‘Հայ Ազգային Կոնգրեսի ցավակցությունը Պետրոս Տեր-Պետրոսյանի մահվան առթիվ’

5261

Հայ Ազգային Կոնգրեսը խոր վշտով տեղեկացավ համաժողովրդական շարժման ակտիվ մասնակից, Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր` Պետրոս Տեր-Պետրոսյանի մահվան մասին: Իր հարուստ փորձով Պետրոս Տեր-Պետրոսյանը ուրույն և զգալի նպաստն է բերել համաժողովրդական շարժմանը, ինչպես 1988-1991թթ., այնպես էլ 2008 թվականից մինչ օրս: Ողջ կյանքի ընթացքում նա անմնացորդ նվիրումով և սկզբունքայնությամբ ծառայեց իր պետությանն ու ժողովրդին:

Հայ Ազգային Կոնգրեսը ցավակցում է նախագահ Տեր-Պետրոսյանին, Պետրոս Տեր-Պետրոսյանի ընտանիքին, նրա բոլոր հարազատներին և մտերիմներին` այս ծանր կորստի առթիվ:

Պետրոս Հակոբի Տեր-Պետրոսյան

Ծնվել է 1941թ. փետրվարի 16-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: 1946 թվականին ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան:

Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի ինժեներական ակադեմիայի թղթակից անդամ, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի շինարարական իրերի և կոնստրուկցիաների արտադրության ամբիոնի վարիչ, գիտական ուղղությունը` բետոնի և երկաթբետոնի արտադրությունում հրաբխային ապարների կիրառումը: Հանրապետության խոշորապանելային տնաշինության հիմնադիրներից է (1963թ.), ԱՊՀ շինարարական բուհերի ընկերակցության պատվավոր պրոֆեսոր (2002թ.):

1968 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը` շինարարական իրերի և կոնստրուկցիաների արտադրության մասնագիտությամբ: 1963-1972թթ. աշխատել է ՀՀ շինարարության նախարարության համակարգի ձեռնարկություններում, որպես արտադրամասի պետ, արտադրության պետ, գլխավոր տեխնոլոգ, գլխավոր ճարտարագետ, 1972-1978թթ.` որպես Ա. Թամանյանի անվան շինարարական տեխնիկումի ուսումնաարտադրական աշխատանքի գծով փոխտնօրեն, տնօրենի պաշտոնակատար, 1978-1990թթ.` որպես ՀՀ գյուղական շինարարության նախարարության արդյունաբերական ձեռնարկությունների վարչության գլխավոր տեխնոլոգ, վարչության պետ, 1990-1993թթ.` որպես ՀՀ գյուղական շինարարության նախարարության արդյունաբերական ձեռնարկությունների գլխավոր վարչության պետ, 1993-1998թթ.` որպես «Շինինդուստրիա» պետական ձեռնարկության գլխավոր տնօրեն, նախարարության կոլեգիայի անդամ, 1995-2000թթ.` որպես ՀՀ Շինարարների ընկերակցության նախագահ. «Հայաստանի շինարարների տեղեկագիր» ամսագրի գլխավոր խմբագիր, 2000թ.` գիտական գծով խմբագիր: Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում աշխատել է 1985 թվականից որպես ավագ դասախոս, դոցենտ, պրոֆեսոր: Շուրջ 75 գիտական հրատարակությունների, այդ թվում` 7 գրքերի, 6 գյուտերի հեղինակ է: Մասնակցել է Չեռնոբիլի ատոմակայանի աշխատակիցների համար կառուցվող Սլավուտիչ քաղաքի շինարարական աշխատանքներին, որի համար պարգևատրվել է Ուկրաինայի «Ծառայության համար» շքանշանով (1997թ.): 

Տեղեկացնում ենք, որ Պետրոս Տեր-Պետրոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին, Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում, ժամը` 18.00-20.00-ը:  Հուղարկավորությունը` օգոստոսի 6-ին, ժամը 13.30-ին` նույն վայրից:

Նախորդ հոդվածը‘«Լևանտեն» ձեռք է բերում «Ռեալի» դարպասապահին’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Շատ խելք պետք չէ՝ հասկանալու համար, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը հնարավոր է’