‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’

1105

Իտալիայի «Սերիա Ա-ի» մեկնարկով ամբողջանում է եվրոպական թոփ ազգային առաջնությունների մրցաշրջանի սկիզբը: iLur.am-ը, ինչպես և նախորդ խաղային տարում, այս մրցաշրջանում ևս ամեն շաբաթ կառանձնացնի և կներկայացնի հանգստյան օրերին տեղի ունենալիք կենտրոնական հանդիպումների անոնսը:

«Ֆուլհեմ» — «Արսենալ»

Շաբաթ, ժամը 17:00

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում Վենգերի սաների փայլուն հաղթանակը «Ֆեներբախչեի» նկատմամբ մի փոքր հանգստացրեց «կանոնիրների» երկրպագուներին, ովքեր փոփոխություններ էին պահանջում «հիմա և այստեղ»: Նոր ձեռքբերումներ կարելի է սպասել մինչև տրանսֆերային պատուհանի վերջին պահը, իսկ ահա «Պրեմիեր լիգայում» արդյունքների սպասել ոչ ոք չի պատրաստվում: Մրցաշրջանի առաջին լոնդոնյան դերբին խոստանում է հետաքրքիր լինել, քանի որ «Ֆուլհեմի» հաջող մեկնարկը ոգևորել է երկրպագուներին, ովքեր ավելի բարձրակարգ ֆուտբոլիստների են տեսնելու այս տարի:

«Սամպդորիա» — «Յուվենտուս»

Շաբաթ, ժամը 22:45

Մեկնարկող «Սերիա Ա-ում» որքան էլ որ կան հզորացած «Ֆիորենտինան» կամ գերհզորացած «Նապոլին», չեմպիոնության գլխվոր ֆավորիտը, միևնույն է, շարունակում է համարվել Յուվեն: Կոնտեն իր կազմում վերջապես ունի առաջնակարգ հարձակվողներ, ովքեր կարող են ցանկալի արդյունք ապահովել ոչ միայն ներքին առաջնությունում: Անցած մրցաշրջանում թուրինցիներին ամենից շատ վնասեցին հենց «Սամդորիայի» ֆուտբոլիստները, ովքեր երկու խաղերում էլ հաղթեցին չեմպիոնին: Դժվար է սպասել միաժամանակ Տևեսին և Լյորենտեին մեկնարկային կազմում, բայց Պիրլոյի և իր խաղընկերների  ցանկությունը մեծ է, բացի լավ մեկնարկելուց, վրեժխնդիր լինել իրենից «գողացած» 6 միավորի համար:

«Մալագա» — «Բարսելոնա»

Կիրակի, ժամը 23:00

Երկու թիմերում էլ, անցյալ խաղաշրջանի համեմատ՝ փոխվել են գլխավոր մարզիչները: Եվ եթե Կատալոնիայում լավ են տրամադրված «Տատայի» հանդեպ, ապա Անդալուզիայում ոչինչ չի ստիպում լավ վերաբերվել Շուստերի նախագծին, ով, բացի դրանից՝ կտրուկ թուլացված կազմ ունի նախորդ տարվա համեմատ: Գերմանացի մասնագետը երեկ հայտարարեց, որ Բարսայի դեմ դարպասների առջև կլինեն երկու դարպասապահ, մեկ ավտոբուս և ինքնաթիռ: Պաշտպանվելու մասին մտածել Բարսայի դեմ՝ շատ ճիշտ է, բայց գուցե արժե մտածել նաև հակագրոհելու մասին, քանի որ հյուրերը, ամենայն հավանականությամբ, կլինեն առանց Մեսսիի, իսկ նրանց մտքերում կլինի «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղը: Բարսայի հիմնական կազմում կարելի է սպասել Նեյմարին, Տելյոյին և Ալեքս Սոնգին:

«Մանչեստեր Յունայթեդ» — «Չելսի»

Երկուշաբթի, 23:00

Օգոստոսյան ամենակարևոր երկու դիմակայությունները տեղի կունենան հաջորդ շաբաթ և երկու հանդիպումներն էլ կլինեն «Չելսիի» մասնակցությամբ: Ժոզե Մոուրինյոն առաջիկա շաբաթվա ընթացքում հուսով է, որ կշարունակի վերանվաճել բրիտանացի երկրպագուների սերը՝ «ՄՅՈՒ-ի» և «Բավարիայի» նկատմամբ հաղթանակներով, որից հետո միայն կարելի կլինի այս «Չելսիին» համարել ՉԼ-ի հաղթողի ֆավորիտներից մեկը: Մոյեսի թիմում էլ ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում: Մանկունյանցիները դեռևս իրենց կարևոր գնումները չեն կատարել, և մրցաշրջանի ընթացքում նրանց կազմը երևի թե այլ տեսք կունենա: Ինչ վերաբերում է Ուեյն Ռունիի տեղափոխությանը «Չելսի», ապա բրիտանական մամուլը պնդում է, որ  Մոյեսը պատրաստ է բաց թողնել նրան միայն համապատասխան փոխարինող գտնելուց հետո: Առայժմ բարդ է Ռունիին «ազնվականների» մարզահագուստով պատկերացնելը, բայց հետաքրքիր կլինի, եթե Ուեյնը երկուշաբթի գրավի «Չելսիի» դարպասը, իսկ շաբաթվա ավարտին հայտնվի «Բավարիայի» դեմ խաղի Ժոզեի հայտացուցակում:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը մեծացնում է իր ներկայությունը Սիրիայի ափամերձ տարածքներում’
Հաջորդ հոդվածը‘Բուհերի վարձավճարների բարձրացումն էլ է՞ հօգուտ ուսանողների’