‘Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները Սարյանի պուրակում նշեցին Անկախության տոնը (Տեսանյութ)’

2056

Հայ ազգային կոնգրեսի անդամները, մի շարք հասարակական ու քաղաքական ուժերի ներկայացուցիչների ու անհատների հետ միասին այսօր Սարյանի պուրակում նշում էին Անկախության տոնը: 

Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանն իր շնորհավորական խոսքում նշեց, որ Անկախությանից ավելի բարձր արժեք, երբ քաղաքացին իրեն զգում է քաղաքացի եւ կամովին քվեարկում է իր երկրի ճակատագրի համար, գոյություն չունի: «Մեր անկախությունը մենք վաստակել ենք դժվարությամբ, զոհերով, ցուրտ, անլույս, պատերազմի տարիներով: Ղարաբաղյան ազատամարտի, երկրաշարժի եւ Սովետմիության փլուզման ծանր բեռը մեզ չխեղճացրեցին եւ հենց այդ օրերին էլ մենք քվեարկեցինք մեր անկախության համար: Այս ամենը բառերով նկարագրել հնարավոր չէ. սա ոչ սովորական, ոչ հերթական միջոցառում էր, այն ոգեղեն, պատմական մի բան էր, որը եկավ եւ մեր ժողովրդին ասաց` դու համաձա՞յն ես այս փորձությանը, իսկ ժողովուրդը պատաասխանեց` այո»,- նշեց Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով` Հայաստանի անկախությունը այժմ ոչնչացման ճանապարհին է: «Յոթ տարի առաջ այս օրը սկսվեց մի նոր շարժման փուլ, որի նպատակը անկախության պահպանումն էր: Այն բոլոր միջոցառումները, որոնք մենք կսկսենք հոկտեմբերի 10-ին ունեն մեկ նպատակ` պահպանել Հայաստանի սուվերենությունը, ինքնուրությունը եւ մեր ու ձեր կերտած պետականությունն ու անկախությունը»,- ասաց նա` հավելելով, որ սա է այդ բարձրագույն արժեքը, որին ձգտում են բոլորը, իսկ հոկտեմբերի 10-ը կլինի անկախության պահպաման հաջորդ փուլը: 

Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Զոյա Թադեւսյանը իր ելույթում նշեց, որ տարիներ առաջ ունենալով անկախություն` Հայաստանի Հանրապետությունը այսօր կանգնած է մի փաստի առջեւ, որ կարծես թե այդ անկախությունից ոչինչ չի մնացել: «Մեզ համար դա շատ թանկ գաղափար է, սակայն մեզանից յուրաքանչյուրը գիտի, որ այսօր էլ մենք շատ անելիքներ ունենք` պետք է ստեղծենք իրական անկախություն: Մենք ապրելու ենք ազատ ու անկախ Հայաստանում, մենք դա խոստացել ենք 2008 թվականին եւ կատարելու ենք մեր խոստումը»,- նշեց Զոյա Թադեւոսյանը: Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի խոսքով` այսօրվա Հայաստանի իշխանությունները այնքան քիչ արժեվորում են տալիս անկախության տոնին, որ կարծես թե ընդդիմությունը պետք է իրենց փոխարեն դառնա այս տոնի, այս արժեքի կրողը: «Հայաստանում ոչ ոք այդքան քաղցրությամբ, այդքան իմաստալից ձեւով չի շնորհավորում մեկը մյուսին ինչքան մենք, քանի որ Հայ ազգային կոնգրեսը` նախկինում Հայոց համազգային շարժումը, դա այն քաղաքական ուժն է, որը հիմնադրել, նվաճել է անկախությունը, եւ հենց այդ պատճառով էլ այս տոնը հատկապես քաղցր է մեզ համար: Հենց դրա համար էլ ասում ենք` տոնդ շնորհավոր, ընդդիմություն»,- նշեց Լեւոն Զուրաբյանը` հավելելով, որ այդ օրը մի օր գալու է, երբ Հայաստանը ունենալու է իշխանություն, որի համար անկախության օրը լինելու է ամենակարեւոր տոնը: 

Նախորդ հոդվածը‘Լուիս Էնրիկե. «Լուիս Սուարեսն այնպես է մարզվում, կարծես հաջորդ օրը հանդիպում կա»’
Հաջորդ հոդվածը‘ԻԼԻՊ-ը պայթեցրել է Դեյր Զորի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցին’