‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’

1026

Ազգային հավաքականների կազմում ելույթներով պայմանավորված՝ երկարատև թռիչքներով լի շաբաթվանից հետո ֆուտբոլիստները վերադառնում են ակումբային ֆուտբոլ: Չեմպիոնների լիգայի մասնակիցները, ավելի շատ՝ հանգստանալու համար, իրենց հանդիպումները կանցկացնեն շաբաթ օրը:

«Իտալիայի դերբի», Էմերին ընդդեմ «Բարսելոնայի» և 101 մլն € արժողությամբ սպասվող նորամուտ՝ iLur.am-ի ամենշաբաթյա եվրոպական թոփ առաջնություններում կայանալիք հանդիպումների անոնսում:

«Ինտեր» — «Յուվենտուս»

Շաբաթ, 20:00

Մեկնարկային երկու խաղերում հաղթանակներից հետո Մացարիի համար փայլուն հնարավորություն բացվեց բոլորին ապացուցելու իրենց լուրջ հավակնությունները, այն էլ՝ «Սերիա Ա-ում» իր «ամենասիրած» տակտիկներից մեկի՝ Կոնտեի դեմ:

Մինչ ազգային հավաքականների խաղերը՝ «ներաաձուրիների» մի շարք խաղացողներ փայլուն մարզավիճակում էին գտնվում, և պետք է հուսալ, որ նույն խաղամակարդակը կդրսևորեն նաև Յուվեի դեմ, հատկապես դա վերաբերում է Ռիկի Ալվարեսին, ով շարունակում է համարվել չափազանց անկայուն ֆուտբոլիստ: Ինչ մնում է Կոնտեի սաներին, ապա այստեղ վնասվածքների պատճառով կբացակայեն Մարկիզիոն և Վուչինիչը՝ հնարավորություն տալով Պոբգային և Լյորենտեին պայքարելու հիմնական կազմում տեղի համար. «Պրիմերայի» գրանդները արդեն իսկ գրկաբաց սպասում են բասկի վերադարձին:

«Էվերտոն» — «Չելսի»

Շաբաթ, 20:30

«Էվերտոնը» բավականին լավ վիճակագրություն ունի «արիստոկրատների» դեմ վերջին տնային հանդիպումներում, բայց դա «Մոյես թիմն» էր, որը բավականին թուլացել է անցյալ մրցաշրջանի համեմատ: Ամեն դեպքում՝ սա Մոուրինյոյի սաների առաջին բարդ արտագնա հանդիպումը կլինի, որում «յուրահատուկը» պետք է փոխարինողներ գտնի Օսկարին և Ազարին, ովքեր ամբողջովին չեն ապաքինվել վնասվածքներից: Եվ եթե նույնիսկ այս իրավիճակում պորտուգալացին չխաղացնի Մատային, իսպանացու ապագան Լոնդոնում շատ ավելի մշուշոտ կդառնա: Բացի այդ, արժե սպասել Էտո՛օի և Վիլիանի նորամուտներին:

«Բարսելոնա» — «Սևիլյա»

Շաբաթ, 22:00

Ունաի Էմերին կարողանում էր հետաքրքիր լուծումներ գտնել կատալոնցիների դեմ, մինչև իսկ այն ժամանակ, երբ դեռ «Ալմերիայում» էր աշխատում, իսկ նրա՝ «Վալենսիայում» անցկացրած տարիներին Բարսայի դեմ հանդիպումներն ընդհանրապես կարելի է վերջին մրցաշրջանների լավագույն տակտիկական դիմակայությունների շարքին դասել: Այս «Սևիլյայի» խաղացողները կարգով բավականին զիջում են այն «Վալենսիային», բայց Էմերին մամլո ասուլիսում հստակ  էր. «Մենք հեշտ չենք հանձնվի», ինչը, բացի խորը պաշտպանությունից, ենթադրում է նաև արագ զարգացող հակագրոհներ:  

«Վիլյառեալ» — «Ռեալ Մադրիդ»

Շաբաթ, 23:59

Եթե «Բարսելոնայից» և «Ռեալ Մադրիդից» առաջին 3 խաղերից հետո 9 միավորը նորմա է, իսկ «Ատլետիկոյի» համար այն կարող է նորմա դառնալ, ապա «Պրիմերա» վերադարձած «Վիլյառեալից» ոչ ոք նման արդյունք չէր սպասում: «Դեղին սուզանավերի» գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալը երբեք թոփ մասնագետ չի համարվել, բայց Ջիովանի դոս Սանտեսը, Կանին և Ուչեն շատ լավ են հասկանում աստուրիացի մասնագետին: Այս տուրում նույնիսկ մեկ միավորը կարելի կլինի հաջողություն համարել՝ այն «Ռեալի» դեմ, որտեղ իրենց առաջին հանդիպումները կանցկացնեն ընդհանուր 140 մլն արժողությամբ Գարեթ Բեյլն ու Ասյեր Իլյարամենդին. դարպասին կշարունակի խաղալ Դիեգո Լոպեսը, իսկ ձախ պաշտպանը կլինի Նաչոն:

Բացի վերոհիշյալ խաղերից՝ «Միլանի» և «Արսենալի» կազմում իրենց նորամուտները կնշեն «Ռեալ Մադրիդից» հեռացած Օզիլն ու Կական: Իսկ այս մրցաշրջանում ավելի շատ մասսայականություն վայելող «Բունդեսլիգայում» տեղի կունենան «Բավարիա» — «Հանովեր 96» և «Բորուսիա Դորտմունդ» — «Համբուրգ» խաղերը, որոնք կսկսվեն շաբաթ օրը, համապատասխանաբար՝ ժամը, 17:30-ին և 20:30-ին:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ փոխնախագահը հանրապետականներին նեանդերթալցիներ է անվանել’
Հաջորդ հոդվածը‘Երևանում մայիսի 1-ից-օգոստոսի 31-ը գործել է կույրերի և տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված վերականգնողական կենտրոն’