‘
Հավաքականների կազմում ԱԱ 2014-ի ընտրական մրցաշարի հերթական խաղերին մասնակցելուց հետո ֆուտբոլիստները վերադառնում են իրենց ակումբներ, որպեսզի օգնեն իրենց թիմերին՝ իրագործելու մրցաշրջանի վերջնամասի նպատակները: Եվ չնայած 5 առաջատար առաջնություններում ապագա չեմպիոնները շատ վառ են ուրվագծված, բազմաթիվ խնդիրներ սպասում են իրենց լուծումներին:
«Ինտեր» Միլան — «Յուվենտուս»
Շաբաթ, ժամը 18:00
2006-ի իտալական ֆուտբոլում տեղի ունեցած սկանդալից հետո այս թիմերի հարաբերությունները շարունակում են գերլարված մնալ՝ անկախ մրցաշարային աղյուսակում թիմերի զբաղեցրած տեղերից: Առաջին շրջանում «Ինտերը», հյուրընկալվելիս հաղթելով չեմպիոնին, դադարեցրեց թուրինցիների՝ մեկ խաղաշրջանից ավելի ձգվող, առանց պարտության հանդիպումների շարքը: Այդ ժամանակ տպավորություն ստեղծվեց, որ «Սերիա Ա-ի» չեմպիոնի հարցը դեռևս ամբողջովին վճռված չէ: Այժմ իրավիճակն ամբողջովին այլ է. Յուվեն 9 միավորի առավելություն ունի իրեն հետապնդող «Նապոլիի» նկատմամբ, իսկ «Ինտերը» զբաղեցնում է վեցերորդ տեղը՝ ՉԼ-ի գոտում գտնվող «Միլանին» զիջելով 7 միավորով: Իհարկե, սա շատ կարևոր հակամարտություն է երկու ակումբների երկրպագուների համար, բայց Կոնտեն չափազանց խելացի մարզիչ է, որպեսզի այս հանդիպումը ավելի կարևորի, քան «Բավարիայի» հետ կայանալիք խաղերը:
«Մանչեստեր Սիթի» — «Նյուքասլ»
Շաբաթ, ժամը 19:00
«Քաղաքայինների» համար յուրաքանչյուր խաղային օրը «Պրեմիեր լիգայում» է՛լ ավելի ցավալի է լինում, քան նախորդը: «Սիթին» արդեն վաղուց կորցրել է չեմպիոնության հույսերը և ավելի շատ մտածում է նոր աստղեր ձեռք բերելու և Մանչինիին ավելի ուժեղ մասնագետով փոխարինելու մասին: Ալան Պարդյուի թիմը մրցաշրջանում իրականում ևս անելիք չունի: Այսպիսով՝ փոփոխությունների ակնկալիքներով թիմերից կարելի է սպասել բավականին բաց հանդիպում, իսկ ֆուտբոլիստների բարձր կարգը մեզ ապահովում է նաև բարձրակարգ խաղ:
«Սելտա» — «Բարսելոնա»
Շաբաթ, ժամը 21:00
Միանգամից նշենք, որ Բարսայի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան, չնայած Նյու Յորքից վերադառնալուց հետո արդեն ղեկավարել է թիմը մարզման ընթացքում, բայց Վիգոյում նա չի հայտնվի: Փոխարենը Բարսայի հայտացուցակում, 400 օր բացակայելուց հետո, նորից ընդգրկվել է Էրիկ Աբիդալը: Սա շատ ուրախալի իրադարձություն է կատալոնցիների համար, հատկապես՝ եթե հաշվի առնենք Ժորդի Ալբայի վնասվածքը: Հավաքականի կազմում ստացած վնասվածքի պատճառով այս մրցաշրջանի Բարսայի հիմնական ձախ պաշտպանը կարող է բաց թողնել նաև ՊՍԺ-ի հետ առաջին խաղը:
Բոլորս հիշում ենք Գվարդիոլայի Բարսայի ձևավորված այն ավանդույթը, երբ նրանք միավորներ էին կորցնում հավաքականների հանդիպումներից հետո: Դրանք, իհարկե, մեծապես պայմանավորված էին խաղացողների վնասվածքներով և հոգնածությամբ: Տիտոյի Բարսայի հետ նման դեպք առայժմ տեղի չի ունեցել, բայց այս անգամ վնասվածքներով խաղացողները բավականին շատ են, և կարելի է սպասել Տելյոյի, Տյագոյի և Մոնտոյայի՝ մեկնարկային կազմում հայտնվելուն Մեսսիի կողքին, ով գոլի հեղինակ դառնալու դեպքում կդառնա առաջին ֆուտբոլիստը, ով «Պրիմերայում» անընդմեջ գրավել է բոլոր 19 թիմերի դարպասը:
«Բավարիա» — «Համբուրգ»
Շաբաթ, ժամը 21:30
«Արսենալի» և «Բայեր Լեվերկուզենի» դեմ խաղերից հետո շատերը, «Բավարիայի» ցուցադրած խաղի որակի պատճառով, սկսեցին կասկածի տակ առնել նրանց բարձր հավակնությունները Չեմպիոնների լիգայում: Դա Ռիբերիի և իր խաղընկերների՝ եվրոպական հանդիպումների վերաբերյալ, իսկ ներքին առաջնությունում ամեն ինչ ավելի քան հրաշալի է:
Այսօր Գերմանիան, շատ հնարավոր է, կունենա նոր չեմպիոն՝ մրցաշրջանի ավարտից 2 ամիս առաջ: Եթե այս խաղին նախորդող «Շտուտգարտ» — «Բորուսիա Դորտմունդ» խաղում հյուրերը միավորներ կորցնեն, ապա բավարացիները հաղթանակի դեպքում պաշտոնապես կհռչակվեն «Բունդեսլիգայի» նոր չեմպիոն: Մյունխենցիների ղեկավարները, ամեն դեպքում, հայտնել են չեմպիոնության պարագայում առայժմ որևէ տոնակատարություն չկազմակերպելու մասին, որպեսզի ֆուտբոլիստները չշեղվեն «Յուվենտուսի» դեմ սպասվող հանդիպումներից:
«Ատլետիկո Մադրիդ» — «Վալենսիա»
Կիրակի, ժամը 23:00
Առաջին խաղաշրջանում «Վալենսիան» առաջին թիմն էր, որը կարողացավ հաղթել Սիմեոնեի թիմին՝ դրանով վերսկսելով այն խոսակցությունները, թե «Ատլետիկոն» այս մրցաշրջանում փոխարինելու է «Վալենսիային»՝ իսպանական երրորդ թիմի դերում: Միավորների տարբերությունը թիմերի միջև + 5 է՝ հօգուտ «Ատլետիկոյի», և Վալվերդեի սաները դեռևս հույսեր պահպանում են՝ երկար տարիներ իրենց կողմից ամրագրած երրորդ տեղը վերադարձնելու համար: Դա անելու համար շատ կարևոր է «չղջիկների» առաջատար Ռոբերտո Սոլդադոյի վնասվածքի ամբողջովին ապաքինումը:
Բացի եվրոպական թոփ առաջնություններում տեղի ունենալիք խաղերից, հայ երկրպագուներին կհետաքրքրի նաև ռուսական «Պրեմիեր լիգայում» տեղի ունենալիք «հայկական դերբին»` «Սպարտակ» — «Կուբան», որը կսկսվի կիրակի, ժամը 20:00-ին:
‘