‘Հայ ամենանշանավոր գործիչները 40 տարեկանի շեմը չեն անցել’

1343

Քաղաքացի Գուրգեն Ասատրյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է. 

«Զարմանալի զուգադիպությամբ հայ ամենանշանավոր գործիչները 40 տարեկանի շեմը չեն անցել:
1916-ին սիբիրյան աքսորում 34 տարեկանում մահացավ Սուրեն Սպանդարյանը:
40-ը չբոլորած Սեփան Շահումյանը զոհվեց Միջին Ասիայի մերձկասպյան ավազանում: 35-ամյա Աղասի Խանջյանը Թբիլիսիում զոհ գնաց Բերիայի դավադրությանը, իսկ Ալեքսանդր Մյասնիկյանը 39 տարեկանում զոհվեց օդանավի պայթյունից…
1921թ-ի մայիսի 4-ին Հայաստանի հեղկոմի նոր նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՅԱՍՆԻԿՅԱՆԸ ժամանում է Երևան`իր հետ բերելով 20 վագոն հացահատիկ և այլ մթերքներ, որոնք Մոսկվան ուղարկել էր սովի ճիրաններում գտնվող Հայաստանին օգնելու համար: Ճանապարհին գնացքի լուսամուտից հայրենիքը թշվառ ու կիսավեր էր երևում, նա գիտեր, որ երկիրը ծանր պայմաններում է, և որ ամեն ինչ շատ դժվար է լինելու:
Ալեքսանդր Մյասնիկյանը կարողացավ տեռորի ու անվստահության տարիներին համախմբել ցաքուցրիվ եղած հայ մտավորականությանը: Նրա կանչով Հայաստան վերադարձան Ալեքսանդր Թամանյանը, Հրաչյա Աճառյանը, Մարտիրոս Սարյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Ռոմանոս Մելիքյանը …
Մյասնիկյանի ջանքերով Երևանում բացվեց Հայաստանի պատմության պետական թանգարանը, ստեղծվեց պետկինոն` ՀԱՅՖԻԼՄԸ, ազգային գրադարանը, նա նաև Մոսկվայից վերադարձրեց պատերազմի պատճառով այնտեղ տեղափոխված Էջմիածնի ձեռագրերը:
Հայաստան հրավիրեց ու բանակաշինության գործը վստահեց Գային( Հայկ Բժշկյան ) :
Նա առաջին խորհրդային գործիչն էր, ով ուշադրություն դարձրեց սփյուռքահայության խնդիրներին: 1921թ-ի սեպտեմբերի 15-ին ժոմկոնխորհի դեկրետով հիմնադրվում է ՀՕԿ-ը (Հայաստանի օգնության կոմիտեն ): Հիմնադիր ժողովում հռչակվում է, որ կազմակերպության խնդիրն է օգնել Հայաստանի բնակչությանը, օժանդակել երկրի շինարարությանը, սերտ կապեր հաստատել արտագաղթած աշխատավորներիի ու խորհրդային Հայաստանի միջև:
Մյասնիկյանի գլխավորությամբ ծնունդ է առնում մի բախտորոշ ծրագիր, որը մեծապես օգնում է երկրին, աշխարհի հայաշատ վայրերում բացվում է ՀՕԿ-ի մասնաճյուղեր: Սփյուռքում ազգահավաքման ու ազգապահպանման համար Մյասնիկյանը հենվում է վստահելի մարդկանց վրա. Կ.Պոլիս է ուղարկվում Հովհ. Թումանյանը, նրան հաջորդում է Պ. Մակինցյանը , ապա գործին ներգրավվում է Չարենցը:
Ալեքսանդր Մյասնիկյանը իր սկզբունքայնությամբ արդեն խանգարում էր երկու քինախնդիր վրացիներին` Իոսիֆ Ստալինին ու նրա կամակատար Լավրենտի Բերիային, որոնք արդեն սկսել էին քաղաքական մարդորսությունը …
1925թ-ի մարտի 22-ին կուսակցության կենտկոմի հանձնարարությամբ նա պետք է մեկներ Սուխում` մասնակցելու Աբխազիայի խորհուրդների համագումարին: Մյասնիկյանը Անդրկովկասի չեկայի նախագահ Սողոմոն Մոբիլևսկու և Գևորգ Աթաբեկյանի հետ ուղևորվում է դեպի Աբխազիա,սակայն նրանց ինքնաթիռն այրվում է երկնքում…
Թբիլիսիի պետօպերային թատրոնում տեղի ունեցավ սգո արարողություն, եղան հիշատակի վերամբարձ խոսքեր, մամուլով սգացին ու լացեցին բոլորը, և միայն նախահեղափոխական ընդհատակյա ընկերները հասկացան, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել. ավիավթարը կազմակերպված էր, իսկ գլխավոր կազմակերպիչը Լավրենտի Բերիան էր …»:

Նախորդ հոդվածը‘Սրճեփ, տոլմա եւ վեհաժողովներ. ԱԱԽ ծախսերը’
Հաջորդ հոդվածը‘Կարմիր խաչն այցելել է Հայաստանում պահվող ադրբեջանցի ռազմագերուն’