‘Հանկարծակի համաճարակ Արագածոտնի մարզում’

1261

Նախօրեին մենք տեղեկացրել էինք, որ մեզ ահազանգած քաղաքացին մեզ տեղեկացրել է, որ Արագածոտնի մարզի Օշական, Ոսկեվազ և Ոսկեհատ գյուղերում խոլերայի համաճարակ է բռնկվել: Մեր զրուցակիցը մեզ տեղեկացրել էր, որ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի կոնյակի գործարանի ջրերը խառնվել են խմելու և ոռոգման ջրերին, ինչի արդյունքում տասնյակ մարդիկ են հոսպիտալացվել, իսկ շատերն էլ գումարի բացակայության պատճառներով չեն դիմում հիվանդանոցներ բուժօգնություն ստանալու համար: Մեր զրուցակիցը նաև տեղեկացրել էր, որ նույն ջրագիծը մատակարարում է նաև Էջմիածին քաղաքին և մտավախություն կա, որ նույն վարակը կտարածվի Էջմիածնում:  

Երեկ Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե լուրը չի համապատասխանում իրականությանը, եւ որ թե խոլերայի, կամ աղիքային սուր վարակիչ համաճարակի մասին մեր հրապարակած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, եւ որ սուր աղիքային վարակով հիվանդանոցներ տեղափոխված քաղաքացիներ չկան:

Այսօր, սակայն, Epress.am-ը մեր նյութի հետքերով նյութ է հրապարակել, որտեղ նշվում է, որ նշված գյուղերի բնակիչները առողջության հետ կապված խնդիրներ ունեն:

Ձեզ ենք ներկայացնում Epress.am-ի այսօր՝ նշված գյուղերում արված ռեպորտաժի մասին նյութը:

Արագածոտնի մարզի Օշական, Ոսկեվազ և Ոսկեհատ գյուղերում օգոստոսի վերջերին բնակչության շրջանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության նոր դեպքեր թեև չեն գրանցվել, սակայն տասնյակ տեղացիներ մինչ օրս լիովին չեն ապաքինվել: Խմելու և որոգման ջրի, ինչպես նաև դրա բացակայության հետ կապված խնդիրները այստեղ սկվել էին զանգվածային թունավորումից շատ վաղուց և չեն ավարտվել առողջապահության նախարարության (ԱՆ) փարատող հաղորդագրությունից հետո: Ջրի աղտոտման գլխավոր մեղավորը, գյուղացիների պնդմամբ, «Հայասի գրուպի» գործարանի կեղտերն են:

3 համայքում հանկարծակի բռնկված համաճարակը «այցելել է» գրեթե բոլորի տներ ու վարակել, եթե ոչ ամբողջ ընտանիքին, ապա մեկ-երկուսին անպայման: Պաշտոնական տվյալներով՝ վարակվել էր 54 մարդ:

Հիվանդության նախնական շրջանում ինքնազգացողության վատացման հետ մեկտեղ սկսվել է ուժեղ փորլուծություն, այնուհետ բարձր ջերմություն, ինչը պատճառ է դարձել հանկարծակի ցնցումների: Խնդրին առավել մոտիկից ծանոթանալու համար Еpress.am-ի թղթակիցը այցելել է վերոնշյալ գյուղեր ու զրուցել բնակիչների հետ:

Տեղաբնակների խոսքով՝ միակ ու  հիմանկան պատճառը եղել է ջուրը, որի բաղադրությունը մինչ օրս շատերի համար անհայտ է մնացել: Պաշտոնական որևէ պարզաբանում գյուղացիները չեն ստացել, ուստի դժվարացել են ասել՝ ինչպիսի  պարունակություն է ունեցել ջուրը համաճարակի բռնկման պահին ու ինչպիսի պարունակություն ունի հիմա: Իսկ ԱՆ-ն արձագանքել էր միայն խոլերայի մասին տարածվող տեղեկությունները հերքելու համար:

«Զարմանալի է, որ մենք էդպես էլ չհասկացանք՝ ինչ կատարվեց: 2 տարեկան թոռնիկիս հազիվ ենք փրկել, միանգամից ցնցումներ սկսվեցին, լեզուն կուլ գնաց, լավ էր՝ գոնե հարևանները հասան: Տարանք Աշտարակի բուժկենտրոն, հետո էլ 10 օր Նորքի ինֆեկցիոնում պառկեցին, հիմա համեմատաբար իրեն լավ է զգում», – պատմել է Օշականի բնակչուհիներից մեկը՝ խնդրելով չհրապարակել իր անունը:

Նույն գյուղում մեր տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են դպրոցականները դասերից հետո վազում դեպի փողոցի ցայտաղբյուրը ու շշերը լցնում ջրով: Նրանցից շատերը պատմեցին, որ ևս թունավորվել էին, ինչից հետո դասի մաքուր ջրով են գնում: Սակայն դպրոցում ջուր չլինելու պատճառով ստիպված օգտվում են ցայտաղբյուրից:

Վարակը և երկարատև բուժումը չեն վախեցնում տեղացիներին, ովքեր կազդուրվել են  ու շարունակում են օգտվել նույն ջրից: Գյուղացիները տարակուսած պատմել են, որ մի քանի տասնյակ մարդ հոսպիտալացվել է միայն իրենց համայնքից, իսկ հարևան Ոսկեվազում թիվն անասելի մեծ է եղել:

Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանը մեզ հետ  հեռախոսազրույցում նշել  է, որ միայն իրենց համայնքում 95 հիվանդ է գրանցվել, որոնցից ոչ բոլորն են հոսպիտալացվել:

«Մինչև հիմա էլ անհայտ մնաց՝ աղիքային ինֆեկցիան սննդայի՞ն էր, թե ուրիշ պատճառ կար, մինչդեռ ջուրը մի քանի անգամ ստուգեցին ու ասացին, որ մաքուր է», – պատմել է գյուղապետը:

Գյուղացիներն ասում են, որ «Հայասի» գործարանի կեղտաջրերը լցվում են գյուղերի ոռոգումն ապահովող առվի մեջ ու տարածվում նաև խմելու ջրի մեջ, հատկապես այն ժամանակ, երբ քլորը ջրում պակաս է լինում:

Օշականցի մեր զրուցակից Անուշը պատմել է, որ նախանշանները թունավորման են եղել ու միայն ստացիոնար բուժում ստանալուց հետո է ապաքինվել: «Ես որ հիվանդանոցում էի, անընդհատ հիվանդներին բերում էին, հատկապես  երեկոյան էր հոսքը շատանում, բժշկուհին էլ ասում էր, որ միայն ջուրը կարող է նման զանգվածային թունավորման պատճառ դառնալ»:

Նա հերքեց նաև ԱՆ պնդումը, թե բուժումը կատարվել է պետպատվերի շրջանակներում: Սիստեմաներ ստացա, որոնք պետպատվերի մեջ էին, իսկ մնացած դեղերը ինքներս ենք գնել: Առողջապահության նախարարությունն ասում է, որ մնացորդային քլոր է պակասել ջրում», – պատմել է մեր զրուցակիցը:

Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է քլորի պարունակության բացակայությունը ջրում և նշել, որ հարցը կարգավորվել է:

Հարցին՝ մեղքի ի՞նչ բաժին ունի այս հարցում «Հայասի» գործարանը, գյուղապետը բորբոքվել է՝ «Ով ա ասում, որ կապ ունի, Թիֆլիսում գնացքը շուռ գա, «Հայասին» ա մեղավո՞ր»:

Ոսկեվազում պատկերն առավել խոսուն է դարձել, երբ գյուղացիները ուղեկցել են Epress.am-ի լրագրողին գործարանի տարածք: Գարշահոտ և աղտոտված տարածքը գոյացել է մոտ 2 տարի առաջ՝ այն օրից, ինչ գյուղի վերջնամասում կառուցվել է «Հայասի» գործարանը:

Բնակիչները բողոքել են, թե մինչ չարաբաստիկ գործարանի հայտնվելը, իրենք գյուղ մտնող առուներից ջուր են խմել, ցորեն լվացել, ինչպես նաև նույն ջրով հունցել հացի խմորը, իսկ այժմ այդ առուներին են խառնվում գործարանից հոսող թափոնները, ինչպես նաև կոյուղաջրերը:

«Հիմա որդ ու բլոճներ, գորտեր ու հազար ու մի քիմիական նյութեր են էդ ջրով հոսում, դրանով էլ ջրում ենք այգիները, ամբողջ բերքը դրանով է ոռոգվում: Էդ հոտից չգիտենք՝ ուր փախնենք, ոչ տեր կա ոչ՝ տիրական: Ամբողջ այգիները էդ թույներից չորացել են, ոսկեվազցին էլ հողով է ապրում», – բողոքել են գործարանի տարածքում բնակվող կանայք:

Խնդիրը, բնակիչների խոսքով, անլուծելի է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ գործարանը չարիքի պես կախված է լինելու իրենց գյուղերի գլխին ու աղտոտելու է ոչ միայն հողատարածքները, այլև վնասելու է բնակիչների առողջականը:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ն մտադիր է քաղաքական ասպարեզից հեռացնել Սիրիայի նախագահ Ասադին’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսում Մուրսիի կողմնակիցները քաղաքացիական անհնազանդության կոչ են արել ‘