակությունները եւ կուտակած ահռելի փորձը նկատի ունենալով է, որ, երբ 1998 թ. պետական հեղաշրջմամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ միասին հրաժարական ներկայացրեց նաեւ Բաբկեն Արարքցյանը, նրան խնդրեցին, որ շարունակի աշխատանքը, ինչից վիրավորված նա նետեց. «Ես վարձու աշխատող չեմ»։ Բաբկեն Արարքցյանի համար սրբություն էին Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման գաղափարներն ու սկզբունքները։ Հրաժարականից հետո նա ստեղծեց «Արմատ» հասարակական-քաղաքական կազմակերպությունը եւ տարիներ շարունակ հնարավոր ամեն ինչ անում էր հասարակության մեջ այդ գաղափարների պահպանման ու հետագա տարածման համար։ Չնայած իր համեստ թվակազմին՝ այս կազմակերպությունը ամենօրյա աշխատանքով կարեւոր դեր խաղաց հաստատվող ավազակապետական համակարգի դեմ պայքարում։ 2003 թ. հենց նրա ջանքերով հնարավոր եղավ ձախողել քոչարյանական սահմանադրական փոփոխությունների առաջին փորձը։ Հասարակական այս կազմակերպության շուրջ ձեւավորված «Իմպիչմենտ» դաշինքը 2007 թ. գարնանը խորհրդարանական ընտրություններում ամենալուրջ «գլխացավանքն» էր իշխանության համար։ Հայաստանի պետականության ձեռքբերման եւ կայացման երախտավոր Բաբկեն Արարքցյանի կյանքն իր երկրին ու ժողովրդին անմնացորդ նվիրումի ու անխոնջ պայքարի բացառիկ մի օրինակ է եւ որպես այդպիսին դեռ ծառայելու է սերունդներին։

Նախորդ հոդվածըԶինվոր է սպանվել
Հաջորդ հոդվածըԱնկախության հանրաքվե – 1