‘ՀԱՊԿ պաշտպանության նախարարները Մոսկվայում քննարկել են «գունավոր հեղափոխություններին» հակազդման հարցեր’

1328

Հունիսի 10-ին Մոսկվայում ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի մասնակիցները պայմանավորվել են կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման շուրջ: Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, այդ մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Նրա ասելով, նիստի ընթացքում կարծիքներ են փոխանակվել ռազմաստրատեգիական իրադրության և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակի շուրջ, որը պայմանավորված է նաև ընդհանուր միջազգային միտումների զարգացմամբ և վերջին ամիսներին հարևան տարածաշրջաններում տեղի ունեցող իրադարձություններով: Քննարկվել են նաև ՀԱՊԿ ձևաչափով ռազմական համագործակցության հարցեր, նախանշվել են կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացմանն ուղղված հետագա աշխատանքի ուղղությունները:

ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները Մոսկվայում քննարկել են կազմակերպության մասնակից երկրների փոխադարձ աջակցության հնարավոր միջոցները արտաքին սպառնալիքների, ինչպես նաև քաղաքական և տնտեսական ճնշման մեծացման դեպքում: ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արկադի Բախինի ասելով, քննարկվել է իրադրությունն Աֆղանստանում, Սիրիայում և Ուկրաինայում:

«Մենք չէինք կարող մտահոգություն չհայտնել «գունավոր հեղափոխությունների»` խնդիրների առնչությամբ, որն արդեն իրենց վրա կրել են Մերձավոր արևելքի, Աֆրիկայի հյուսիսի շատ պետություններ և մեր հարևանները նախկին ԽՍՀՄ տարածքում: «Գունավոր հեղափոխությունները» դառնում են քաղաքական լանդշաֆտի ապակայունացման էական գործոն», — ընդգծել է Բախինը: Նրա ասելով, առանձին պետությունների սոցիալ-տնտեսական  քաղաքական խնդիրները հաճախ արտաքին ուժերի կողմից օգտագործվում են անցանկալի կառավարություններն արտասահմանից վերահսկվող վարչակազմերով փոխարինելու համար:

Նիստին մասնակցել են ՀԱՊԿ անդամ երկրների` Հայաստանի,  Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ռազմական գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարության ու միավորված շտաբի և Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչներ:

Նախորդ հոդվածը‘ԱԺ նիստ (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Կլոզեն դարձել է Գերմանիայի հավաքականի լավագույն ռմբարկու’