‘Հաջորդը կլինի Կառավարության շենքը՝ իր ողջ անձնակազմով ‘

2917

«ԱԳՆ-ի շենքի վաճառքից հետո հաջորդը լինելու է կառավարությունը՝ իր ողջ կազմով, հետո Մատենադարանն ու Օպերայի շենքը, իսկ գինը ոչ թե որոշելու է կառավարությունը, այլ գնորդը», — ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ համոզմունք հայտնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը՝ մեկնաբանելով ԱԳՆ-ի վաճառքը, միևնույն ժամանակ հայտնելով իր վրդովմունքն առ այն, որ «այս մարդիկ չունեն արժեքային համակարգ»:
Նրա փոխանցմամբ՝ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը դեռևս չի քննարկել Գյումրիում և Ավանում դեկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններին իր մասնակցությունը:

Լրագրողի այն հարցին՝ արդյոք ճի՞շտ է շրջանառվող այն լուրը, թե Գագիկ Ծառուկյանը արտասահմանում հույժ գաղտնի պայմաններում հանդիպել է ՀԱԿ խմբակցության անդամներից մեկի հետ, ամենայն հավանականությամբ՝ Լևոն Զուրաբյանի, ով գործուղման է մեկնել արտասահման, Մանուկյանը պատասխանեց.

«Լևոն Տեր-Պետրոսյանը գտնվում է Երևանում, իր հետ հանդիպել եմ օրերս, իսկ ինչ վերաբերում է հույժ գաղտնի հանդիպման, ապա մենք այստեղ հանդիպելու համար որևէ բարդույթ չունենք, ի՞նչ կարիք կա հանդիպել դրսում: Սա պարզապես սարքած հեքիաթ է»:
Վերջինս ադրադարձավ նաև խմբակցության կողմից ծառայողական մեքենաներից հրաժարվելու փաստին՝ նշելով, որ նման թանկարժեք մեքենաների փոխարեն կարելի է գնել տեխնիկա կամ օգտագործել այդ միջոցները այլ խնդիրների լուծման համար:
Արամ Մանուկյանի վստահեցմամբ՝ խմբակցությունը հետամուտ է նաև ԱԺ նիստերը հեռուստաեթերում ամբողջությամբ հեռարձակելու հարցին:

Մեկնաբանելով Ռուբեն Հակոբյանի խոսքը՝ թե կյանքը բումերանգ է, իսկ 1996 թվականի ՀՀՇ-ի կողմից ընդդիմադիրներին պատգամավորական մանդատներից զրկելը 2008 թվականին շրջվեց հենց ՀՀՇ-ի դեմ, Արամ Մանուկյանը պատասխանեց.
«Եթե կյանքը բումերանգ է, ապա այդ բումերանգը պիտի շրջվի հենց Ռուբեն Հակոբյանի դեմ: Չեմ ուզում այս պայմաններում ընդդիմադիրների հետ որոշակի բաներ քննարկել, թեև իմ կարծիքով՝ «Ժառանգությունը» ստրատեգիալ սխալներ է գործում», — ամփոփեց Արամ Մանուկյանը:

Նախորդ հոդվածը‘Թունիսում 87 մարդու նկատմամբ կարող է մահապատիժ կիրառվել’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո. Բալոտելիի մասին կարող եմ զվարճալի գիրք գրել’