‘Հայ ազգային կոնգրեսն առանձին է մասնակցելու մայիսի 5-ին նախատեսված Երեւանի ավագանու ընտրություններին: ‘

1321

Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասելէ, թե չորս քաղաքական ուժերի` ՀԱԿ-ի, «Բարգավաճ Հայաստան»-ի (ԲՀԿ), Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) ու «Ժառանգության» միջեւ բանակցություններն անհաջողության մատնվեցին, ուստի եւ Կոնգրեսում որոշում է կայացվել երեւանյան ընտրություններին առանձին մասնակցել:

Հիշեցնենք, որօրերս ՀԱԿ-ը կոչ էր արել ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին ու «Ժառանգությանը» համախմբել ուժերը եւ միասնական ցուցակով հանդես գալ մայրաքաղաքային ընտրություններում:

Երկու օր առաջ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ԲՀԿ-ն պատրաստ է միասնական` կոնսոլիդացված ցուցակով հանդես գալ Երեւանի ավագանու ընտրություններում, սակայն եթե այդ ցուցակում առանցքային տեղը պատկանի ԲՀԿ-ին, իսկ ցուցակն էլ գլխավորի Վարդան Օսկանյանը:

Լեւոն Զուրաբյանն այս կապակցությամբ ասել է, որ տեղի են ունեցել բազմաթիվ կոնսուլտացիաներ, բանակցություններ տարբեր ֆորմատներով այս չորս քաղաքական ուժերի միջեւ: «Միասնական ցուցակի առումով կարծես որեւէ արդյունքի չենք հանգել, բայց ես կարծում եմ, որ դրանից ոչ մի ողբերգություն սարքել պետք չէ, որովհետեւ շատ ավելի կարեւոր է, որ ձեւավորվի քառակողմ մի ձեւաչափ, որը հռչակում է իր նպատակը վերադարձնել Երեւանում իշխանությունը ժողովրդին: Դրա համար մենք կարող ենք համագործակցել երեք կարեւորագույն նպատակների շուրջ. առաջին` մենք փոխադարձ պայմանավորվում ենք, որ չենք քննադատում իրար, քննադատության հիմնական թիրախը դառնում է իշխանությունը», — պարզաբանելէ Զուրաբյանը:

«Երկրորդն այն է, որ օգտագործելով չորս քաղաքական ուժերի ռեսուրսները` տեղամասային հանձնաժողովներում, վստահված անձինք, մենք կարող ենք շատ արդյունավետ վերահսկողություն սահմանել Երեւանի 500-ից ավելի ընտրատեղամասերում», — շարունակելէ Զուրաբյանը. — «Եվ երրորդը այն է, որ ընտրություններից հետո մենք կարող ենք, եթե Հանրապետականը չկարողանա իր ընտրակեղծիքներով ապահովել 40 տոկոսանոց արդյունքը, կազմել կոալիցիա եւ ընտրել Երեւանի նոր քաղաքապետին, որը կլինի ընդդիմության ներկայացուցիչ»:

Հարցին, թե այդ երեք կետերի շուրջ նշված քաղաքական ուժերի միջեւ կա՞ պայմանավորվածություն, Լեւոն Զուրաբյանը պատասխանելէ. — «Մենք կոնսուլտացիաները շարունակում ենք եւ քառակողմ համաձայնագիր, որն արդեն ձեւակերպված կարելի է ներկայացնել ժողովրդին, չկա, բայց ընդհանուր առմամբ կան հակվածություններ նման որոշում ընդունելու»:

Անդրադառնալով մայրաքաղաքային ընտրություններում առանձին հանդես գալու որոշմանը` Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավարը նշեց. — «Մենք, իհարկե, առաջինն ենք առաջարկ արել, որ միասնական ցուցակով գնանք: Մենք շատ ուրախ էինք, որ երեք քաղաքական ուժ` ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» եւ Դաշնակցությունը ունեցան բանակցություններ այս հարցով, որովհետեւ ինչ արդյունքի էլ նրանք գային, մենք որեւէ ամբիցիա չէինք ներկայացնի եւ կմիանայինք այդ ձեռքբերված համաձայնությանը, ինչ համաձայնություն էլ որ կայացվեր այդ ուժերի միջեւ: Ցավոք սրտի, դա չեղավ, բայց անգամ եթե միասնական ցուցակը չի ստացվում, մենք պետք է կռիվ տանք այս իշխանության դեմ եւ այո, եթե չի ստացվում միասնական ցուցակը, ՀԱԿ-ը շատ մարտականորեն, շատ վճռականորեն պատրաստ է մասնակցել ավագանու ընտրություններին»:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի վարչապետը խոստանում է մարզերին իշխանություն տալ’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայի կրկեսում մարմնամարզիկը ներկայացման ժամանակ ընկել է մեծ բարձրությունից (տեսանյութ)’