‘Հայ-ռուսական հակազգային համաձայնագրերը. Օրվա քրոնիկոն (ֆոտոշարք, տեսանյութեր)’

1709

Այսօր տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստը և հազարավոր քաղաքացիենրի բողոքի ցույցի ընթացը` iLur.am-ը ներկայացնում է հակիրճ ամփոփմամբ:

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 11:30-ից, Ազգային ժողովի մուտքի մոտ հավաքված քաղաքացիները ցանկանում էին կանխել պատգամավորների մասնակցությունը ԱԺ արտահերթ նիստին, որի ընթացքում նախատեսվում էր, որ ՀՀԿ և ՕԵԿ պատգամավորները կողմ կքվեարկեն հայ-ռուսական գազային համաձայնագրերին:

Նիստի սկզբում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը վարման կարգի վերաբերյալ իր ելույթում հայտարարեց, որ բոլոր նրանք, ովքեր կողմ կքվեարկեն այս համաձայնագրերին, կհռչակվեն դավաճաններ: Նիստը վարող Հովիկ Աբրահամյանը հրահանգեց անջատել Փոստանջյանի խոսափողը՝ վարման կարգի հետ առնչություն չունեցող հարց բարձրացնելու համար:

Մինչ Հովիկ Աբրահամյանը անջատում էր ընդդիմադիր պատգամավորների խոսափողերը,  մի քանի լրագրողներ պաստառներ պարզեցին և այդպես կանգնեցին դահլիճում, մինչև որ 20 րոպե ընդմիջում հայտարարվեց: Պաստառներից մեկի վրա գրված էր՝ «Խելքի եկեք, արա»:

Ընդմիջումը հայտարարվեց Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի պահանջով:

Ընդմիջումից հետո պարզ դարձավ, որ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հավաքել է ՀՀԿ-ական պատգամավորների գրանցման քարտերը, և վերջիններս չեն կարող մասնակցել քվեարկություններին:

Հովիկ Աբրահամյանը, հղում կատարելով ԱԺ կանոնակարգ օրենքին՝ ձեռքով քվեարկություն  կազմակերպեց՝ ձևավորելով հաշվիչ հանձնաժողով, որը պետք է հաշվեր քվեարկության արդյունքները:

Աբրահամյանի «Ովքե՞ր են դեմ» հարցին ի պատասխան՝ ոչ իշխանական պատգամավորները սկսեցին լքել դահլիճը: Դահլիճում մնացին միայն կողմ քվեարկողները:

Միաժամանակ՝ ԱԺ-ում բողոքի ակցիա են անցկացրել լրագրողները, ովքեր սկսեցին ձեռքերով հարվածել պատուհանների ապակիներին: Հովիկ Աբրահամյանը անվտանգության աշխատակիցներին հրահանգեց կարգի հրավիրել լրագրողներին: Անվտանգության աշխատակիցները տեղում անցան գործի և եկան ու գողացան լրագրողների պաստառները:

Հայ-ռուսական երեք համաձայնագրերն էլ, ըստ Աբրահամյանի, 77 կողմ քվե «ստացան»:

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ-ի մոտ հավաքված քաղաքացիների առջև հանդես գալով ելույթով՝ հայտարարեց, որ գազի վերաբերյալ համաձայնագրերի քվեարկությունը կեղծված է:

Նա նշեց, որ հաշվիչ հանձնաժողովի 7 անդամներից չորսը ներկայացնում են ընդդիմությունը, որոնք, ըստ էության, ներկա չեն եղել քվեարկության ընթացքին: «ԱԺ նախագահը հայտարարեց քվեարկության կեղծված արդյունքները: Չկա որևէ մարմին, օրինական ատյան, որը արձանագրի քվեարկության արդյունքները»,- հայտարարեց Զուրաբյանը՝ հավելելով, որ հաշվիչ հանձնաժողովի երեք անդամները լիազորված չեն նման որոշում ընդունելու: «Այս համաձայնագրի քվեարկությունը կեղծվել է»,- հայտարարեց Զուրաբյանը՝ հավելելով, որ մենք այսօր ականատես եղանք օրենքների կոպտագույն ոտնահարման:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին նշեց. « Տեղի ունեցավ ապօրինի քվեարկություն, քանի որ ՀՀԿ-ական պատգամավորների քարտերը առգրավված էին, և նրանք քվեարկեցին ձեռքով, առանց հաշվիչ հանձնաժողովի»:

Այնուհետև Լևոն Զուրաբյանը ԱԺ-ի մոտ հավաքվածների առաջ ընթերցեց ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի կողմից ընդունված հայտարարությունը,  որտեղ, մասնավորապես, ասված էր.

2013 թվականին դեկտեմբերի 23-ին ԱԺ հաշվիչ հանձնաժողովը, ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված կարգով, որևէ որոշում չի կայացրել և քվեարկության արդյունքները չի արձանագրել: Հանձնաժողովի յոթ անդամներից չորսը՝ Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ), Լյուդմիլա Սարգսյանը (ՀԱԿ), Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) և Թևան Պողոսյանը (ժառանգություն), չեն մասնակցել ԱԺ կանոնակարգ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով կամ 24-րդ հոդվածով նախատեսված որևէ գործընթացի:

Այսպիսով` 2013թ. դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի վավերացման մասին որոշում չի ընդունվել:

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված չէ»:

Հարցին էլ, թե հիմա ի՞նչ ենք անելու, Զուրաբյանը պատասխան հարց ուղղեց. «Առաջին՝ դուք բոլորդ համաձա՞յն եք շարունակել պայքարը այս որոշումը չիրագործելու նպատակով»: Հավաքվածների «այո»-ից հետո Զուրաբյանը շարունակեց. «Ուրեմն՝ պետք է հետևողական պայքարի սցենարի անցնենք: Եղել են առաջարկներ հենց այսօր գնալ Ազատության հրապարակ, սկսել նստացույց: Ես ձեզ ցանկանում եմ մի բան ասել, հավատացեք, որ նման որոշումները հապշտապ չեն ընդունվում և պահանջում են մեծ ռեսուրսներ: Դրա համար պետք է քաղաքական գործընթաց լինի և կատարվի ճիշտ պահին: Ուստի այսօր մենք համարում ենք կարևոր գործը կատարված, իսկ սրանից հետո քաղաքական ուժերով՝ ձեր խորհուրդը ընդունելով, կքննարկենք մեր հետագա ծրագիրը: Առաջին քայլը կլինի այն, որ մենք նորից՝ ԱԺ 4 ոչ իշխանական խմբակցությունները, կազմակերպելու ենք ՍԴ դիմելու գործը, որով մենք պետք է այս որոշման անօրինակությունը ապացուցենք բոլորին՝ ե՛ւ հայ հասարակությանը, ե՛ւ միջազգային հանրությանը: Հասկանում ենք, որ ՍԴ-ն այս իշխանությունների կցորդ է և անելու է այն, ինչ թելադրի Սերժ Սարգսյանը, ուստի մենք նաև հասկանում ենք, որ այս իշխանութունները որևէ նահանջի որևէ հարցում գնալու են միայն ժողովրդի ճնշման ներքո: Ուրեմն, մենք միասին պետք է այդ ճնշումը կազմակերպենք»,- հայտարարեց Զուրաբյանը:   

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Ընդդիմադիր խմբակցությունների հայտարարությունը (Տեսանյութ)’