‘Հայ ազգային Կոնգրես խմբակցության եւ «Ժառանգություն» կուսակցության համատեղ հայտարարությունը’

2557

Վերջին օրերին ՈՉ-ի համատեղ շտաբը և Ժառանգություն կուսակցությունը ստանում են բազմաթիվ ահազանգեր տեղամասային հանձնաժողովների նորանշանակ անդամներից`նրանց նկատմամբ կիրառվող ճնշումների վերաբերյալ: Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ ահազանգեր են հնչեցնում ոչ միայն Հայ Ազգային Կոնգրես խմբակցության և Ժառանգություն կուսակցության կողմից նշանակված, այլև այլ խմբակցությունների կողմից նշանակված անձինք:

Հանրաքվեի քարոզարշավի ընթացքում համոզվելով, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը վճռական ՈՉ է ասում Սերժ Սարգսյանի «սահմանադրական» աճպարարությանը, ռեժիմը դիմում է ընտրակեղծարարության իր հին զինանոցին: Ահազանգերը վկայում են, որ ճնշումների գործադրումը կազմակերպում են մարզպետները, որոշ համայնքների ղեկավարներ և մեծամասնական ընտրակարգով ընտրված առանձին պատգամավորներ:

Այս կապակցությամբ հայտարարում ենք.

1. ՈՉ-ի համատեղ շտաբը և Ժառանգություն կուսակցությունը ամենժամյա ռեժիմով հետևում են իրադարձություններին, հավաքագրում և տիրապետում են ամբողջ տեղեկատվությանը: Ուստի, նմանատիպ և ընտրակեղծարարության այլ դրսևորումները արձանագրվում են և համակարգված ձևով ներկայացվելու են մեր հանրությանը, միջազգային կառույցներին և դիտորդական առաքելություններին:

2. Մեր կողմից նշանակված հանձնաժողովների անդամները խորապես գիտակցում են ամբողջ ժողովրդի առջև իրենց պատասխանատվությունը և հայտարարում են, որ իշխանության կողմից գործադրվող ճնշումները որևէ արդյունք չեն տալու և կանեն ամեն ինչ ժողովրդի հաղթանակը դեկտեմբերի 6-ին արձանագրելու համար:

3. Կոչ ենք անում ընտրական հանձնաժողովների բոլոր անդամներին` անկախ կուսակցական պատկանելիությունից, պատասխանատվության նույն գիտակցությամբ կատարել իրենց քաղաքացիական պարտքը և Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը և Ժառանգություն կուսակցությունը ներկայացնող հանձնաժողովների անդամների հետ միասին դառնալ համաժողովրդական կամարտահայտության արդյունքների արձանագրման երաշխավորը:  

4. Հիշեցնում ենք իշխանություններին և նրանց ապօրինի հանձնակատարներին, որ ընտրական հանձնաժողովների անդամների նկատմամբ ճնշումները քրեորեն հետապնդելի արարք են և Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի դրույթներով պատժվում են ազատազրկմամբ 2-5 տարի ժամկետով:

ՈՉ-ի համատեղ շտաբը և Ժառանգություն կուսակցությունը պահանջում են իշխանություններից դադարեցնել մարդկանց հանցագործության դրդելու եւ ազատ կամարտահայտման նկատմամբ ճնշումների եւ հանձնաժողովի անդամների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու ջանքերը, ինչպես նաեւ հայտնում այդ հնցագործությունների դեմ միասնաբար հակազդելու վճռականության մասին: 

Նախորդ հոդվածը‘Պուտին. Սա հարված է թիկունքից’
Հաջորդ հոդվածը‘Կործանված ռուսական ռազմաօդանավի երկու օդաչուները սպանվել են. SkyNews’