‘Հանրապետական Գալուստի նման «բեզպիծիմինուտ» Վանգա չեմ, բայց վստահ էի, որ հենց այսպես էլ լինելու է’

1817

Հայաստանի հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցից հետո մի կաթիլ անգամ չեմ կասկածել, թե ովքեր են իրենց «տոտիկները տափովը տալու» հանուն Հայ ազգային կոնգրեսի` ներկայիս կառույցի պահպանման եւ ընդդեմ «Հայ ազգային կոնգրես» անվամբ կուսակցության ստեղծման: Հանրապետական Գալուստի նման «բեզպիծիմինուտ» Վանգա չեմ, բայց վստահ էի, որ Կոնգրեսը «կորցնելու» անտանելի կսկիծից իրենց մազերը փետելու են միշիկական լրատվամիջոցները, որոնք այնպես են տարածել իրենց մետաստազները, որ քայլելիս, Օմար Խայամի հանրահայտ խորհրդին ընդառաջ, պետք է ոտքդ զգույշ դնես հողին, որովհետեւ ո՞վ իմանա` որ միշուլիկի լեզուն ես տրորում դու հիմի: Վստահ էի նաեւ, որ սրտի ծակոցներից կապտելու են այս նույն միշիկական լրատվամիջոցներում «տնվոր» դարձած նախկին կոնգրեսականները եւ դեռեւս Կոնգրեսում իրենց «պատմական առաքելությունը» չավարտած ոմանք, որոնք ոչինչ չխնայեցին, նույնիսկ իրենց նախկին բարի անունը (եթե ունեին)` Կոնգրեսը պառակտելու համար: Գիտեի, որ ամենաբարձր ճիչ-աղաղակը դուրս է հորդալու այն քունջուպուճախներից, որտեղ գլուխները յոլա են տանում մեկուկես հոգանոց կամ մի քիչ ավելի` յոթուկես հոգանոց կամ իրենց թեթեւ ձեռքով նախկինում հզոր կուսակցությունը բիզնես-գրասենյակ դարձնող «մենձ-մենձ լիդերները», որոնց ամենակարողության մասին հայտնի է իրենց, մեկ էլ… էլի իրենց:

Եվ ի՞նչ են ասում սրանք: Ասում են` պետք է պահպանել Հայ ազգային կոնգրեսը, մենք ամեն ինչ կանենք, որ պահպանվի, մենք… Ովքե՞ր են այդ մենք-երը եւ ի՞նչն են ուզում պահպանել: Չեմ ուզում կրկին հարցնել` որտե՞ղ էին այդ մենք-երն այն ժամանակ, երբ դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեծ քաղաքականություն չէր վերադարձել եւ Հայ ազգային կոնգրեսի հիմնաքարը չէր դրել: Բոլորն էլ հիշում են, նույնիսկ` այդ նույն մենք-երը, որ այդ տարիներին իրենց գրասենյակներում նստած՝ գոյություն էին քարշ տալիս: Ոմանք էլ, այո, ժամանակ առ ժամանակ ընդվզում էին: Մի քիչ ավել-մի քիչ պակաս, որքան, օրինակ, ընդվզում են փոքրիկ ակցիաների մասնակիցները: Սա մեղադրանք չէ: Գուցե ուզում էին ավելին անել, ուզում էին, որ ողջ հայ ժողովուրդը ոտքի կանգնի եւ միանա իրենց պայքարին: Ես էլ եմ ուզում: Ուզում եմ հենց վաղը վեր կենալ, բարձրախոսն առնել ձեռքս, դուրս գալ փողոց եւ ողջ հայ ժողովրդին հավաքել Ազատության հրապարակում ու կոչ անել` հանցագործ իշխանությանը գահընկեց անել: Հետո՞ ինչ, որ ուզում եմ: Ես ուզում եմ նաեւ Հրանտ Մաթեւոսյանի նման մեծ գրող դառնալ: Եթե ուզենալով լինե՜ր…

Եւ ուրեմն` ովքե՞ր են ուզում Կոնգրեսը պահպանել ներկա կարգավիճակով. հենց նրանք, ովքեր ասում են` Կոնգրեսի անունն է մնացել, այլեւս Շարժումը մեռած է: Եթե այս մարդիկ, իրոք, ուզում են, որ Կոնգրեսը պահպանվի, տարրական տրամաբանությունը հուշում է, չէ՞, որ թուլացած Շարժումը (հենց այս աղմկողների անմիջական ջանքերով) պետք է ելք փնտրի կրկին ուժեղանալու համար, եւ այս իրավիճակում լավագույն ելքը որեւէ լծակով չկանոնակարգվող կառույցի կատարելագործումն է: Թե՞ այսպես լավ է. ով ուզենա` խելքին փչած մեղադրանքը ներկայացնի Կոնգրեսին, եսիմ որտեղից պեղած` ձայնագրիչներով զինված աչիկոներ գտնի ու նրանց «բարձր հովանու ներքո» դեբոշներ սարքի Կոնգրեսի մատույցներում: Եթե Կոնգրեսը թուլացել է, ինչպես պնդում են այս «ուժեղները», եթե էլ առաջվանը չէ, նստենք ու կողքից նայե՞նք, թե ինչպես` ինչքան չկայացած «լիդեր» կա, ոնց է իշխանական լրատվամիջոցներում Կոնգրեսին քննադատելու հաշվին ինքնահաստատվում, ոնց է իր, այսպես կոչված, «վետոյի» իրավունքով կասեցնում Կոնգրեսի ընթացքը: Եթե այս մարդիկ ուզում են, որ Կոնգրեսը պահպանվի, ի՞նչն է խանգարում իրենց, որ ողջունեն այս կառույցը փրկելու փորձը: Չէ՞ որ հենց սրանք էին օրուգիշեր գուժում, թե ուր որ է` Կոնգրեսն անհետանալու է երկրի երեսից: Դե, թողեք, փրկվի, չանհետանա, ինչի՞ եք վայնասուն գցել:

Չէ, չեն կարող չաղմկել: Խանգարում է մի պարզ բան. իրենք չեն ուզում՝ Կոնգրեսը պահպանվի, ուզում են՝ ավելի թուլանա: Որովհետեւ չստացան այն, ինչ ակնկալում էին Կոնգրես մտնելիս:Նրանք միացել էին պայքարին մի չափազանց «ազնիվ» նպատակով. ահա կգա Լեւոն Տեր-Պետրոսյանը, կարճ ժամանակում իշխանափոխություն կլինի, եւ քանի որ իրենք էլ էին ծվարել Առաջին նախագահի թեւի տակ, այդ իշխանությունից մի բան էլ իրենց կհասնի: Չստացվեց. պայքարը երկարում է: Դե, իրենք էլ մի անգամ են ծնվել, մի անգամ են ապրելու, հիմա էլ այլ տեղերում են բախտ որոնում: Իսկ որտեղից որ ակնկալիքներ ունեն, սրանց պահանջն էլ Կոնգրեսը ոչնչացնելն է մինչեւ վերջ: Կոնգրեսից հույսները կտրածներն էլ փորձում են ոչնչացնել` «պահպանելու» մասին ճոռոմ տեքստեր արտասանելով: Հակառակ դեպքում` ի՞նչն է սրանց պահում Կոնգրեսում: Թուլացել է, էլ չկա: Դուք էլ անասելի հիասթափվել եք: Ուրեմն գնացեք ձեր ուժեղ կուսակցություններին տիրություն արեք, ձեր «հուժկու, աննախադեպ» պայմանագրերը կնքեք, հո դուք էլ մեզ՝ անկուսակցականներիս պես «անտուն» չե՞ք…

Տրամաբանությունը հուշում էր, որ ամենաշատը պետք է դժգոհեին ինձ նման երդվյալ անկուսակցականները: Այս կողմերից դժգոհություն, կարծես, չհնչեց: Հակառակը` բազմաթիվ անկուսակցականներ, հանուն Կոնգրեսի պահպանման, «երդմնախախտ» եղան: Բոլորովին չզարմացա: Վստահ էի, որ այսպես էլ լինելու է: Որովհետեւ, ի տարբերություն ճոռոմաբանողների, այս մարդիկ, իրոք, պայքարի են ելել ավազակապետության դեմ, իսկ ավազակապետությունը, թեկուզեւ դողացող ոտքերի վրա, դեռ կանգուն է: Նշանակում է` պայքարը շարունակվում է: Պայքարի ջահակիրը կուսակցություն կլինի, թե ներկա կարգավիճակի կառույց, պայքարողների համար այնքան էլ էական չէ, կարեւորը` պայքարենք: Իսկ մենք պայքարելու ենք: Մինչեւ վերջ: Ի ցավ նրանց, ովքեր «Կոնգրես» պոռալով` զբաղված են այդ նույն Կոնգրեսի հիմքերը քանդելով: Չի ստացվի: Գնացեք ձեր կոտրած տաշտակները նորոգեք:

Լիզա Ճաղարյան

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը մասնակցել է Արցախյան շարժման 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված հանրահավաքին’
Հաջորդ հոդվածը‘Պետեր Շմեյխել. «Մանչեսթեր Յունայթեդի» համար «Ռեալն» ավելի հարմար մրցակից է, քան «Շախտյորը»’