‘Հանրաքվեի հետքերով. Թիրախում նաեւ լրագրողներն էին’

2183

2015 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի ունեցավ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Ու մինչ իշխանությունները հավաստիացնում էին, թե այն անցել է գրեթե «ֆանտաստիկ», իսկ որոշ հանրապետականներ էլ պնդում էին, թե խախտումներ ոչ միայն չեն եղել, այլեւ դրանց մասին պնդողների աչքին է երեւացել, իրականությունն այլ է: Ընդ որում, ինչպես եւ սպասվում էր, քվեարկության օրը հանրապետականների գլխավոր թիրախների թվում էին նաեւ լրագրողները: 

Հանրաքվեին հետևել են մի շարք միջազգային դիտորդներ, և լուսաբանել են մեծ թվով լրատվամիջոցներ: Հանրաքվեն լուսաբանող դիտորդական առաքելություններ իրականացնող տեղական կազմակերպությունները 18-ն էին, միջազգային կազմակերպությունների թիվը 6-ն էր:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ներկայացրել է շուրջ 1000 դիտորդ ու ԶԼՄ ներկայացուցիչ, որոնք, գրեթե 18 ժամ աշխատելով ընտրատեղամասերում, բացահայտել են շուրջ 800 ընտրախախտում, արդյունքում՝ հանրաքվեի ընտրատարածքային և կենտրոնական հանձնաժողովներ է  ուղարկվել շուրջ 150-200 դիմում/բողոք:
Հանրաքվեից հետո արձանագրված հարյուրավոր ընտրախախտումների փաստերի հետ կապված՝ չուշացան նաեւ միջազգային հեղինակավոր կառույցների արձագանքները:

Մասնավորապես, ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտահոգություն է հայտնել Հայաստանում դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն լուսաբանող լրագրողների նկատմամբ սպառնալիքների և նրանց աշխատանքը խոչընդոտելու դեպքերի առնչությամբ: Միյատովիչը մասնավորապես մատնանշել է iLur.am կայքի լրագրող Ռաֆայել Աֆրիկյանի, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանի և Hetq.am-ի լրագրող Դիանա Ղազարյանի նկատմամբ հարձակման և վիրավորանքների դեպքերը` նշելով, որ համաձայն հաղորդումների` ՀՀ դատախազությունն ու ոստիկանությունը որոշ միջադեպերի հետքաննություն են սկսել:

«Ես իշխանություններին կոչ են անում լիարժեք հետաքննել բոլոր, ներառյալ` լրագրողների իրավունքների խախտման միջադեպերը: Լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնության անպատժելիությունը չի կարելի հանդուրժել»,- ասել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը` շեշտելով լրագրողների` հանրային միջոցառումները ազատ և անվտանգ լուսաբանելու իրավունքը:

Բռնի գործողություն էր կատարվել նաև ՍիվիլՆեթի լրագրողի հանդեպ, որը Երևանի կենտրոնի ընտրատեղամասերից մեկում նկատելով մարդկային կուտակումներ՝ հարցեր էր ուղղել հանձնաժողովի նախագահին: Վերջինս նյարդայնացած՝ հարվածել էր տեսախցիկին:

Մեկ այլ լրատվամիջոց` Media.am-ն, ներկայացրել է հանրաքվեի օրը լրագրողների աշխատանքին  խոչընդոտած և նրանց հանդեպ բռնություն կիրառված դեպքերը, որոնք ներկայացնում ենք ստորեւ.

1.Երեւանի 10/20 տեղամասում ՀՀԿ վստահված անձը կոտրել է iLur.am-ի թղթակից Ռաֆայել Աֆրիկյանի ֆոտոխցիկը:

2.Երեւանի 6/22 տեղամասում սպառնացել են iLur.am-ի լրագրող Սերգեյ Տոնոյանին:

3.Բերման են ենթարկել Չարենցավանի 26/16 ընտրատեղամասում գտնվող լրագրող Սոնա Թադևոսյանին, որը ներկայացրել է լրագրողների «Ասպարեզ» ակումբը:

4. Երևանի 10/18 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը հարվածել է «Սիվիլնեթ»-ի տեսախցիկին եւ թույլ չի տվել նկարահանումներ կատարել:

5. Մի տղամարդ հարվածել է «Լրագրի» լրագրող Թեհմինե Ենոքյանի տեսախցիկին եւ պահանջել չնկարահանել իրեն:

6. ՀՀԿ վստահված անձը խլել է «Հետք»-ի թղթակից Դիանա Ղազարյանի համակարգիչը:

7. Արաբկիրի 5/28 ընտրատեղամասում ՀՀԿ վստահված անձ Արթուր Հայկազի Խուրշուդյանը ներս է մտել, մոտեցել «Հետքի» թղթակցին, գոռացել. «Հերիք չի էստեղ էդքան բզբզաք Հետքից»: Արթուր Խուրշուդյանը խլել է «Հետքի» թղթակից Դիանա Ղազարյանի համակարգիչը, որտեղ լրագրողը գրում էր հերթական լուրը, նաև բաց էր նրա ֆեյսբուքյան էջը:Մինչ լրագրողը փորձել է նկարահանել սպառնացող և համակարգիչը խլած անձին, նա հեռացել է տեղամասից՝ տանելով իր հետ համակարգիչը:

8. «Ազատություն» ռադիոկայանի մեկ այլ լրագրողի՝ Սիսակ Գաբրիելյանի տեսախցիկը քաշքշել են, երբ նա նկարահանել է, թե ինչպես են երթուղայինում 10 հազարական դրամ բաժանում քաղաքացիներին:

9.«Այո»-ի շտաբի մոտ ՀՀԿ անդամ ներկայացող մի կին քաշքշել է լրագրողին, «Թու, թքեմ երեսիդ» բացականչելով` պահանջել չնկարահանել եւ հեռանալ դեպքի վայրից:

10. «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանի աշխատանքը երկու անգամ խոչընդոտվել է Արաբկիրում գտնվող «Այո»-ի շտաբի մոտ: Լրագրողին մոտեցել է մի տղամարդ եւ պահանջել, որ նա անջատի տեսախցիկը, տա իրեն հիշողության քարտը եւ հեռանա:

11. Երեւանի 6/9 ընտրատեղամասում ՀՀԿ-ի վստահված անձը գոռացել է Tert.am-ի լրագրող Լիանա Առաքելյանի վրա՝ ասելով՝ «Ի՞նչ կա ստեղ՝ նկարում ես»:

Հանրաքվեի օրը Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է 67 ահազանգ, որոնցից 15-ը լրագրողների աշխատանքը խոչընդոտելու կամ բռնություն կիրառելու դեպքեր են: Այս և այլ դեպքերի տեսաձայնագրությունները ներկայացված են ՄԻՊ-ի պաշտոնական կայքէջում:

«Երեկվա հանրաքվեի քվեարկության ընթացքում եղել են լցոնումներ, դիտորդների նկատմամբ աննախադեպ ճնշումներ, բացակա ընտրողների փոխարեն քվեարկություններ, լրագրողների նկատմամբ ճնշումներ, քաղաքացիների նկատմամբ ուղղորդված տեղափոխում տեղամասից տեղամաս: Դրանք այն հիմնական խախտումներ էին, որոնք մենք արձանագրեցինք»,- քվեարկությունից հետո հայտարարել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Դեմոկրատական ընտրությունների եվրոպական պլատֆորմի (EPDE) ներկայացուցիչ Լենե Վեթելանդն էլ շեշտել է, որ դիտորդների նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրվել երեկ ողջ օրվա ընթացքում: «Մենք հիասթափված ենք ինչպես քարոզարշավից, այնպես էլ բուն հանրաքվեից: Հանրապետական կուսակցությունը ճնշում է գործադրել ինչպես քվեարկողների, այնպես էլ լրագրողների վրա», — հայտարարել է նա:

Թրանսփարենսի ինթերնեշնլ կազմակերպությունը արձանագրել է շուրջ 227 խախտում,  որոնցից առավել հաճախ պատահող խախտումներն էին դիտորդների, ԶԼՄ-ների, վստահված անձի կամ հանձնաժողովի անդամների իրավունքների խախտումները՝ 53.6%:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքի խոչընդոտման 13 դեպք։

1.Անուշ Մկրտչյան — «Ազատություն» ռադիոկայան
2.Տաթեւ Այվազյան — «Shabat.am»
3.Սիսակ Գաբրիելյան- «Ազատություն» ռադիոկայան
4.Դիանա Ղազարյան — «Հետք»
5.Թեհմինե Ենոքյան — «Lragir.am»
6.Քրիստինե Սոլոյան (լրագրող), Դավիթ Ավետիսյան (օպերատոր)- «ՍիվիլՆեթ»
7.Մկրտիչ Կարապետյան — «Հայկական ժամանակ»
8.Սերգեյ Տոնոյան — «iLur.am»
9.Գրետելլա Սադոյան — «iLur.am»
10.Մեկ ընտրատեղամասում խոչընդոտվել է միաժամանակ երեք լրագրողի՝ Անի Արամիի («Newsbook.am»), Վահե Մակարյանի («Hraparak.am») եւ iLur.am-ի թղթակցի աշխատանքը։
11.Սոնա Թադևոսյան- «Ասպարեզ» կայք
12. 9/11 տեղամասում հանձնաժողովի նախագահը ստիպել է դուրս հանել մի քանի լրագրողների, չնայած այն հանգամանքին, որ նրանք իրենց վկայականներով պատշաճ ներկայացել են տեղամասի հանձնաժողով եւ գրանցվել այնտեղ: Հանձնաժողովի նախագահը պատճառաբանել է, թե այդտեղ ԶԼՄ ներկայացուցիչ լինելու համար պարտավոր են նախագահականում հավատարմագրվել:
13. Ռաֆայել Աֆրիկյան — «iLur.am»:

«Դեկտեմբերի 6-ին ֆիզիկական բռնության են ենթարկվել մասնագիտական աշխատանքը կատարող երկու լրագրողներ՝ Ռաֆայել Աֆրիկյան («iLur.am») եւ Նազիկ Արմենակյան («Armenianow.com»): Մեր ունեցած տվյալներով՝ քրեական գործ է հարուցվել Ռաֆայել Աֆրիկյանի և «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանի դեպքերով»,- մեզ հետ զրույցում ասաց կոմիտեի աշխատակից Լիլիթ Հովհաննիսյանը:

Դեկտեմբերի 14-ին ոստիկանությունում մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվել են դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի ընթացքում արձանագրված ընտրախախտումները: ԶԼՄ-ներից, հասարակական կազմակերպություններից և քաղաքացիներից ստացվել է տարբեր բնույթի 452 տեղեկատվություն: Մասնավորապես, քարոզչության ընթացքում՝ 25, քվեարկության օրը և դրանից հետո՝427:

Զանգվածային լրատվական միջոցներից ստացվել է 314 զանգ:
Արձանագրել են ԶԼՄ ներկայացուցիչի, հանձնաժողովի, վստահված անձի կամ դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտող 98 դեպք:

Հիշելով հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում կատարվածը, երբ ֆիզիկական բռնություն կիրառվեց, և նյութական վնաս հասցվեց ավելի քան 20 լրագրողի, սակայն մինչև այսօր ոչ ոք այդպես էլ չպատժվեց, արդեն կատարված փաստ համարվող հանրաքվեի ընթացքում տեղի ունեցածի հետևանքների հաշվով լավատեսությամբ լցվել հազիվ թե կարելի լինի: Թե ի՞նչ արդյունք կտան հարուցված գործերը, եւ արդյո՞ք դրանք ինչ-որ բան կփոխեն՝ դժվար է ասել, սակայն մենք հետեւողականորեն շարունակելու ենք հետեւել դրանց ընթացքին:

Ռաֆայել Աֆրիկյան 

Նյութը պատրաստվել է «Ազատ լրագրության ֆորում» ՀԿ պաատվերով 

Նախորդ հոդվածը‘ԱԳՆ. Հարձակվել են, բայց չեն կոտրել’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի ցավակցականը Դանիել Մարիկյանի մահվան առիթով’