‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’

805

Իտալիայի դերբի, իսպանական «կլասիկո» և նաև «մեծ կատալոնական» դերբի, ահա թե ինչպիսի հանդիպումներ են սպասվում ֆուտբոլասերներին ուիքենդի ընթացքում, որից հետո Անգլիայում տեղի կունենա մրցաշրջանի կենտրոնական հանդիպումներից մեկը՝ «Մանչեստեր Սիթի» — «Չելսին»:

«Բարսելոնա» — «Վալենսիա»

Շաբաթ, ժամը 19:00

Վալենսիայում տեղի ունեցած առաջին խաղաշրջանի հանդիպման առաջին 44 րոպեները թերևս լավագույնն էին Տատայի Բարսայի համար: 44-րդ րոպեից հետո Պոշտիգան 2 գոլերի շնորհիվ վերադարձրեց իր թիմին խաղի մեջ, բայց կատալոնցիների կարգը, միևնույն է, ավելի բարձր էր: Այժմ Բարսայի խաղը տատանվում է միջինից մինչև նորմալի միջև, իսկ «Վալենսիան» նոր մարզչի՝ Պիցցիի հետ փորձում է հզորացնել իր կազմը և մրցունակ դառնալ ՉԼ-ի գոտու համար պայքարում, որից նրանք այս պահին հետ են 17 միավորով: Պիցցիի կողմից չարժե սպասել գերպաշտպանողական ֆուտբոլ, և սրան գումարելով Մեսսիի` գոլի քաղցն ու հյուրերի ոչ վատ խաղը երկրորդ հարկում, «Կամպ Նոուում» կարելի է սպասել գոլառատ ֆուտբոլ:

«Յուվենտուս» — «Ինտեր»

Կիրակի, ժամը 23:45

Իտալիայի դերբին այս անգամ էլ ավելի լարված է թիմերի միջև լարված փոխհարաբերությունների պատճառով: Վուչինիչ – Գուարին գործարքի ձախողումը կստիպի թե Յուվեին, թե «Ինտերին» ավելի շատ ձգտել հաղթանակի, անկախ թիմերի միջև միավորների ահռելի տարբերությունից: Հավերժական քաղաքում թուրինցիները նախ դուրս մնացին Իտալիայի գավաթի խաղարկությունից, իսկ հետո նաև ավարտեցին իրենց 12 խաղ ձգվող հաղթանակների շարքը: Կոնտեի թիմը իհարկե շարունակում է համարվել անքննարկելի ֆավորիտ «Սկուդետտոյի» համար, բայց «Ռոման» շարունակում է հաղթանակներ տանել և ամեն դեպքում սպառնում է «բյանկոներիների» երրորդ անընդմեջ չեմպիոնությանը:

«Ատլետիկ Բիլբաո» — «Ռեալ Մադրիդ»

Կիրակի, 23:59

Վալվերդեի սաները մինչ գավաթային` «Ատլետիկոյի» դեմ խաղը այս մրցաշրջանում սեփական հարկի տակ պարտություն չէին կրել, ավելին` դարձել էին միակ թիմը, որը կարողացել էր հաղթել Տատայի Բարսային: «Առյուծները» այս պահին գտնվում են 4-րդ հորիզոնականում` առաջ անցնելով իրենց հետապնդող «Վիլյառեալից» 5 միավորով:

Անչելոտտիի թիմը նույնպես լավ մարզավիճակում է: Մադրիդցիները լավ անցկացրեցին տարվա սկիզբը, որտեղ հատկապես նկատվում է պաշտպանությունում խաղի կարգավորումը: Այժմ «սերուցքայիններն» էլ ավելի ծանր հատված են անցկացնելու, որի ընթացքում երկու անգամ հանդիպելու են «Ատլետիկո Մադրիդին», Կոպա դել Ռեյում և «Վիլյառեալին» առաջնության շրջանակներում:

Բացի վերոհիշյալ խաղերից, Ֆրանսիայում ՊՍԺ-ն կհյուրընկալի «Բորդոյին». հանդիպումը կսկսվի այսօր 23:30-ին: Իսկ Եվրոպայում այս տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Մանչեսերում՝ «Սիթի» — «Չելսի», շատերի համար չեմպիոնության համար գերկարևոր հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի 23:59-ին:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում փետրվարի 1-2-ին սպասվում է թույլ ձյուն և մառախուղ’
Հաջորդ հոդվածը‘«Եվրամայդանում» ցուցարարների դիմանկարները (Ֆոտոշարք)’