‘Հայ քաղաքագետները կոչ են անում ինտեգրվել Ռուսաստանի հետ’

732

«Այսօր միջկառավարական կոմիտեի շրջանակներում քննարկվել է հայ-ռուսական տնտեսական համագործակցության ընդլայնումը: Հանդիպման ժամանակ ընդունվել են մի շարք կարևոր որոշումներ, և մենք` հայ քաղաքագետներս, կարևոր ենք համարում երկու բարեկամ երկրների միջև տնտեսական համագործակցությունը, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը ոչ միայն բարեկամ երկրներ են, այլ նաև ռազմավարական գործընկերներ»: ilur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ այդպիսի կարծիք հայտնեց  Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայ-ռուսական տնտեսական համագործակցության խորացման հեռանկարներին նվիրված քննարկումների ժամանակ:

Քննարկմանը ներկա էր քաղաքագետ, հայ-ռուսական տնտեսական համագործակցության համակարգող Ադրեյ Ցվախովիչը, որն իր ելույթում շեշտեց, որ Հայաստանի և  Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն օրեցօր ավելանում է:

«Միջկառավարական կոմիտեի աշխատանքների արդյունքում ստորագրվել է մինչև 2012 թվականը գործող ծրագրերի փաստաթուղթ, նրանում նշված են ապագայում իրագործվելիք ծրագրեր, որոնք կյանքի կկոչվեն մոտ ապագայում ու դրանով կխթանեն երկու երկրների միջև համագործակցությունը», — ասաց Ադրեյ Ցվախովիչը:

Ներկա քաղաքագետներն այն կարծիքի էին, որ Հայաստանը, լինելով փոքր պետություն, չի կարող դիմակայել արտաքին մարտահրավերներին, իսկ Ռուսաստանի հետ համագործակցության խորացումը կարող է միայն ու միայն դրական ազդեցություն ունենալ:

«Մենք պետք է Հայաստանի հանրությանը պատրաստենք նրան, որ զարգացումը կարող է իրականանալ միայն ինտեգրման, Ռուսաստանի հետ համագործակցության խորացման շնորհիվ », — ասաց քաղաքագետ Հենրիխ Գրիգորյանը՝ իր ելույթում շեշտելով, որ Հայաստանի համար «թունելից հետո լույս» չի կարող լինել Եվրամիության կամ Արևմտյան այլ երկրների հետ, այլ միայն ու միայն Ռուսաստանի հետ է սպասվում «պայծառ ապագան»:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանյան գազի գինը Հայաստանի համար կլինի արտոնյալ. էներգետիկայի նախարար’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի առաջնություն – 2014. Հայաստան–Իտալիա, եւ մյուս հետաքրքիր հանդիպումների մասին’