‘
Աբովյան քաղաքում մեկնարկած երեք քաղաքական ուժերի՝ Հայ ազգային կոնգրեսի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» համատեղ հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, նա հայտարարեց, որ տեսնելով իր քաղաքական գործընկերների ելույթները, հրապարակում հավաքված հզոր ժողովրդին՝ ուզում է ազդարարել, որ «այսօր այս հրապարակից Հայաստանում սկսվում է ազատագրական հեղափոխություն»:
«Սա արյունահեղության կամ ցնցումների հետ ոչ մի կապ չունի, մենք խոսում ենք ժողովրդի խաղաղ, վստահ ճնշմամբ կատարվող թավշյա հեղափոխության մասին: Եկեք անկեղծ լինենք իրար հետ, եկեք երկրում ստեղծված իրավիճակի մասին բաց խոսենք, այսօր Հայաստանում իշխում են մի քանի ավազակներ, գողեր, շահամոլներ, ովքեր պետական իշխանության լծակները մի նպատակով են օգտագործում՝ սեփական հարստացման համար, ովքեր խեղդում են որևէ հնարավորություն ձեզ համար, ժողովուրդ ջան՝ զարգանալու, ստեղծագործելու, գործ դնելու:
Չեմ ուզում օրինակների մեջ մտնել, ընդամենը հնչեցնեմ մի պարզ գնահատական, որը Կոնգրեսը ԱԺ-ում իր հարցապնդման մեջ ներկայացրել էր, և որը բոլոր հարցերի պատասխանը կտա՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների, տնտեսագետների հաշվարկներով՝ Հայաստանում իշխանությունները ժողովրդից գողանում են տարեկան 2.5 մլրդ դոլար: Ընդ որում, 1.7 մլրդ-ը՝ մինչև բյուջեն հավաքելը, այսինքն, այդ ատկատների, ձախ հարկերի միջոցով, 750 մլն-ն էլ ուղղակի գողանում են բյուջեի փողերից:
Արդեն բոլորին պարզ է, թե ինչ իշխանության հետ գործ ունենք, այսօրվա օրինակները բերենք: Լիսկային՝ մի մարդասպանի, կնոջը հանրային վայրերում ծեծող մարդուն բերում են վերանշանակում են Սյունիքի մարզպետի պաշտոնում: Գող, ավազակ, մարդասպան, էդ է իշխանության որակը:
Այստեղ մի գաղափար հնչեց, ասացին՝ եթե Հովիկ Աբրահամյանը հրաժարական տա, ուրեմն, նրան Գալուստ Սահակյանն է փոխարինելու: Ոչ, եթե Հովիկ Աբրահամյանը հրաժարական տա, նրան գալու է փոխարինելու Լիսկան: Սա է այս իշխանության որակը, Շմայսները, Լիսկաները, դրանք են գալու, դրանք են ստանալու բարձրագույն պաշտոններ: Տեսեք՝ ինչ ժուլիկների հետ գործ ունենք:
Գիտեք՝ Քառյակի ներկայացրած 12 պահանջներից մեկը Շրջանառության հարկը 3 անգամ պակասեցնելու մասին էր: Հիմա, ի՞նչ է անում իշխանությունը: Ձև է անում, թե պակասեցնում է այդ հարկը՝ իբր անսալով մեր ճնշմանը ու ընդառաջ գնալով ժողովրդին՝ և իջեցնում է շեմը միչև 1 տոկոս, բայց այնքան ծանր պահանջներ է դնում ապրանքների փաստաթղթավորման համար, որ մարդիկ, ովքեր մի կերպ բիզնես էին անում մինչ այդ, ընդհանրապես զրկվում են այդ հնարավորությունից:
Եւ այսօր Հայաստանում արդեն թևածում է այս հեղափոխության ոգին, մարդիկ հազարներով գնում են պաշարում են կառավարության շենքը:
Խնդիրներ շատ կան, բոլորին հերթով կանդրադառնանք, բայց կարևորագույն խնդիրը, որ պետք է բոլորս հասկանանք՝ այս ռեժիմը սպառված է:
Գիտեմ՝ այստեղ հավաքված որոշ մարդկանց համար, կամ ոչ բոլորի համար՝ այն, ինչ հիմա կասեմ, այն կարգախոսը, որ կներկայացնեմ, հարազատ կլինի, կարող է՝ շատերը այդ կարգախոսը դեռ զգույշ վանկարկեն, բայց եկեք սկսենք, որովհետև մինչև Հայաստանից չհեռանա Սերժ Սարգսյանի ռեժիմը, այս երկիրը զարգացման ոչ մի հնարավորություն չունի և ուրեմն՝ դեպի հոկտեմբերի 10՝ Սերժիկ, հեռացի՛ր»,- նշեց Զուրաբյանը:
‘