‘
Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը հետաձգվեց ընդդիմության պահանջով:
Ազգային ժողովում ներկայացված օրինագծի համաձայն՝ սահմանվում է, մասնավորապես, պարտադիր միջնակարգ կրթություն մինչեւ 19 տարեկան քաղաքացիների համար:
Այս դրույթը դժգոհության պատճառ է դարձել խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորների համար: Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ օրինագծում խիստ անհամաձայնություններ եւ անհասկանալի բաներ կան:
«ԱԺ կայքում 18 տարեկանն է (պարտադիր կրթության համար) գրված, մեր ձեռքի տակ եղած թղթերում՝ 19 տարեկան: Այսպիսի քվեարկություն մի արեք, սա կարեւոր օրենք է, թող նորմալ մշակվի, հանձնաժողովը նիստ անի, տեքստը բերվի նորմալ տեսքի, նոր այս հիմնարար օրենքը քվեարկվի», — առաջարկեց նա:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր հերթին նշեց, որ ավագ դպրոցի ինստիտուտը ներկայումս կայացած չէ, այդ պատճառով օրինագծի ընդունումը խմբակցությունն աննպատակահարմար է համարում: Իսկ ՕԵԿ-ից Հեղինե Բիշարյանը մինչեւ 19 տարեկանների պարտադիր կրթության դրույթը սխալ համարեց՝ պատճառաբանելով. «Գուցե նա աղջիկ երեխա է, ուզում է ամուսնանա»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հետաձգեց քվեարկությունը, նա կրթության եւ գիտության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին հանձնարարեց հրավիրել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, քննարկումներ կազմակերպել պատգամավորների եւ այլ շահագրգիռ անձանց հետ:
Փոփոխությունները, ընդունվելու դեպքում, ուժի մեջ կմտնեն 2017-ից:
‘