‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’

1196

Մրցաշրջանի կենտրոնական խաղ «Պրեմիեր լիգայում», բարսելոնյան և մադրիդյան դերբիներ «Լա Լիգայում» և «Ռոմայից» ակնկալվող միավորների կորուստ «Սերիա Ա-ում»: Այս և այլ խաղերի մասին՝ iLur.am-ի եվրոպական թոփ առաջնությունների կենտրոնական հանդիպումների անոնսում:

«Բորուսիա» — «Շտուտգարտ»

Ուրբաթ, ժամը 23:30

Այս հանդիպումը հատկապես կարևոր է Հենրիխ Մխիթարյանի համար, ով իր լավագույն մարզավիճակն է ձեռք բերում և վերածվել է «Բունդեսլիգայի» ամենամոդայիկ խաղացողի: Հենրիխը «Շալկեի» դեմ խաղից հետո երկրորդ անգամ ճանաչվեց տուրի լավագույն ֆուտբոլիստ, ինչից հետո կանգ առնելը սխալ կլինի: «Բորուսիայի» համար նույնպես շատ կարևոր է հաղթանակ տանել և ավելացնել ճնշումը «Բավարիայի» վրա, ովքեր սկսում են նյարդայնանալ պաշտպանությունում իրենց անփույթ խաղից: Բացի այդ, ՉԼ-ում դեռևս ոչինչ որոշված չէ, և Կլոպի համար կարևոր է «Արսենալին» ընդունել բարձր տրամադրությամբ:

«Բարսելոնա» — «Էսպանյոլ»

Ուրբաթ, ժամը 23:59

Մարտինոյի Բարսան մոտ է մրցաշրջանի առաջին ծանր հատվածը հաղթահարելուն, մնում է հաղթել կատալոնական դերբիում (որքան էլ որ «Էսպանյոլի» երկրպագուները դեմ լինեն նման ձևակերպմանը) և «Միլանին»: Տատայի սաները շարունակում են հաղթանակներ տանել, բայց նաև շարունակում են իջեցնել գնդակին տիրելու սովորական ցուցանիշներն ու հեռանալ «տիկի-տակայից»: Այստեղ Նեյմարի և Սանչեսի լավ մարզավիճակի կողքին հասունանում է ևս մեկ՝ միայն Բարսայի երկրպագուների համար հասկանալի խնդիր՝ թիմը վերջապես ձերբազատվում է «Մեսսիակախվածությունից»: Առաջատարի մարզավիճակից և խաղից կախվածությունը հաղթահարելը կարող էր ուրախացնել բոլոր թիմերին, բայց այստեղ հստակ գիտեն, որ Լեոն սիրում է լինել միակն ու անքննարկելի առաջատարը: Մարտինոն պատրաստվում է Մեսսիին երկու հանդիպում ընդմիջումից հետո վերադարձնել կենտրոն, որպեսզի Լեոն կրկին հանդիպի գոլի հետ:

«Բարսելոնան», իհարկե, ընդգծված ֆավորիտ է, բայց Ագիրեի թիմը նույնպես խնդիրներ ունի և լավ մեկնարկից հետո, չնայած միակ թիմն է, որը միավորներ է խլել «Ատլետիկոյից» այժմ խաղային ճգնաժամ է ապրում: Դերբին մնում է դերբի, անկախ թիմերի դիրքից և անկախ նրանից, որ, օրինակ, Բարսայի պահեստային Սերխի Ռոբերտոն ավելի թանկ արժե, քան «թութակների» ամենաթանկ խաղացող Սերխիո Գարսիան:

 «Արսենալ» — «Լիվերպուլ»

Շաբաթ, ժամը 21:30

Քչերը կարող էին պնդել, որ նրանք այսքան երկար կգտնվեն իրենց ներկայիս հորիզոնականում, բայց ինչպես արդեն բազմիցս նկատել ենք, սա, երևի թե, նոր հազարամյակի «Պրեմիեր լիգայի» ամենախելահեղ մրցաշրջանն է, և «Արսենալի» ու «Լիվերպուլի» նման արդյունքների տրամաբանությունը միգուցե հենց այստեղ արժե փնտրել: Ինչևէ, «Սիթին» և հատկապես «Յունայթեդը» իրենց լավագույն օրերը չեն ապրում, Մոուրինյոյի «Չելսին» թեև միավորներ վաստակում է, բայց շատ հեռու է կայացած թիմ համարվելուց, իսկ «Տոտենհեմում» չափից շատ են նորեկները, որպեսզի նրանք իրական չեմպիոնական հավակնություններ ունենան, այնպես որ՝ Վենգերի և Ռոջերսի թիմերի համար ստեղծված է հիանալի հնարավորություն, որպեսզի նրանք «Ռոմայի» հետ մեկտեղ վերածվեն մրցաշրջանի գլխավոր անակնկալի:

«Արսենալը» շաբաթվա ընթացում Լիգայի գավաթի շրջանակներում պարտվեց «Չելսիին», բայց «Էմիրեյթսում» բոլորը հասկանում են, որ այս պահին առաջնայինը «Պրեմիեր լիգայում» առաջատարի դիրքը պահպանելն ու ՉԼ-ի «մահվան խումբը» հաղթահարելն է: Չնայած «զինագործները» «Լիվերպուլի» հետ վերջին 12 հանդիպումներից ընդամենը մեկում են պարտվել, շաբաթ երեկոյան Վենգերը լուրջ խնդիրներ կունենա հիանալի մարզավիճակում գտնվող Սուարես-Սթարիջ զույգին վերահսկելու համար: Բացի այդ, իր լավագույն մարզավիճակում չէ այն անձնավորությունը, ով, շատերի կարծիքով՝ փոխեց «Արսենալի» ամբողջ տրամադրությունը: Մեսութ Օզիլը արդեն 4 հանդիպում է, ինչ չի անում այն, ինչը բոլորից լավ է կարողանում՝ գոլային փոխանցումներ կատարել:

«Ռայո Վալեկանո» — «Ռեալ Մադրիդ»

Կիրակի, ժամը 23:00

Փոքր մադրիդյան դերբի: «Ռայոն» «Պրիմերայում» համարվում է գնդակը ամենաշատը «սիրող» թիմերից մեկը, և Անչելոտտիի «Ռեալի» համար այսպիսի թիմը կարող է խնդիրներ ստեղծել: «Սևիլյայի» դեմ խաղում իտալացին ցույց տվեց, որ ունակ է Ռոնալդու-Բեյլ զույգին միաժամանակ և ճիշտ օգտագործել խաղադաշտում, «Ռայոյի» պաշտպանությունը Էմերիի թիմի պաշտպանությունից ավելի լավը չէ, բայց առջևում Վարան-Ռամոս զույգի համար խնդիրներ ստեղծելը այդքան էլ բարդ չէ: «Սերուցքայիններին» ամեն դեպքում հաղթանակ է պետք, քանի որ միավորների կորուստը կարող է նշանակել չեմպիոնական երազանքների ավարտ:

«Տորինո» — «Ռոմա»

Կիրակի, ժամը 23:45

Արդեն երրորդ հանդիպումն է, ինչ Ռուդի Գարսիայի թիմից ահռելի ջանքեր են պահանջվում 3 միավորների համար, բայց այն, թե ինչպես են նրանք տոնում հաղթանակները, ստիպում է նույնիսկ նրանց հակառակորդներին ժպտալ: Ռեկորդը սահմանված է, ճիշտ է, առաջատարը իր խաղով այլևս չի հիացնում, բայց «Կիևոյի» դեմ վաստակած 3 միավորը Յուվեի և «Նապոլիի» երկրպագուներին ստիպեց ավելի նյարդայնանալ, և եթե մինչ այս պահը նրանց հավակնություններին լուրջ չէին վերաբերվում, ապա ստիպեց նաև փոխել նրանց վերաբերմունքը: Թուրինում ամեն դեպքում հեշտ չի լինի, անկախ նրանից, որ «Տորինոն» 6 հանդիպում է, ինչ չի հաղթում:

«Միլան» — «Ֆիորենտինա»

Շաբաթ, ժամը 23:45

«Միլանը» ոչ մի կերպ չի կարողանում կարգավորել իր խաղն ու սկսել հաղթանակներ տանել, ինչից էլ վերսկսվեցին Ալլեգրիի պաշտոնանկության մասին խոսակցությունները: «Ռոսոներների» երկրպագուներին ուրախացնում է միայն Կակայի լավ մարզավիճակը, ով միայնակ, միևնույն է, չի կարող արդյունք ապահովել: Իսկ ահա «Ֆիորենտինային» մրցաշրջանի սկզբում բաժին էր հասել ամենաբարդ խաղացանկը: Մոնտելլայի թիմը առաջին 10 տուրերում արդեն իսկ հասցրել է հանդիպել «Ինտերի», «Լացիայի», «Յուվենտուսի» և «Նապոլիի» հետ: «Սան Սիրոյում» հնարավոր է հաղթանակ տանել, ինչից հետո կարելի կլինի ավելի լուրջ պայքարել ՉԼ որակավորվելու համար: Այս պահին խաղամակարդակի առումով հենց նրանք, այլ ոչ թե Միլանյան թիմերն են ամենամոտը առաջատար եռյակին:

Նախորդ հոդվածը‘Իրանցիները խրախուսում են բարեկամությունն ԱՄՆ-ի հետ’
Հաջորդ հոդվածը‘Կրեմլը կփորձի վարկաբեկել Լիտվայի նախագահին’