‘
Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը զուրկ է ուժեղ բնավորությունից, բարոյական արժեքներից և փորձառությունից՝ երկրի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու համար: Նա կարող է դառնալ ԱՄՆ-ի պատմության «ամենաանխոհեմ» նախագահը, բաց նամակում նախազգուշացրել են Հանրապետական կուսակցության 50 երևելի անդամներ, որոնք պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել հատուկ ծառայություններում և ԱՄՆ վարչակազմում:
«Նա հիմնարար գիտելիքներ և հավատ չունի ԱՄՆ սահմանադրության, օրենսդրության և այնպիսի ինստիտուտների վերաբերյալ, ինչպիսիք են կրոնական հանդուրժողականությունը, մամուլի ազատությունը և դատավարության անկախությունը»,- ասված է նամակում, որը հրապարակվել է New York Times-ում:
Ազդեցիկ հանրապետականների կարծիքով՝ «Թրամփը սպառնալիքի տակ կդնի ԱՄՆ ազգային անվտանգությունը և բարեկեցությունը»:
Նամակն ստորագրած անձանց թվում են՝ ԿՀՎ նախկին ղեկավար Մայքլ Հայդենը, Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջոն Նեգրոպոնտեն, Համաշխարհային բանկի նախկին ղեկավար Ռոբերտ Զելլիկը, ներքին անվտանգության նախկին նախարարներ Թոմ Ռիջը և Մայքլ Չերթոֆֆը:
Ի պատասխան՝ Թրամփը նամակի տակ իրենց ստորագրությունը դրած անձանց անվանել է «ձախողված վաշինգտոնյան վերնախավ, որը փորձում է պահել իշխանությունը»:
Փոխանցում է BBC-ն:
‘