‘
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հունիսի 10-ին քիքբռնցաքամարտի մենամարտ է տեղի ունեցել հայազգի Հարութ Գրիգորյանի և հոլանդացի Մարտել Գրոնհարթի միջև:
Մենամարտը ավարտվել է ծեծկռտուքով, որին մասնակցել են Գրիգորյանի երկրպագուները, որոնք ռինգ են մտել, երբ հայազգի մարզիկը նոկաութի է ենթարկվել:
Միջադեպը տեղի է ունեցել մենամարտի 2-րդ ռաունդում: Գրիգորյանը մի քանի հարվածներ է բաց թողել, իսկ հետո անհասկանալի պատճառով իջեցրել է ձեռքերը և մեջքով շրջվել դեպի մրցակիցը, ինչից հետո Գրոնհաթրը հետևից հարվածել է Գրիգորյանի դեմքին և նոկաութի ենթարկել նրան:
Դրանից հետո հայ մարզիկի երկրպագուները ներխուժել են ռինգ և հարձակվել հոլանդացի քիքբռնցքամարտիկի վրա՝ սկսելով հարվածներ հասցնել նրան: Ծեծկռտուքը կարճ է տևել, քանի որ անվտանգության աշխատակիցները կարողացել են բաժանել մարտնչող կողմերին:
«Ես ռինգի անկյունում էի և տեսա, թե ինչպես այդ տղաները մտան ռինգ: Հասկանում եմ նրանց: Սա սպորտ է: Ամեն ինչ կարող է պատահել: Որոշ մարդիկ շատ զգացմունքային են դառնում: Բայց սա սպորտ է, և փոքրիկ երեխաներն էլ են դիտում: Ներկաները իրավունք չունեն ռինգ մտնել»,- Գրոնհարթի խոսքերն է փոխանցում Yahoo!Sports-ը:
Գրիգորյանի անձնական մարզիչ Նիկի Հեմերսը պատմել է, որ իր սանը մեջքով է շրջվել մրցակցին, քանի որ պատռվածք է ստացել:
‘