‘Հանրահավաքը թույլատրված է. Սպասվող մասնակիցների թիվը` մոտ 70 հազար’

8360

«Այսօր առավոտյան ԱԺ երեք խմբակցությունների՝ «Հայ ազգային կոնգրես»-ի, «Ժառանգության» եւ «Բարգավաճ Հայաստան»-ի անունից քաղաքապետարան դիմում է ներկայացվել այն մասին, որ փետրվարի 20-ին երեք քաղաքական ուժերը պատրաստվում են կազմակերպել հանրահավաք»: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում հայտնեց Հայ ազգային կոնգրեսի հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արեգ Գեւորգյանը: Նրա խոսքով՝ դիմումը ներկայացվել է ոչ միայն քաղաքապետարանին, այլ նաեւ ոստիկանությանը, ինչը շտապ հավաք կազմակերպելու դեպքում օրենքի պահանջն է:

«Այսպիսով՝ շտապ հավաքի կազմակերպիչներից օրենքով պահանջվող բոլոր գործողությունները կատարված են, եւ այս պահից սկսած թե՛ քաղաքապետարանը, թե՛ ոստիկանությունը պարտավոր են ապահովել հանրահավաքի բնականոն ընթացքը, ինչպես նաեւ հավաքի մասնակիցների անվտանգությունը: Նշեմ նաեւ, որ ի տարբերություն մնացած դեպքերի, երբ անհրաժեշտ էր սպասել քաղաքապետարանի կողմից դիմումը ի գիտություն ընդունելուն, շտապ հավաքի պարագայում օրենքը նման բան չի նախատեսում: Օրենքի համաձայն՝ շտապ հավաքի դեպքում կազմակերպիչներից պահանջվում է միայն տեղեկացնել: Այն կապված է մի իրադարձության հետ, որը պահանջում է շտապ արձագանք: Բոլոր պարտականությունները, որոնք դրված են շտապ հավաքի կազմակերպիչների վրա, կատարվել են»,- նշեց նա՝ հավելելով, որ այդ օրը այլ միջոցառում նախատեսված չէ:

Արեգ Գեւորգյանի խոսքով՝ այս պահից հավաքը թույլատրված է եւ ընդունված է ի գիտություն. այն համապատասխանում է Սահմանադրությանը եւ օրենքներին:

ԱԺ երեք խմբակցությունների կողմից քաղաքապետարանին եւ ոստիկանությանը ներկայացված դիմումը՝ ստորեւ.

 

Երևանի քաղաքապետ`
պարոն Տ. Մարգարյանին
ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի
վարչության պետ՝ պարոն Ա.Կարապետյանին

 

2015թ.-ի փետրվարի 12-ի Սերժ Սարգսյանի ելույթից հետո Համաժողովրդական շարժման գրասենյակները ստանում են հազարավոր դիմումներ քաղաքացիներից, որոնցում պահանջվում է շտապ արձագանքել նշված ելույթին, քանի որ դրա հետևանքով երկրում ստեղծվել է բոլորովին նոր ներքաղաքական իրավիճակ: Ուստի, քաղաքացիների պահանջը բավարարելու նպատակով, ղեկավարվելով “Հավաքների ազատության մասին” ՀՀ օրենքի 26-րդ եւ 27-րդ հոդվածներով, տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ Ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան, Ժառանգություն և Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունները 2015թ.-ի փետրվարի 20-ին՝ ժամը 15:00 – 21:00-ի սահմաններում, Երևանի Ազատության հրապարակում կանցկացնեն շտապ հավաք, որի ընթացքում նաև երթ, հետեւյալ երթուղով. Ազատության հրապարակ-Մաշտոցի պող-Ամիրյան փող-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փող-Թումանյան փող-Ազատության հրապարակ:

Հավաքի մասնակիցների սպասվող թիվը` մոտավոր 70.000 /յոթանասուն հազար/ մարդ: Հավաքի ընթացքում օգտագործվելու են դրոշներ, պաստառներ, բարձրախոսներ, աուդիոտեխնիկա, հարթակներ՝ աուդիոտեխնիկայի համար, ուժեղացուցիչ ձայնային տեխնիկա, էկրաններ, ալյումինե կոնստրուկցիաներ՝ էկրանները կախելու համար, լուսարձակներ՝ հարթակը լուսավորելու համար, շարժական էլեկտրագեներատոր, տեղադրվելու է բեմ – հարթակ: Տեխնիկական նշված միջոցները տեղափոխելու նպատակով, խնդրում ենք ապահովել տեղափոխող բեռնատարների ժամանակավոր մուտքը Ազատության հրապարակ:

Կարգադրիչների թիվը 200 /երկու հարյուր/ մարդ:

 

Հավաքի կազմակերպիչ և ղեկավար`

ՀՀ Ազգային Ժողովի

Բարգավաճ Հայաստան խմբակցություն՝ Վահե Էնֆիաջյան

Ժառանգություն խմբակցություն՝ Ռուբեն Հակոբյան

Հայ Ազգային Կոնգրես խմբակցություն`Լեւոն Զուրաբյան

Նախորդ հոդվածը‘Ջեյմս Ուորլիքը համոզված է, որ բոլորն օգուտ կստանան ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հանդիպումներից’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է 21 քրիստոնյաների բարբարոսաբար սպանությունը’