‘
Ինտերնետ-աճուրդ իրականացնող կայքերից մեկում վաճառքի է հանվել աշխարհի ամենարագ մարդու, ջամայկացի Ուսեյն Բոլտի ձեռքում հայտնված ֆոտոապարատը, որով ջամայկացին իրեն լուսանկարեց օգոստոսին կայացած Օլիմպիական խաղերում՝ 200 մետր տարածության եզրափակիչից հետո, որտեղ Բոլտը հաղթեց:
Հիշեցնենք, որ եզրափակիչից անմիջապես հետո Բոլտը շվեդ ֆոտոթղթակից Ջիմի Ուիկստրեմից վերցրեց ֆոտոապարատը եւ սկսել լուսանկարել հանդիսականներին ու արծաթե մեդալակիր Յոհան Բլեյքին: Ավելի ուշ, հանրահայտ վազորդի արած լուսանկարները հրապարակվեցին շվեդական Aftonbladet թերթում:
Ֆոտոապարատի մեկնարկային գինը 500 դոլար էր, սակայն մեկ օրվա ընթացքում այն աճեց մինչեւ 7 հազար դոլար: Շահույթը կփոխանցվի շվեդական բարեգործական կազմակերպություններից մեկին եւ Ջամայկայում Բոլտի մանկական հիմնադրամ, տեղեկացնում է Sport-express-ը:
‘