‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անցած հանգստյան օրերին երեք մարզերում տեղի ունեցան տեղական հանրաքվեներ՝ համայնքների խոշորացման հարցով:
Հանրաքվեի արդյունքները իշխանությունների համար ավելի վատն էին, քան նրանք կարող էին սպասել: Եթե Սյունիքի մարզում, բոլորս էլ գիտենք, թե ինչպես, բոլոր տեղամասերից ստացվել էր «այո խոշորացմանը» պատասխանը, ապա Լոռիի եւ Տավուշի մարզերում, բացառությամբ մի երկու գյուղերի, մեծ մասը «ոչ» էր ասել խոշորացմանը:
Ընդ որում, ինչպես գիտենք, տեղական հանրաքվեների դեպքում արդյունքները հաշվում են առանձին-առանձին, ինչպես նաեւ՝ արդյունքը «դրական» է համարվում, եթե «այո» քվեարկածների թիվը ընտրացուցակներում գրանցվածների 1/3-ից ավելին է:
Բայց վերջին հանրաքվեի ժամանակ ավելի ուշագրավ նրբություններ բացահայտվեցին: Բանն այն է, որ ըստ այդ արդյունքների՝ մենք ոչ միայն քվեարկությանը մասնակցածների «ոչ»-ն ունենք, որոնք, ի դեպ, մեծ թիվ էին կազմում, այլեւ բոլոր նրանց «ոչ»-երը, ովքեր չեն մասնակցել քվեարկությանը: Կոպիտ ասած՝ բոյկոտել են այն: Իհարկե, կարելի է ասել, որ արտագնա աշխատողների թվի և արտագաղթի տեմպերի անընդհատ աճի պայմաններում՝ ընտրացուցակներում գրանցվածների մի զգալի մաս Հայաստանում չէր: Բայց, ամեն դեպքում, բացակաների թիվը չէր կարող այնքան մեծ լինել, որ մասնակցության թիվն այդքան ցածր լիներ: Ակնհայտ էր, որ հազարավոր մարդիկ պարզապես միտումնավոր բոյկոտել են հանրաքվեն՝ այդ եղանակով նաեւ իրենց «ոչ»-ն ասելով իշխանություններին:
Այնպես որ, տեղական հանրաքվեների արդյունքներով՝ իշխանություններին «ոչ» ասածների թիվն ավելի մեծ էր, քան ԿԸՀ ներկայացրած պաշտոնական թվերը:
Հիշեցնենք նաեւ, որ միայն Կոնգրեսն էր, որ այս հարցում ցուցաբերեց սկզբունքային մոտեցում՝ ինչպես դիրքորոշման, այնպես էլ՝ գործի առումով:
Հ.Գ. Լոռին եւ Տավուշը հիմնականում մերժել են հանրաքվեն: «Այո» ասել են միայն Տավուշից Աղավնավանք եւ Խաչարձան համայնքները, Լոռու մարզից՝ միայն Թումանյանը:
Համայնքների խոշորացման գաղափարը մերժել են Տավուշի մարզի Գոշ, Թեղուտ, Հաղարծին, Հովք եւ Դիլիջան համայնքները, Լոռիի մարզի Աթան, Ահնիձոր, Լորուտ, Մարց, Շամուտ եւ Քարինջ համայնքները:
‘