‘Հանրային գերակա շահի զոհ. Իմ ունեցվածքը վաճառել են օլիգարխի, իսկ քաղաքապետարանը օժանդակել է դրան’

828

Երևանի բնակիչ Լյուբով Փիլոյանը Հայաստանի դատական ներպետական ատյանները սպառելուց հետո դիմելու է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Այժմ գործը քննության է սպասում ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում. ասաց Փիլոյանի փաստաբան Արթուր Գրիգորյանը «Մեդիա կենտրոնում» անցկացված քննարկման ժամանակ:

Գրիգորյանը նշեց, որ իր վստահորդ Փիլոյանը բաժնեմաս է ունեցել Արամի 38 հասցեի անշարժ գույքում: Տարածքը ճանաչվել է հանրային գերակա շահ և օտարվել: Վերաքննիչ դատարանում պետության և Փիլոյանի միջև կնքվել է հաշտության համաձայնություն, ըստ որի պայմանների՝ Փիլոյանին նույն հասցեում որպես փոխհատուցում է տրամադրվել 332,6 քառ. մետր մակերեսով հողամաս:

«Վճիռը մտավ օրինական ուժի մեջ: Տարիներ շարունակ հարկադիր կատարողները անօրինական պատճառաբանություններով վճիռը չէին կատարում: Յուրաքանչյուր դեպքում ստիպված ենք եղել հարկադիր կատարողների որոշումները վիճարկել վարչական դատարանում: Վաչական դատարանը միշտ որոշում է կայացրել հարկադիր կատարողների որոշումների անօրինական լինելու մասին»,- ասաց Արթուր Գրիգորյանը:

2008թ. Երևանի քաղաքապետը որոշել է վճռի հիման վրա Լյուբով Փիլոյանին հատկացված հողամասն ուղղակի վաճառքով օտարել «Սոգլասիե Արմենիա» ՍՊԸ-ին: Այս անգամ արդեն ՀՀ վարչական դատարանը 2013թ. հուլիսի վճռով Լյուբով Փիլոյանի հայցը մերժել է՝ որոշելով, որ կնոջը փոխհատուցում չպիտի տրվի:

Գրիգորյանը հավելեց, որ «Սոգլասիե Արմենիա» ՍՊԸ-ն կապված է ռուսաստանաբնակ հայազգի գործարար Արա Աբրահամյանի ընտանիքին: «Մեզ մոտ պետական շահը և կառուցապատողի շահերը, տվյալ դեպքում «Սոգլասիե Արմենիա»-ի շահերը, նկատի են ունեցվում որպես նույն շահեր: Այսօր դատարանները արդեն անզոր են «Սոգլասիե Արմենիա»-ի դեմ վճիռ կայացնել»,- ասաց Արթուր Գրիգորյանը:

Քննարկմանը ընթացքում «Սոգլասիե Արմենիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Աբրահամյանը պնդեց, որ ՍՊԸ-ն երբևէ չի եղել իրացնող կազմակերպություն և որևէ քաղաքացու հետ պայմանագիր չի կնքել: Իրացնող է եղել Երևանի քաղաքապետարանը: Տարածքը «Սոգլասիե Արմենիա»-ն 2008թ. ձեռք է բերել ՀՀ-ից և իրականացրել կառուցապատման աշխատանքներ:

«Ես անձամբ չեմ գտնում, որ դատական համակարգում սխալներ են թույլ տրված: Կոնկրետ Արամի 38-ի հետ կապված գործընթացը կանոնակարգված էր ՀՀ օրենսդրությամբ: Մեծ կասկածներ ունեմ, որ սա ՄԻԵԴ կհասնի»,- արձագանքեց Աբրահամյանը:

«Իմ ունեցվածքը վաճառել են օլիգարխի, իսկ քաղաքապետարանը օժանդակել է դրան»,- վրդովված բղավեց Լյուբով Փիլոյանը, ով ներկա էր քննարկմանը:

Քննարկման մյուս բանախոսը՝ «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը նշեց, որ «Սոգլասիե Արմենիա»-ի ջանքերով ոչնչացվել են Արամի 34, 36 պատմամշակութային շենքերը, իսկ Արամի 38 հասցեում՝ վիճարկվող հասցեում, գտնվում էր Ստեփան Շահումյանի տունը:

Նախորդ հոդվածը‘Ս. Աբրահամյան. Կոռուպցիայի կնքահայր կառավարությունը չի պատասխանել Կոնգրեսի հարցապնդմանը’
Հաջորդ հոդվածը‘Բուլղարիան Թուրքիայից սահմանազատվում է փշալարերի երեքմետրանոց պատով’