‘
Հայ ֆուտբոլասերների FAF և Red Eagles խմբերը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Բուլղարիայի հավաքականին:
Հայաստան–Բուլղարիա խաղը կկայանա հոկտեմբերի 11–ին` ժ. 19։00–ին, Երևանի Հանրապետական մարզադաշտում։
Հարյուրավոր հայ երկրպագուներ սուլոցներով են դիմավորել Բուլղարիայից ժամանած պատվիրակությանը: Ավելին, նրանք սկսել են հայհոյել մարզիկներին և բղավել «գնչուներ»: Ֆուտբոլիստների անվտանգությունն ապահովող ոստիկանների և ֆուտբոլասերների միջև լեզվակռիվ է սկսվել: FAF և Red Eagles ակցիան տեղի է ունեցել` ի պատասխան անցած տարի Սոֆիայում Հայաստանի հավաքականի և երկրպագուների նկատմամբ բուլղարացիների ագրեսիվ վերաբերմունքի:
Ինչպես հաղորդում է Gong.bg-ն, Բուլղարիայի ֆուտբոլի միության նախագահն սպառնացել է բողոք ներկայացնել ՖԻՖԱ և ՈւԵՖԱ:
«Բուլղարիայի հավաքականն անհյուրընկալ ընդունելության է արժանացել: Մեր թիմին դիմավորել են մոտ 40 երկրպագուներ՝ «ցիգաններ» վանկարկումներով: Անվտանգության աշխատակիցները մեծ ջանքեր գործադրեցին նրանց չեզոքացնելու համար:
Բացի այդ, այսօր երեկոյան նրանք շարժվելու են դեպի հյուրանոց, որտեղ հանգրվանելու է մեր հավաքականը»,- գրում է բուլղարական ամենահեղինակավոր կայքերից մեկը՝ Sportal.bg-ն:
‘