‘Հայ-թուրքական «Ցյուրիխյան» արձանագրությունները չեղարկվել են’

2061

‘

Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ «Ցյուրիխյան» արձանագրությունները չեղարկելու որոշման մասին:  

Ըստ President.am-ի, Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանը տարբեր առիթներով հայտարարել է, որ այս հարցում Թուրքիայի կողմից հիշյալ քաղաքականությունը չփոխվելու դեպքում, Հայաստանը ցյուրիխյան արձանագրությունները կհայտարարի առ ոչինչ:

Քննարկման արդյունքում անվտանգության խորհուրդը միաձայն հավանություն է տվել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման ընթացակարգերի դադարեցմանը:

«Նիստից հետո անմիջապես կստորագրեմ հրամանագիր այս ընթացակարգը դադարեցնելու մասին: Խնդրում եմ արտաքին գործերի նախարարին՝ մեր այս որոշման մասին ծանուցել Թուրքիային, որից հետո այդ համաձայնագրերով ստանձնած որևէ պարտավորություն մեզ համար իրավական որևէ նշանակություն չի ունենալու»,- ընդգծել է Նախագահ Սարգսյանը՝ նշելով, որ այս հարցի կապակցությամբ Հայաստանի մոտեցումների մասին նամակով տեղեկացրել է նաև արձանագրությունների ստորագրման արարողությանը ներկա բոլոր կողմերին, մասնավորապես՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ և Շվեյցարիայի նախագահներին, Եվրոպական միության խորհրդի նախագահին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին՝ շնորհակալություն հայտնելով նրանց և բոլոր այն երկրներին ու միջազգային կազմակերպություններին, ովքեր աջակցություն են ցուցաբերել այս նախաձեռնությանը:

Սարգսյանը նշել է նաեւ, որ Հայաստանը պատրաստ կլինի Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, եթե այս գիտակցումը լինի նաև թուրքական կողմի մոտ: «Եթե վաղը, մյուս օրը կլինեն առաջարկություններ, մենք պատրաստ կլինենք այս առաջարկությունները քննարկել, իսկ մինչ այդ մենք կաշխատենք զարգանալ այնպես, ինչպես մինչև հիմա էինք զարգանում առանց Թուրքիայի հետ ունենալով դիվանագիտական հարաբերություններ»,- ասել է նա։

‘

Նախորդ հոդվածը‘Մարտի 1-ի զոհերի հարազատները դիմել են ՄԻԵԴ նախագահին’
Հաջորդ հոդվածը‘Դատավորների ժողովն ընտրել է ԲԴԽ եւս հինգ անդամների’